Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում.Գ. Չուգասզյան


Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում.Գ. Չուգասզյան

  • 09-08-2017 12:57:37   | Հայաստան  |  Քաղաքական

Արթուր Սարգսյանի  ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը  կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին  հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ համաքաղաքացիների ներկա կյանքը:
 
Ուստի ասվելիք խոսքս ուղղված է լինելու իմ այդ համոզման փաստարկմանը:
Արթուր Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Տղաները գոնե գիտեն ինչի են անազատության մեջ, իսկ դրսում մնացածները գիտեն արդյո՟ք», ինչպես նաև իր մանրամասն պատրաստությունը ՊՊՁ գնդի արգելափակման ճեղքմանը,  թույլ է տալիս մեզ հեռու գնացող ենթադրություն անել, որ նա կյանքում նպատակասլաց և իմաստ փնտրող մարդ էր և այդ իմաստի որոնումները, ամենևին էլ ոչ պատահականորեն  նրան կյանքի վերջում պիտի բերեին հենց  դեպի Սասնա ծռերը: Այդ որոնումը տևեց մի ամբողջ կյանք, որի ընթացքում նա երկու բարձրագույն կրթություն ստացավ, զբաղվեց բիզնեսով, արվեստով, բարեգործությամբ, մասնակցեց պատերազմի, ունեցավ  երեխա, այդ բոլորը ուղեկցեց հոգևոր որոնումներով և ի վերջո կրկնակի անգամ  գնաց գիտակցյալ մահվան:
Գիտակցյալ մահվան մասին հիշատակելիս, ակամայից միտքն է գալիս Եղիշէի պատեհ-անպատեհ առիթով  օգտագործվող  հայտնի թևավոր խոսքը  «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ անմահութիւն է:» , որը ի զարմանս շատերի, ունի երկրորդ մաս, որ ավելի քիչ է հայտնի` «Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի  մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ»: «Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում»։ Ահա այս երկրորդ մասը մեզ օգնում է բացահայտել Արթուր Սարգսայանի նեռքին հոգևոր այն  մղումները, որոնք իր արարքը զրկում են պատահականություն և պահի տակ արված ճակատագրական որոշում լինելուց, և հաղորդում նրան իր ամբողջ կյանքը իմաստով լցնող վերջակետի  այն օրինաչափությունը, որի համաձայն Արթուրը պետք է  ոչ միայն հաց հասցներ Սասնա ծռերին, և դառնար սոսկ «Հաց բերոց», բայց և  հենց ինքը ևս դառնար Ծուռ, այն էլ Ծռից էլ Ծուռ...
Եղիշէի թևավոր խոսքը գրաբարում պահպանվել է  նաև նախաքրիստոնեական ծագում ունեցող և Հերմես Եռամեծին վերագրվող հունարեն մի բացառիկ գրվածքի թարգմանության մեջ: Այստեղ  մահը ճանաչելու խնդիրը ավելի մանրամասն  է քննված և, ըստ էության, մեր մի ամբողջ հնամյա անթեղված մշակույթի կոդի բանալի  է հանդիսանում:  Այդ կորած մշակույթը հասկանալուն օգնում է ստալինյան բռնաճնշումների զոհ, XX դ ռուս մեծագույն  մտածողներից և հայ մորից սերված,  հայր Ֆլորենսկու հետևյալ մեկնաբանությունը:
«Մարդը  կյանքում մեկ անգամ է մահանում, եւ հետեւաբար, չունենալով փորձ, մահանում է անհաջող: Մարդը մահանալ չգիտե, և իր մահը վրա է հասնում շոշափելով` խավարի  մեջ: Սակայն մահը, ինչպես և ցանկացած այլ գործունեության, հմտություն է պահանջում:  Բարեհաջող վախճանվելու համար հարկավոր է իմանալ ինչպես մահանալ, պետք է մեռնելու հմտւթույուն ձեռք բերել, պետք է մահին սովորել: Իսկ դրա համար անհրաժեշտ է մահանալ դեռ ողջ ժամանակ, փորձառու և արդեն մահ տեսած մարդկանց առաջնորդությամբ:»:
Հայր Ֆլորենսկին, այս իր պարբերությունը եզրափակում է  հղում կատարելով նախաքրիստոնեական մշակույթին, հետևյալ կերպ.
«Հնում մահվան դպրոց էին հանդիսանում խորհրդածեսերը (միստերիաները):
...անցումը մեկ այլ աշխարհ պատկերացվում էր կամ որպես ընդհատում, որպես անկում կամ որպես ՍՔԱՆՉԱՑՈՒՄ: Ըստ էության, բոլոր խորհրդածեսերը նպատակ ունեին  ոչնչացնել մահը, որպես ընդհատում: Ամեն ոք, ով կարողացել է մահանալ կյանքի օրոք, գեհեն չի գլորվում, այլ անցում է կատարում ուրիշ աշխարհ: Օծվածը  մահ չի տեսնի, ահա թաքուն ակնկալությունը խորհրդածեսից: Ոչ թե նա կմնա հավերժ այստեղ. բայց, նա կընդունի վախճանը չօծվածից տարբեր կերպ:. Չօծվածի համար հանդերձյալ կյանքը  բացարձակապես նոր երկիր է, որտեղ նա  չի կարողանում կողմնորոշվել, որտեղ նա ծնվել է որպես երեխա, չունենալով ոչ փորձ, ոչ էլ առաջնորդողներ: Մինչդեռ օծվածի համար  այս երկրը արդեն իսկ  ծանոթ է, նա եղել է այստեղ, դիտարկել է այն  թեկուզ և  հեռավորության վրա եւ փորձառու մարդկանց առաջնորդությամբ:  Նա արդեն գիտի այնկողմնային աշխարհի բոլոր ճանապարհներն ու քառուղիները եւ անցում է կատարում դեպի այնտեղ ոչ թե անօգնական նորածնի, այլ  պատանու կամ նույնիսկ չափահաս մարդու պես: Նա, ինչպես կասեին հնում, գիտե այլ աշխարհի քարտեզը, եւ գիտե այնկողմնային իրերի անունները: Ուստի նա չի շփոթվի եւ չի կորցնի իրեն այնտեղ, ուր  անսպասելի հրման և անփորձության պատճառով, խորը հոգեւոր ուշագնացությունից հետ գալով , չօծյալը  չի գտնելու վարվելու կերպը եւ չի հասկանալու  անելիքը...
Դեպի այլ թագավորություն հենց այս  անցումն է, որ կյանքի ընթացքում կամ նրա ավարտին, իրականացվում է  Հարպիաների կողմից: Դիվական ոգիները, կամ մեր լեզվով ասած էքստազի հրեշտակները, տանում են այնտեղ հոգին, նրան սքանչացնելով, հմայելով այն:  Երբեմն սքանչացած հոգին ետ է վերադառնում, երբեմն ոչ: Բայց և վերջին դեպքում, կրկնում եմ, դա մահ չէ, այլ հոգու հափշտակում  մի այլ աշխարհ: Ահա թե ինչու այսպիսի  հեռացումը այստեղից էքտազի միջոցով,  սքանչացման միջոցով   հնում  հակադրվում էր մահվանը. նա, ով կյանքի օրոք մահանում է աշխարհի համար, ստանում  է սքանչանալու ընծա դեպի այլ աշխարհներ, նա անմահությունն է ճաշակում, ուստի մահանալ չի կարող»:
Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտենք արդյո՟ք թե ինչի համար ենք ապրում…
 
Գ. Չուգասզյան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play