Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի. Գագիկ Սուրենյան
02-08-2017 12:13:37 | Հայաստան | Առեղծվածներ
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա օրերին եղանակային կանխատեսումները նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը։
Նա հայտնեց, որ առաջիկա օրերին սպասվում են ուժեղ շոգեր, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրաքի տարածքում ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս:
«Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյաննն ասաց, որ լեռնային գոտիներում, Լոռիում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի և ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Նա նշեց, որ այդ ջերմաստիճանը կդիտվի նաև Մեղրիում, Ագարակում:
«Խորհուրդ ենք տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասաց նա և նշեց, որ արևի տակ աշխատելը կարող է բերել արևահարության:
Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ հարկավոր է արևի ճառագայթներից խուսափել զանգվածային միջոցառումների ժամանակ և կոչ արեց շատ հեղուկ օգտագործել: