Առաջարկվել է օտարերկրացիներին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել 50 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում
18-07-2017 14:31:47 | Ռուսաստան | Հասարակություն
Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը հանդես է եկել առաջարկությամբ, համաձայն որի` Ռուսաստանի քաղաքացիություն պետք է տալ այն բոլոր օտարերկրացիներին, ովքեր ձեռք կբերեն 50 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույք:
Gazeta-ի փոխանցմամբ` Պետրովը վերոնշյալ իր առաջարկությունն ուղարկել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Նախագծի հեղինակը Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու ներկայիս գործընթացը որակել է չափազանց բյուրոկրատացված: Նրա կարծիքով` անշարժ գույքի դիմաց ռուսական անձնագրի ավտոմատ տրամադրումը պարզեցնելու է այդ գործընթացը, ինչպես նաև մեծացնելու է Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունը` այդ երկիր բերելով նոր քաղաքացիների:
Պետրովը նաև ընդգծել է, որ նոր նախագծով Ռուսաստանի քաղաքացիության հավակնություն ունեցող անձը պետք է ապացուցի, որ անշարժ գույքի գնման համար անհրաժեշտ իր գումարներն ունեն օրինական ծագում:
Նա միաժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ անշարժ գույքի գնման մասին է խոսքը:
Նշվում է, որ ներկա պահին Պետրովի առաջարկությունը ձևակերպված չէ որպես օրենքի նախագիծ: