ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ հանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից. կասկածյալը ձերբակալվել է.shamshyan.com


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ հանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից. կասկածյալը ձերբակալվել է.shamshyan.com

  • 06-09-2017 18:07:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը




Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմանբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ ձերբակալվել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Հակոբյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լ. Հակոբյանին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում հետադարձ է կատարել և խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսեցին աշխատել նաև այդ ուղղությամբ։ Հայտնաբերվել է նաև տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լ. Հակոբյանը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։ Ոստիկաններն ու քննիչները, եթե չհայտնաբերեին տեսախցիկի նկարահանած տեսանյութը, ապա վթարային իրավիճակից հետո դեպքի վայրից փախուստի դիմած Լ. Հակոբյանը և նրա Honda Accord մակնիշի ավտոմեքենան չէր հայտնաբերվի, և շատերը կմտածեին, որ Hummer-ի վարորդն արդարանում է՝ փորձելով իրավապահներին մոլորեցնել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արգիշտի Տոնոյանը, Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երեխայի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Պարզվել էր՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել էր Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Մկրտչյանը, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանը, իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Ասրյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Սարգսյանը, 31-ամյա Ասյա Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկանները ունեն նաև օպերատիվ տվյալներ, որ մեկ այլ ավտոմեքենա, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել էր վթարային իրավիճակ և Hummer-ի վարորդը, հավանաբար, արագ ընթանալով, փորձել էր խուսափել, որպեսզի չբախվեր ճանապարհի մեջտեղի չթույլատրելի հատվածում հայտնված սպիտակ գույնի ավտոմեքենային, դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ:

Կասկածյալ, ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դեպքի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:00-ին,«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը