Մեծամորի և Զվարթնոցի աստիճանները 7-ն են, յոթն են նաև մեր խաչագմբեթավոր եկեղեցիների խորանի աստիճանները (տեսանյութ և ֆոտոշարք)
16-08-2017 16:26:18 | Հայաստան | Առեղծվածներ
Քարահունջն աշխարհում ամենահին քարե աստղադիտարանն է, այն աստղագիտության հիմքն է հանդիսանում. «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում այս միտքն արտահայտեց անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, օգոստոսի 9-ից սկսված իրենց հետազոտությունները մինչև այսօր շարունակվում են, եղել են Հայաստանի տարբեր հնավայրերում ու վանքերում, մասնավորապես` «Մեծամոր» աստղադիտարանում, Նորավանքում, Քարահունջում, Տաթևում, Որոտնավանքում, որոնք դիտարկել են աստղագիտական առումով: Որոտնավանքում նույնպես, ինչպես և Քարահունջում, իրականացրել են գիշերային դիտումներ, դիտել աստղերի ծագումները, տեղում կատարել չափագրումներ, թե որ աստղը որ ժամին, որ վայրկյանին որտեղից դուրս է գալիս և աստղագիտական և տոմարագիտական առումով ինչ է նշանակում:
Վազգեն Գևորգյանն անդրադառնալով Տաթևի վանական համալիրին, մասնավորապես` ճոճվող սյանը, նշեց, որ դեռ Ստեփանոս Օրբելյանն է Տաթևն աստղադիտարան անվանել: Հայտնի է նաև, որ Տաթևի համալիրից 13-րդ դարում տարված աստղագիտական գրականության հիման վրա Չինգիզ խանի թոռը Սամարղանդում աստղադիտարան է կառուցել:
«Մոսկվայում և Երևանում, ֆիզիոլոգիայի ինստիտուտում կատարվում են համատեղ հետազոտություններ, մենք դրա մասին դեռ հետագայում կխոսենք»,- ասաց Վազգեն Գևորգյանը և հավելեց, որ այնտեղ ջրի իոնաչափն է աշխատել և կենսաչափերը, Մոսկվայի ուղեղի ինստիտուտում դիտարկել են, թե մարդու ուղեղի ցուցանիշների ինչ պատկեր է եղել հենց այդ օրը` օգոստոսի 10-ի, լույս 11-ի գիշերը, երբ Հայկի (Օրիոնի) համաստեղությունը հասել է երկնային հասարակածին` ազդարարելով հայկական Նոր տարվա` Նավասարդի գալուստը:
Ստացված արդյունքները դեռ Վազգեն Գևորգյանի տրամադրության տակ չէին, ստանալուց և ամփոփումից հետո դրանք կներկայացվեն հանրությանը: Ըստ անկախ հետազոտողի, եկեղեցին գիտություն է, մեր եկեղեցիներում եղել են համալսարաններ…
«Եթե մենք նայում ենք Քարահունջին, Մեծամորին և խաչագմբեթավոր եկեղեցիներին, մենք այդ գիտական կապն ենք տեսնում, թե ինչն է կապում հազարամյակներով իրարից բաժանված այդ դարաշրջաններին,- ասաց Վազգեն Գևորգյանը:- Մարդը միշտ պետք է խնդիր ունենար ժամանակը հաշվարկելու, իսկ ժամանակը հաշվարկելն առանց աստղերի և արևի, անհնար էր: Դրա համար էլ եկեղեցիները, հնավայրերը, աստղադիտարաններն արտահայտում են այդ կապը, մեր ազգի գիտելիքը, որն անխախտ եղել է բոլոր դարերում ու հազարամյակներում մեզ հետ, հիմա մենք մի փոքր կորցրել ենք… Հիմա մենք այդ կապն ենք գտնում և հաստատում ենք, որ աստղագիտությունը միշտ եղել է առաջիններից մեկը որպես գիտություն, մեր գիտակցության մեջ է եղել, մեր գիտությունն է եղել, նույնիսկ օտարները եկել և մեզանից բան են սովորել:
Տաթևի սյունը, Որոտնավանքը, Հաղարծինը և այլն կառուցվել են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների կողմից… 1084 թվականին տոմարական հաշվարկները կատարել է իմաստասերը, որը հենց Տաթևյան դպրոցի սան է եղել, նա համաշխարհային հեղափոխություն է կատարել տոմարագիտության մեջ: Բոլորը եղել են շարժական օրացույցներ, իմաստասերը գերճշգրտորեն մեզ անշարժ տոմարացանկ է տվել 1084 թվականից մինչև 1616 թվականը, և Հայ Առաքելական Եկեղեցին հենց դրանով է իր օրերը հաշվել»:
Առավել ուշագրավ է անկախ հետազոտողի կատարած արձանագրումը` կապված 7 թվի հետ.
«Մեծամորի 7 աստիճանները մտել են խաչագմբեթավոր եկեղեցիների կանոնակարգի մեջ, և խաչագմբեթավոր եկեղեցու խորանի աստիճանները պետք է, ըստ կանոնակարգի, լինեն 7-ը,- ասաց Վազգեն Գևորգյանը:- Յոթը, եթե դուք ուշադիր լինեք, Զվարթնոցի աստիճանների թիվն է, և մենք 7-ը տեսանք նաև, որը պահպանված է, Հաղարծինում: Հաղարծինում, երբ բարձրանում ես դեպի խորան, 7 աստիճան է: Շատ եկեղեցիներում այդ 7 աստիճանները հետագայում քանդվել են, վերակառուցվել են, չեն պահպանվել: Եթե մենք 7-ը դիտարկում ենք մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում (Մեծամորում) և արդեն մեր թվարկության խաչագմբեթավոր եկեղեցիներում 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և այլ դարերում, մենք տեսնում ենք մի քանի հազար տարվա կապ, այսինքն` անփոփոխ փոխանցվել է, անկախ աշխարհաքաղաքական հայացքներից և կրոնական մոտիվացիաներից»:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության այսօրվա մյուս հյուրի` տեխնիկական գիտությունների թեկնածու, Երկրահամակարգերի և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանի ֆիզիկական գեոդեզիայի և դիստանցիոն զոնդավորման ամբիոնի դոցենտ Ելենա Գիենկոյի խոսքը և լրագրողների հարցերին տված պատասխանները` կից ներկայացվող տեսանյութում: