ԱՀՀ Շախմատային ֆեդերացիան առցանց բաց մրցաշար է անցկացրել աշխարհասփյուռ հայ շախմատասերների մասնակցությամբ (տեսանյութ)

ԱՀՀ Շախմատային ֆեդերացիան առցանց բաց մրցաշար է անցկացրել աշխարհասփյուռ հայ շախմատասերների մասնակցությամբ (տեսանյութ)

  • 20-07-2017 15:04:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մոտ մեկ ամիս առաջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության (ԱՀՀ) ազգային խորհրդարանում որոշում է կայացվել ստեղծել Շախմատային ֆեդերացիա: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ նախագահ Ռադիկ Խամոյանը՝ շնորհավորելով համայն հայությանը Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ:  
 
Ըստ նրա՝ շախմատի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը հայ ժողովրդի գենի մեջ է: 
«Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պետությունը պետք է ունենա սպորտային կառույցներ, համապատասխան ֆեդերացիներ, որոնցից առաջինը Շախմատային ֆեդերացիան է»,- նշեց Ռ. Խամոյանը՝ հավելելով, որ ֆեդերացիայի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի ԱՀՀ-ն ևս հնարավորություն ունենա միանալ աշխարհի շախմատասերների մեծ բազմությանը: 
 
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի պատասխանատու Վահան Բաբախանյանի տեղեկացմամբ՝ դեռևս երեք տարի առաջ Շախմատի միջազգային ֆեդերացիան հնարավորություն է ստեղծել աշխարհի բոլոր շախմատասերներին մասնակցել շախմատի առցանց մրցաշարերին կայքի միջոցով: 
 
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Վ. Բաբախանյանը դիմել է ԱՀՀ-ին, որպեսզի համատեղ կազմակերպեն համացանցում շախմատի բաց առաջնություն՝ աշխարհասփյուռ հայերի մասնակցությամբ: 
 
ԱՀՀ Շախմատային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ երեք ոչ մեծ փորձնական մրցաշարեր անցկացնելուց հետո, հուլիսի 15-16-ն իրականացրել են առցանց շախմատի մրցաշար՝ աշխարհի տարբեր երկրներից շուրջ 40 շախմատիստների մասնակցությամբ:
 
«Ամենակրտսեր մասնակիցը Երևանից 12 տարեկան Հրանտն է, ով երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ ամենատարեց մասնակիցը Մոսկվայից 76-ամյա Ալբերտ Հակոբյանն է, ով դարձավ մրցաշարի հաղթող»,- ընդգծեց Վ. Բաբախանյանը՝ հավելելով, որ ԱՀՀ Շախմատային ֆեդերացիան առայժմ նմանատիպ առցանց մրցաշարերի միջոցով փորձում է մեկտեղել աշխարհասփյուռ հայության ներուժն այս ոլորտում, որպեսզի հետագայում նույն մրցաշարերի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը կարողանան մրցել նաև օտարազգիների հետ:  
 
Նրա համոզմամբ՝  հայկական բրենդը ոչ թե կոնյակն է, այլ շախմատը. «Կոնյակով աշխարհում մեզ չեն ընդունում, իսկ շախմատով ընդունում են»:  
Բանախոսները հույս ունեն, որ առաջիկայում ԱՀՀ-ն կունենա շախամատի իր չեմպիոները:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն