Հայաստանում գործող ամենաէքսթրեմալ հանգստյան գոտու հիմնադիրները նախատեսում են տարեկան ընդունել շուրջ 30 հազար զբոսաշրջիկ (ֆոտոշարք)


Հայաստանում գործող ամենաէքսթրեմալ հանգստյան գոտու հիմնադիրները նախատեսում են տարեկան ընդունել շուրջ 30 հազար զբոսաշրջիկ (ֆոտոշարք)

  • 21-08-2017 19:35:10   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Տարածաշրջանում իր տեսակով եզակի էքսթրեմալ հանգստի գոտի համարվող «Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադիրները նախատեսում են հաջորդ տարի այցելուների թիվը հասցնել շուրջ 30 հազարի: Այս ցուցանիշն իրատեսական է, քանի որ հենց այս պարկում է բացվելու աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարությունը նախնական նախատեսված 2680 մետրից այժմ դարձել է  2770 մետր՝ պայմանավորված կետերի փորձարկման նոր արդյունքներով: 
 
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գործող էքսթրեմալ հանգստի գոտին արդեն երկու տարեկան է: Տոնական միջոցառումն իրենց ներկայությամբ և ելույթներով պատվեցին Արամ Mp3-ը, «Նեմրա» ռոք խումբը, Հայկ Պետրոսյանը «Սթենդ ափ» քոմեդի շոուով,  DJ Beatman-ը, իսկ միջոցառումը վարեց Արսեն Գրիգորյանը: 
 
Ինչպես  լրագրողների համար նախատեսված շրջայցի ընթացքում տեղեկացրեց «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, երկու տարվա գործունեության ընթացքում կարևոր  ձեռքբերումներից է Ենոքավան համայնքում տեղի բնակչության համար ստեղծված աշխատանքային պայմանները: 
 
«2015 թվականին,  երբ նոր էինք սկսել մեր գործունեությունը,  բավականաչափ ռեսուրսներ ծախսեցինք միայն բացատրելու համար, թե ինչ է զիփլայնը և էքսթիրմն ընդհանրապես: Այժմ  մենք արդեն շուկա ենք ստեղծել և միայն ուրախ ենք, որ Հայաստանում բացի մեր պարկից, այլ վայրերում ևս զիփյալներ են կառուցվում՝ համաչափ զարգացում ապահովելով Հայաստանի զբոսաշրջային տարածքներում»,- նշեց նա: 
 
Տ. Չիբուխչյանի խոսքերով՝ «Յելլ էքսթրիմ պարկի» գոյությունը վառ ապացույցն է այն բանի, որ  հնարավոր է  ստեղծել աշխատանք այնտեղ,  որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ: 
Այս համատեքստում պարկի համահիմնադիրը նկատի ուներ ենթակառուցվածքային այն բոլոր փոփոխությունները, որոնք «Յելլ էքսթրիմ պարկը» դարձնում են ոչ միայն գրավիչ, այլև հարմարավետ զբոսաշրջիկների համար: 
 
Մասնավորապես, Տ. Չիբուխչյանը տեղեկացրեց, որ զիփլայնի տարածքում  բարելավվել են արահետները, ավելացվել են առաջին բուժօգնության տուփերը,  և շուտով կշահագործվեն զիփլայնի գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծերը: 
«Այս տարի արդեն ունենք ժայռամագլցման չորս ուղիներ, որոնք նախատեսում ենք հասցնել մինչև 12-ի, այստեղ կարելի է օգտվել նաև Rope Park-ից կամ ծառերից կախված փայտե կամուրջներով խոչընդոտներ հաղթահարելու զվարճալի տարբերակից, ինչպես նաև Paragliding-ից, Zorbing-ից, Horseback Riding-ից և այլն: Էլի շատ հետաքիքիր գաղափարներ կան, որոնք իրականություն դարձնելու դեպքում կկարողանանք կլոր տարին զբոսաշրջիկներ ընդունել այստեղ»,- ընդգծեց Տ. Չիբուխչյանը: 
 
Վերջինս անդրադառնալով պարկի աշխատակիցների ընտությանը՝ շեշտեց, որ եթե ենոքավանցիները ցանկանում են աշխատել սպասարկման ոլորտում, պետք է տիրապետեն օտար լեզուների, ինչը պարկի դեպքում պարտադիր պայման է:
 
Այս պահի դրությամբ «Յելլ էքսթրիմ պարկում» մոտ 32 նոր աշխատատեղ է ստեղծվել: Ավելին՝ աշխատակիցների թվում կան նաև Սիրիայից ու Թեհրանից Հայաստան տեղափոխվածներ:
  
Մասնագետների ապահովաման խնդիրը լուծելու համար պարկի հիմնադիրները տարբեր քայլեր են ձեռնարկվում, որոնցից մեկն էլ Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցությունն է: 
 
Աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման աշխատանքներին ու խնդիրներին անդրադարձավ «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  գլխավոր ճարտարապետ Դերիկ Գրիգորյանը: 
 
Ըստ նրա՝  աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման ընթացքում առաջ են եկել րկու տեսակի խնդիրներ. առաջինը  ինժեներական, մյուսը՝  visibility study-ն է, որը տեղանքի  ընտրելու  գործընթացն է: 
 
«Այն բավականաչափ բարդ գործ է: Երբ ընտրում ենք երկու կետը, դրանք պետք է միացնենք իրար, այնուհետև անհրաժեշտ է տեսնել  այդ տվյալները համապատասխանում են, թե ոչ: Այսինքն պետք է տեսնենք այդ նախագիծը: Նախագիծը սկզբում վիրտուալ է իրականացվում, տեսնում ենք ստացվում է, թե ոչ: Չստացվելու դեպքում նորից  ենք փորձարկում: Այս կետը, որը հիմա տեսնում ենք և ուր գտնվում ենք, չորրորդն է, որտեղ իրականցրել ենք այս բոլոր փուլերը: Այդ ընթացքում համագործակցել ենք և´ տեղական ինժեներական ընկերությունների, և´ վրացական, և´ եվրոպական, այժմ արդեն նաև ամերիկյան ընկերությունների հետ»,- ընդգծեց Դ. Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխարհի ամենաերկար զիփլայնը կառուցվելու է «Յելլ էքսթրիմ պարկից» 400 մետր հեռավորության վրա, ուստի պետք է լուծվեն  նաև մարդկանց համապատասխան վայր հասցնելու հետ կապված խնդիրները: 
 
Նա նշեց, որ տրանսպորտային միջոցներից մեկը լինելու է զորբը, երբ մարդիկ տեղավորվելու են մեծ և թափանցիկ գնդակի մեջ և բլրից գլորվելով հասնում նախատեսված վայր: 
 
Իր հերթին Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Անտոնյանը, ներկայացնելով «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի   հետ համագործակցությունը, նշեց.
 
«Համագործակցության նախադրյալներ դեռ վաղուց կային, քանի որ մենք քոլեջում պատրաստում ենք զբոսաշրջության, սպասարկման կազմակերպման մասնագներ, խոհարարներ: 
«Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  և «Ապագա ռեսորթի»  հետ  քննարկեցինք  և սահմանեցինք համագործակցության ձևաչափ, որի համաձայն մեր ուսանողները  այստեղ գալիս են  պրակտիկայի, փորձ են ձեռք բերում և ստանում հետագայում աշխատանքի անցնելու հնարավրություններ և հեռանկարներ: Նրանց առաջարկով  մենք ներդրեցինք  նաև խոհարարների, մատուցողների և սպասարկման ոլորտի մասնագետների՝ զբոսավարների, ուղեկցորդների վերապատրաստման նոր կարճաժամկետ ծրագրեր: Նախաձեռնությունը նոր է, բայց լինելու է երկարատև և շարունակական»:
 
Նշենք, որ «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան միջոցառման գլխավոր հովնավորը «Կոնվերս Բանկ» ընկերությունն էր: 
 
 
Միջոցառման լուսանկարն այստեղ
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով