Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը


Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը

  • 26-07-2017 08:03:15   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Տարիներ շարունակ հայ գիտնականները, մասնագետներն ու բնապահպանները տարբեր տեսանկյուններից ներկայացրել են «Lydian International»-ի (Լիդիան) Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վտանգավորությունը՝ պնդելով, որ այն չպետք է իրականացվի։ Բազմիցս նշվել է, որ այս անփորձ օֆշորային ընկերության ներկայացրած հետազոտություններն ու գնահատականներն այն մասին, որ բոլոր հնարավոր վտանգները կառավարելի են, ոչ միայն կասկած հարուցող են, այլև՝ իրականությանը չհամապատասխանող։ Խոսվել է նաև այն մասին, որ ՀՀ կառավարությունն ըստ էության չի իրականացրել սեփական մասնագիտական փորձաքննությունն, այլ ընդամենը հավատացել է Լիդիանի ներկայացրած փաստաթղթերում գրված ենթադրություններին՝ անտեսելով մնացած բոլոր առարկություններն ու անկախ մասնագետների հիմնավորումները։
Եվ ահա, հայ մասնագետներին են միացել նաև ոլորտի մի շարք միջազգային հեղինակավոր փորձագետներ, որոնք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացրել և արդեն իսկ ներկայացրել են այս ծրագրին վերաբերող մասնագիտական երեք տարբեր հետազոտությունների արդյունքները։ Այս երեք հետազոտությունների արդյունքները մեկ անգամ ևս հաստատում են տարիներ շարունակող հնչող այն պնդումը, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել, քանի որ Լիդիանի արած գնահատումները չափազանց թերի են, իսկ ՀՀ կառավարությունն ըստ էության անտեղյակ է մեր կարևորագույն ջրային պաշարներին սպառնացող անկառավարելի վտանգներին։
Դրանցից առաջինը ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության կողմից իրականացրած «Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի գնահատում. թթվային ապարների դրենաժի գոյացման պոտենցիալը և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցության գնահատականը» լայնածավալ հետազոտությունն է, որն իրականացրել են այդ ընկերության ղեկավարներ դոկտոր Անդրեա Ջերսոնը և դոկտոր Ռոջեր Սմարթը՝ «Lydian International» ընկերության պաշտոնական կայքում ներկայացված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։ Նշենք, որ նրանք միասին 45 տարվա միջազգային փորձ ունեն հանքանյութերի մշակման և թթվային ապարների դրենաժի գիտական ուսումնասիրության և մշակման ոլորտում։ Վերոնշյալ հետազոտության 125 էջանոց անգլերեն ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ դրա ամփոփագրին՝ այստեղ։
Հատկապես Հայաստանում որոշում կայացնողների, ինչպես նաև օֆշորային Լիդիանի բաժնետերերի ու վարկատուների ուշադրությանն ենք ուզում ներկայացնել այս հետազոտության հիմնական շեշտադրումներն ու եզրակացությունները։
Որպես նախաբան ավստրալացի գիտնականները նշում են, որ թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) ամբողջ աշխարհում հանդիպող ամենամեծ բնապահպանական խնդիրն է, որին առնչվում են փակված և լքված հանքերում և հանքավայրերի վերականգման ժամանակ: Այն ենթադրում է անխուսափելի պատասխանատվություն ներկայիս և հետագա հանքարդյունաբերության համար, ինչպես նաև մարտահրավեր է ներկայացնում հանքային գործունեության ընդունելիությանը բնապահպանական և սոցիալական տեսանկյունից: ԹԱԴ-ի ազդեցության տակ հայտնված վայրերի վերականգնման ընդհանուր ծախսերի հաշվարկը ԱՄՆ-ում և Կանադայում միասին կազմում է տասնյակ միլիարդավոր դոլլարներ:
Բացի այդ, ԹԱԴ-ը կարող է շարունակվել հանքը փակելուց հետո հարյուրավոր տարիներ, ուստի այն պոտենցիալ երկարաժամկետ և լուրջ ազդեցություն կունենա բնական միջավայրի, դեպի ներքև հոսող ջրերիի որակի, գյուղատնտեսության, ֆաունայի և ֆլորայի վրա: Այն կապակցված է լուծված մետաղների տեսակների հետ, որոնց մի մասը վնասակար են մարդու առողջության համար և թունավոր` բիոտայի համար (օրինակ՝ Cd, Cu, Pb, Zn, As, Hg, Se), և կարող է առաջանալ հանքի դատարկ ապարների և մշակման պոչամբարների սուլֆիդային հանքաքարերի հողմահարումից։ Երկաթի սուլֆիդի հանքային պիրիտը (FeS2), որն Ամուլսարի հանքավայրում հանդիպում է ամենուրեք, հանդիսանում է թթվային դրենաժի հիմնական պատճառը:
ԹԱԴ-ի արդյունավետ վերահսկման և մեղմացման համար թթուների արտազատման ցուցանիշները պետք է ուսումնասիրվեն նախապես: Սակայն միայն թթուների արտազատման ցուցանիշի էվոլյուցիան հասկանալու միջոցով է կարելի կիրառել արդյունավետ և երկարատև բնապահպանական կառավարման պլան: Այս ամենը Ամուլսարի ԹԱԴ-ի կառավարման պլանի մեջ պատշաճ կերպով չի կատարվել։
Փորձագետների ներկայացրած հիմնական հարցադրումներն ու մասնագիտական եզրահանգումները հետևյալներն են
1․ «Ամուլսարի տարածքը Հայաստանի խոշոր ջրային պաշարների ջրահավաք ավազանի մասն է կազմում։ Նախագծի տարածքում ստորգետնյա ջրերը սնում են աղբյուրները և լցնում հիմնական գետերը, որոնցից են Որոտանը, Արփան և Դարբը, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն ու Որոտան-Արփա-Սևան թունելը, որով ջուր է տեղափոխվում Սևանա լիճ։
2. Լիդիանը ընդունում է, որ հանքը ունենալու է ԹԱԴ, սակայն նրա հաշվետևություններում բացակայում են դրա արտազատման աղբյուրների, քանակի, ցուցանիշների կամ մեղմացման միջոցառումների մասին բավարար և վստահելի փորձարկումները: Հանքակազմի, երկրաքիմիական փորձարկումների և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա ազդեցության մոդելավորման վերաբերյալ առկա են էական հակասություններ և բացակայող ու ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Երկրաքիմիական գնահատականը և մոդելավորումը թթվագոյացման վերահսկման պլանավորման համար հիմնվելու ճշգրիտ տեղեկատվություն չի պարունակում: Երկրաքիմիական մոդելավորման մեթոդոլոգիայի մասին մանրամասներ չկան:
3. Թթուների արտազատման ցուցանիշների չափման համար խոնավության խցիկային փորձարկումներ են անցկացվել միայն 5 ստորին հրաբխանստվածքային (ավելի բարձր ռիսկային) և 3 վերին հրաբխանստվածքային (պակաս ռիսկային) դարսաշերտերի նմուշների վրա: Նմուշների այդ քանակը ակնհայտորեն բավարար չէ միջազգային պրակտիկայում ընդունելի լինելու համար:
4. Կան գիտական անճշտություններ։ Չկա որևէ ապացույց «մեղմ» ԹԱԴ-ի վերաբերյալ սխալ եզրակացությունը հիմնավորող անընդհատ կրկնվող հայտարարության համար: Այս եզրակացությունը հիմնավորելու համար ընտրված նմուշներն ուղղակի սուլֆիդի ցածր պարունակություն են ունեցել, մինչդեռ մյուս նմուշները մի քանի շաբաթ հետո շատ թթու են արտադրել (pH<3):
5. Ստորին հրաբխային և վերին հրաբխային առաջացումների միներալային կազմում (հանքակազմում) հայտնաբերվել են յարոզիտներ և ալունիտներ: Լիդիանի կողմից ալունիտի տարրալվացումից առաջացող թթուները հաշվի չեն առնվում՝ համարվելով որպես ոչ զգալի, իսկ յարոզիտի տարրալվացումից թթվագոյացումը ընդհանրապես չի արձանագրվել, ինչն անընդունելի է: Դատարկ ապարների լցակույտում յարոզիտներից և ալունիտներից արտազատված թթուները չեզոքացնելու համար պետք է անպայման իրականցվեն միջոցառումներ մինչև դրանց սպառվելը, ինչպես ընդունված է խոշոր միջազգային ընկերությունների կողմից: Ամուլսարում տվյալ գործընթացը հավանական է, որ 20 տարուց ավելի տևի:
6․ Սխալ է մեկնաբանվել Խորհրդային ժամանակաշրջանի ապարների թափոնակույտերի ԹԱԴ-ը և կան գնահատականների անհամապատասխանություններ։ 65 տարի պահեստավորումից և հողմահարումից հետո հայտնաբերվել է pH 3.5 ցուցանիշով ԹԱԴ: Նման ուժեղ ԹԱԴ-ը, որը նման պայմաններում պարունակում է լուծված թունահարույց ծանր մետաղներ, հաստատում է «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (International Network for Acid Prevention-INAP) Համաշխարհային ԹԱԴ-ի (GARD) ուղեցույցով և միջազգային պրակտիկայով սահմանված պատշաճ կառավարման անհրաժեշտությունը (http://wwwgardguide.com)։
7. Արտահոսքի և հոսքակորուստների համար առաջարկվող միակ մշակման եղանակը Պասիվ ջրերի մշակման համակարգն է (ՊՋՄՀ), որը պետք է կառուցվի 2019թ: Մեծ մտահոգություն կա, որ այդ ՊՋՄՀ-ը չի կարողանա չեզոքացնել և մշակել արտանետումները, քանի որ այն համապատասխանաբար չի բնութագրվել, արդյունքում՝ կգոյանա ԹԱԴ և վտանգավոր մետաղները կարտազատվեն դեպի հանքի ներքևի առվակներ, գետեր և ջրի այլ ամբարներ:
8. Բացահանքերի փակման ժամանակ ընդունված է, որ կլինի ԹԱԴ-ի արտազատում, սակայն նախքան դեպի տեղի առվակներին կամ դրենաժի միջոցով աղբյուրներին հասնելը դրա որևէ մշակում կամ մեղմացում չի առաջարկվում: Դա անընդունելի է։
9. Լիդիանի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանում, որը նախատեսված է բնապահպանական և սոցիալական (ինչպես նաև մասնագիտական առողջապահության և անվտանգության) կառավարման և մեղմացման մասով ստանձնած պարտավորությունների «գործարկման» համար, ԹԱԴ-ի վերահսկման անմիջական պատասխանատվության մասին որևէ փաստաթղթային հիշատակություն չկա: Նման սխալը հաճախ է հանդիպում վատ ԹԱԴ վերահսկման դեպքում շատ հանքերում, որտեղ հանքի կառավարիչն առաջնային ուշադրությունը կենտրոնացնելով արտադրության վրա կարող է և հաճախ անտեսում է Բնապահպանության գծով կառավարչին՝ թափոնների կույտերում ճիշտ թաղման, պատիճավորման և աղբակույտերի կառավարման հարցերում: Սա լուրջ բացթողում է:
10. Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տրված պետական փորձագիտական եզրակացությունում որևէ ձևով չի հիշատակվում ԹԱԴ-ը, ԹԱԴ-ի կանխման և վերահսկողության անհրաժեշտությունը, առվակների, գետերի և ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետ աղտոտումը կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքև ԹԱԴ-ի արտազատման բնապահպանական կամ առողջապահական հետևանքները: Ըստ ամենայնի, ՀՀ կառավարությունում չկա փորձագիտական ներուժ, որը կարող լիներ ճանաչել, գնահատել և մշտադիտարկել Ամուլսարի ԹԱԴ-ի կանխարգելումը կամ վերահսկել դրա հնարավոր հետևանքները Հայաստանի բնակչության համար:
11. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թթվային արտահոսքը կարող է շարունակվել տասնամյակներ և դարեր՝ Լիդիանի ներկայացրած մշտադիտարկման կարճաժամկետ (5 տարի) տևողությունը անբավարար է: Քանի որ հանքահորերից արտահոսքը իր ճանապարհը ուղղում է դեպի աղբյուրների ջրերը, դա նույնպես պետք է մշտադիտարկվի թե՛ տեղամասում, թե՛ դրանից դուրս: Ավելին, նշված չէ, թե ինչ պետք է արվի և ում կողմից, եթե այդ ջրերի որակը իջնի սահմանված ստանդարտից ներքև:
12. Հնարավոր է, որ հանքի փակումից հետո հետագա ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Փակման փուլում միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակներից երևում է, որ ռիսկը կայանում է նրանում, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Սույն օրինակներով ներկայացված հիմնական հարցն այն է, որ Հայաստանի կառավարության համար ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները: Հանքի դատարկ ապարների թափոնների ամեն 1000 տոննայի համար կպահանջվի առաջացող հիսունից վաթսուն տոննա թթվի ընթացիկ չեզոքացում: Մշակման ծախսերի գումարը սահմանելու համար պահանջվում են թթվագոյացման և չեզոքացման ցուցանիշների հաշվարկներ, այլ ոչ թե սուլֆիդի նմուշների վրա հիմնված սոսկ արժեքներ, ինչպես դրանք գնահատվում են Լիդիանի հաշվետվություններում:
13․ Կարելի է ենթադրել, որ Լիդիանի մոտ պակասում է ԹԱԴ-ի ռիսկը համապատասխանաբար սահմանելու և Ամուլսարի հանքից առաջացած ԹԱԴ-ը վերահսկելու համար անհրաժեշտ երկրաքիմիական և նախագծման փուլեր ստեղծելու և գործարկելու փորձն ու փորձագիտական ներուժը: Իսկ կառավարության վերահսկման և հսկողության բացակայության պայմաններում առաջին հերթին ռիսկային է ոչ միայն առվակների, գետերի և գյուղատնտեսական հանդակների գերաղտոտումը, այլ նաև այն խմբային հայցերը, որոնք ներկայացնում են ապակողմնորոշված շահառու խմբերը (ինչպես օրինակ՝ BHP Billiton-ի դեմ հայցը Օք Թեդիում):
14. Ոչ պատշաճ վերահսկվող ԹԱԴ-ի ազդեցությունը առվակների, գյուղատնտեսության, ձկների և այլ բիոտայի, իսկ որոշ դեպքերում՝ մարդու առողջության վրա լավ հայտնի են: Ելնելով միջազգային օրինակներից` Հայաստանի կառավարության համար հանքի փակումից հետո ԹԱԴ-ի արտազատումների վերահսկման ծախսերի ծավալը կարող է կազմել հարյուրավոր միլիոն դոլարներ: Ստորգետնյա և մակերեսային ջրերի վրա ազդեցության գնահատականներում կարծիք է հայտնվում, որ դատարկ ապարների լցակույտից (ԴԱԼ) եկող կեղտաջրերը արդյունավետ ձևով կմշակվեն պասիվ մշակման համակարգով՝ հասցվելով արտազատման ընդունելի ստանդարտներին: Նման ենթադրության ընդունելիությունը կասկածելի է, քանի որ pH-ի և լուծված պինդ մարմինների պարունակության ներհոսքը պասիվ մշակման համակարգ (ՊՄՀ) հիմնված է ոչ ճիշտ և ոչ լիարժեք վերլուծությունների վրա: ՊՄՀ-ի ձախողումը շատ զգալի վնասակար ազդեցություն կունենա հոսքի ուղղությամբ դեպի ներքև ընկած ջրահավաք ավազանների համար (խմբ․ փակման շրջանում Լիդիանը նախատեսում է առաջացող հոսքաջրերը մաքրել և բաց թողնել բնական միջավայր և Արփա գետի վտակ):
15. Հանքահորերից արտահոսքի արդյունքում դրանց շրջակայքում գտնվող աղբյուրներում բերիլումի, կոբալտի, նիկելի և նիտրատների հետ կապված կանխատեսվում է զգալի ազդեցություն ջրի որակի վրա: Այս տարրերը առկա են հանքաքարերում, սակայն նաև արտազատվում են հանքահորերում և ԴԱԼ-երում թթվային ռեակցիաների միջոցով: Նման մեծաքանակ ավելացումներն արդեն իսկ ակնհայտորեն բարձր մակարդակների վրա անընդունելի են: Առաջարկվում են նախագծային մեղմացնող միջոցառումներ, այն է՝ պատիճավորումը, հանքահորից արտահոսքը սահմանափակելու համար, սակայն ստորգետնյա ջրերի համար հետագա մեղմացման տարբերակներ չեն ներկայացվում: Հաշվի առնելով ԹԱԴ-ի պոտենցիալի և ցուցանիշի անհամապատասխան բնութագիրը՝ հավանականություն կա, որ այս ազդեցությունը կլինի Լիդիանի գնահատականներում նշվածից ավելի մեծ»:
Այնուհետև ավստրալացի գիտնականները թվարկում են մի շարք հետազոտություններ, որոնք բացակայում են Լիդիանի փաստաթղթերում:
1. «Միներալային կազմի (հանքակազմի) որոշումը լիարժեք չէ։ Սուլֆիդ S-ի թե՛ ցածր, թե՛ բարձր պարունակությամբ նմուշների համար անհրաժեշտ է նվազագույնը 1 տարվա ընթացքում կատարել հանքակազմի որոշում թթվահիմնային հաշվառմամբ և սյունակների տեսքով տարրալվացված հեղուկի ստանդարտ կինետիկ փորձարկումներ՝ ԹԱԴ-ի պոտենցիալի միջազգային ընդունման նպատակով:
2. Տարրալվացված հեղուկի ուսումնասիրությունները պետք է լինեն սյունակների տեսքով տարրալվացված հեղուկի կինետիկ փորձարկումներ (ոչ թե խոնավության խցերի փորձարկումներ, ինչպես արվել է մինչ օրս): Դա կապահովի զուտ թթվագոյացման ցուցանիշի ողջամիտ չափումը, քանի որ դրանով (այլ ոչ թե զուտ թթվագոյացման պոտենցիալով) են պայմանավորված նախնական և շարունակական մշակման պահանջները: Այն չի համեմատվում և չի քննարկվում: Բացի այդ, տեղում անմիջապես պետք է իրականացվեն թմբուկային փորձարկումներ՝ հստակ գնահատելու համար տեղի կլիմայական պայմանների ազդեցությունը թթուների և նմուշների արտազատման ցուցանիշների վրա:
3. Ժամկետների առումով նույնպես կան լուրջ խնդիրներ, քանի որ 12-20 շաբաթ տևողությամբ փորձարկումներն անբավարար են։ Լիդիանը նշում է, որ կսկսի ավելի լայնածավալ փորձարկումը հենց որ առկա լինեն հանքից վերցված մեծածավալ նմուշներ։ Նման փորձարկումը շատ ուշացած կլինի դատարկ ապարների լցակույտում թաղման պրակտիկան փոխելու համար և պետք է արվի հիմա՝ կիրառելով ավելի շուտ տարրալվացված հեղուկի սյունակների տեսքով կինետիկ, քան խոնավության խցերի փորձարկումներ, որոնք հատկապես կարևոր են ստորին հրաբխային առաջացումների թափոնների դեպքում:
4. Վերոնշյալ պահանջը վերաբերում է նաև վերին հրաբխային առաջացումներին, որտեղ անհրաժեշտ է սուլֆիդ S բարձր պարունակությամբ (>0.5 wt. %S) նմուշների վրա հանքակազմի և տարրալվացված հեղուկի սյունակների տեսքով կինետիկ փորձարկման մասին շատ ավելի լիարժեք տեղեկատվություն:
5․ Արված չեն նաև տարրալվացված հեղուկում ալունիտի և յարոզիտի ցուցանիշի և pH-ի վրա դրանց ազդեցության ուսումնասիրություններ, որոնք պարտադիր են: Թե՛ վերին հրաբխային, և թե՛ ստորին հրաբխային առաջացումների նմուշներում ալունիտի և յարոզիտի տոկոսային քանակները պետք է պատշաճ կերպով վերլուծվեն և ներառվեն ԹԱԴ-ի վերահսկման հաշվարկում»:
Այնուհետև նշվում է, որ․ «հանքավայրից արտազատվող ԹԱԴ-ի ցուցանիշների ու քանակի և դրանից բխող հավանական լրջագույն հետևանքների վերաբերյալ պատկերացման պակաս կա: Առանց պատշաճ գնահատման անհնար է ապահովել համապատասխան մեղմացման իրականացումը բնական միջավայրի և մարդկանց գործունեության՝ այդ թվում` խմելու ջրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա նվազագույն ազդեցությունը երաշխավորելու համար: Բոլոր բացակայող փորձարկումները և տվյալները, որոնք նշված են վերոնշյալ 5 կետում, պետք է ձեռք բերվեն մինչև ԹԱԴ-ի պլանավորմանը անցնելը»:
Անկախ փորձագետներն ի լրումն ուսումնասիրել են Լիդիանի պատվերով Սեմուել Էնջինիըրինգի պատրաստած 2017թ մարտի 30-ի Ամուլսարի թիվ NI 43-101 լրամշակված տեխնիկական հաշվետվության «Հայաստանի ռեսուրսների և պաշարների» վերաբերյալ բաժինները, քանի որ դրանք վերաբերում են ԹԱԴ-ի բնութագրմանը, մեղմացմանը և կառավարմանը: Այդ հաշվետվության 26-րդ գլխի բոլոր խորհուրդներից լիովին հստակ երևում է այս բնութագրի և մանրամասն պլանավորման ոչ լիարժեքությունը․
• Նշվում է, որ պահանջվում է կատարել տասներեք հանձնարարական՝ կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելու համար:
• Բաժին 26.5-ում՝ Երկրաքիմիա ԴԱԼ-ի աշխատանքային պլանի համար սահմանվել են տասնչորս հանձնարարականներ, որոնց մի մասը խոշոր և երկարաժամկետ են:
• Պահանջվում է կատարել երեք հանձնարարական, որոնցից երկուսը երկարաժամկետ են՝ երկրաքիմիական բնութագիրը և ԹԱԴ-ի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելու համար: Սա, ինչպես նաև մեր խորհուրդները, ցույց են տալիս, որ սույն փորձարկումներն ու փաստաթղթերը անընդունելի են երկրաքիմիական բնութագիրը և ԹԱԴ-ի կառավարումը ներկայացնելու համար։
• Բաժին 26.6 ում՝ Ջրի վնասազերծում մասում գրված է․
«Ի տարբերություն ակտիվ համակարգերի պետք է նախագծվի պասիվ մշակման համակարգ (ՊՄՀ) տեղամասին բնորոշ պայմաններում գործելու համար: Մինչ այժմ ՊՄՀ մեթոդների՝ Ամուլսարի ԹԱԴ-ի համար արդյունավետության հաստատման համար որևէ ուսումնասիրություն չի կատարվել: Պետք է կատարվի գործընթացի ստուգման ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունը ներառում է լաբորատոր և վերահսկիչ փորձարկումներ: Գործընթացի ստուգման ուսումնասիրությունները երկարատև փորձարկումներ են, որոնք սկսվելու են վերջնական նախագծման ժամանակ և շարունակվելու են արտադրության ընթացքում»:
Սա ընդունելի չէ: Դա պետք է ավարտվի մինչև արտադրությունը: Արտադրությունից հետո կատարվող փոփոխությունները կարող են լրացուցիչ ավելցուկային ազդեցություն առաջացնել ԹԱԴ-ի վերահսկման համար։
• Բաժին 26.7-ում՝ Ջրային հաշվեկշիռ մասում, գրված է․
«Ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելները ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ: Տեղամասում հոսքակորուստը, գոլորշիացումը, արտահոսքը և աղբյուրների հոսքը, մակերևութային ջրերի հոսքը և հանքահորի ջրահեռացման մոդելները բոլորն էլ պահանջում են շահագործման տվյալների հիման վրա մոդելի լրացուցիչ ստուգում»:
Հանքի շահագործումը հավանության չպետք է արժանանար մինչև նշված հանձնարարականների և ստուգումների իրականացումը: ԹԱԴ-ի մանրամասն գնահատականը և վերահսկման նախագիծը չեն իրագործվել: Հանքի շահագործումն սկսելուց հետո պարզելը, որ անհրաժեշտ են շատ ծախսատար ընթացիկ մշակումներ, կարող է զգալիորեն փոխել բաժնետերերի և Հայաստանի կառավարության համար հանքի արժեքը»:
Իրենց հետազոտության արդյունքում «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության ղեկավարները հորդորում են հանքարդյունաբերությունը չսկսել մինչև այս բաց մնացած ոլորտները պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից, որոնց հայտնաբերած բացթողումները կներմուծվեն ԹԱԴ-ի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե՛ կառավարության, և թե՛ ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները (հետազոտության ամփոփագրի հայերեն ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ):
Այս ծանրակշիռ հետազոտությունները հերթական անգամ անհերքելիորեն ապացուցում են, որ Լիդիան Արմենիայի/Ինթերնեշընըլի կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հանրային դաշտ բաց թողնված տեղեկությունները մոլորեցնող են, չափազանց թերի և թաքցնում են նույնիսկ սեփական պատվերով արված հետազոտությունների կարևորագույն արդյունքները։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը շարունակաբար հղում է կատարում ընկերությանը և նրա ներկայացրած տեղեկություններին, երբ մտահոգ հանրությունը տվյալների ճշգրտման կամ փորձագիտական հավաստման մասին հարցումներ է ուղարկում կառավարությանը։ Ստացվում է, որ մասնավոր մի ընկերություն մեր ողջ հանրությանը կարողանում է պահել իր ապատեղեկատվության դաշտում, երբ վիճակն ավելի քան մտահոգիչ է, և սարսափելի աղետը քողարկված է, իսկ քողարկման քննադատությունը նույնպես պատշաճ չի քննարկվում։
Այս քողարկման հարցում մեծագույն պատասխանատվություն են կրում այս ընկերությունում շահաբաժին ունեցողները կամ ծրագրի ֆինանսավորողները (հատկապես հայազգի), Լիդիանի պատվերը կատարող հայաստանյան գիտական համայնքը, Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրող վերպետական կառույցները (Համաշխարհային Բանկ, ՎԶԵԲ և այլն), ինչպես նաև այլ պետությունների դեսպանությունները, մասնավորապես՝ ԱՄՆ և Միացյալ Թագավորության։ Մեծ պատասխանատվություն են կրում նաև Լիդիանի պատվերը կատարող և սեփական առաքելությունը ոտնատակ արած լրատվամիջոցները, իսկ ամենակարևորը՝ ՀՀ կառավարությունը, որն էկոլոգիական անվտանգությունը, հանրային շահն ու իր հաշվետվողականությանը հանրությանը ստորադասում է մասնավորի շահին։
Այնպես որ, Ամուլսարի հանքի շահագործումն ուղղակիորեն անթույլատրելի է Հայաստանի ներկայիս ռազմավարական պահանջների՝ մասնավորապես ջրային պաշարների պահպանման և բնակչության կենսաապահովման առաջնահերթությունների տեսանկյունից։ Ամուլսարի իրական վտանգների մասին տեղեկացվելու դեպքում Հայաստանի ժողովրդի մեծ մասը՝ այդ թվում անմիջական ազդեցություն կրող տարածքներում բնակվողները, կազմակերպելու են հզոր դիմադրություն։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ`                    armecofront@gmail.com
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք