Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի ուղղությամբ արձակված հարվածների արդյունքում երկու սիրիացի զինծառայող է զոհվել
07-09-2017 12:17:36 | Սիրիա | Հասարակություն
Երկու սիրիացի զինծառայողներ են զոհվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի տարածքի ուղղությամբ արձակված հարվածների արդյունքում:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Իսրայելական ինքնաթիռները Լիբանանի տարածքից մի քանի հրթիռներ են բաց թողնել Համա նահանգում տեղակայված մեր ռազամական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում մենք ունեցել ենք նյութական և մարդկային կորուստներ»,- նշվել է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սիրիայի ռազմական հրամանատարությունը այդ ագրեսիան գնահատում է որպես հարձակում Իսրայելի կողմից, որի նպատակն է եղել բարձրացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բարոյահոգեբանական վիճակը վերջին պարտություններից հետո:
«Սա ապացուցում է, որ Իսրայելն իր գործողություններով ուղիղ աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ին և այլ հանցավոր խմբավորումներին»,- ասվում է վերոնշյալ հայտարարության մեջ:
Սիրիացի զինվորականները նախազգուշացնում են Իսրայելի ագրեսիվ հարձակման հետևանքների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության պահպանման վրա: