ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները


ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները

  • 06-09-2017 12:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները:
 
«Օրբելի եղբայրները հայ ազգի գիտական մտքի մեծություններից են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում հասել է համաշխարհային բարձունքների: Նրանց գիտական ժառանգությունն անգնահատելի է»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:
 
Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ ԽՎ-ը կազմակերպելու է Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա հավելել է նաեւ, որ հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրություն, կանցկացվի Օրբելի եղբայրների շաբաթ:
 
«Մենք պարտավոր ենք հիշել, մեծարել եւ ապագա սերունդներին ներկայացնել 20-րդ դարի համաշխարհային մեծության հայ երեք հռչակավոր գիտնական եղբայրներին»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
 
Նա նշել է նաեւ, որ Լենինգրադի շրջափակման ժամանակ Հովսեփ Օրբելին, լինելով Էրմիտաժի տնօրենը, ֆաշիստական ոչնչացումից փրկել է համաշխարհային արվեստի շատ նմուշներ: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Հովսեփ Օրբելին Լենինգրադի շրջափակման հաղթահարման խորհրդանիշերից է:
 
Տուն-թանգարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ կարելի է սկսել քննարկումներ` ՀՀ ԳԱԱ արեւելագիտության կամ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը Հովսեփ Օրբելու անունով կոչելու վերաբերյալ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play