Կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը


Կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

  • 12-09-2017 19:09:05   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։
Հայկական կողմից Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, մշակույթի, բնապահպանության, պաշտպանության նախարարությունների, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
 
Չեխական կողմից նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի արդյունաբերության և առևտրի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, բանկային համակարգի, Չեխիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի, առևտրաարդյունաբերական պալատի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Չեխիայի դեսպանության աշխատակիցներ։   
Միջոցառմանը մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետոթյան արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկան։ 
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ  Գարեգին Մելքոնյանի խոսքով, նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ: 
Ընդհանուր առմամբ, այս օրակարգը լավ նախադրյալ է լինելու հաջորդ տարվա համար:Նախագծվել է բավականին հագեցած և բազմաոլորտ օրակարգ` ուղղված և’ մասնավորի  և’ միջկառավարական մակարդակով համագործակցությանը: 
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլն իր հերթին նշել է. 
Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի և Չեխիայի միջև շատ նմանություններ կան: Բացի դրանից Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն  որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս դեպի Իրան և Ռուսաստան: 
Համանախագահները կարևորել են նաև երկու երկրների գործարարների միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը և նշել, որ առաջիկայում` հոկտեմբերին,  Երևանում կանցկացվի հայ-չեխական հերթական գործարար համաժողովը, ինչը լավ հնարավորությունն է գործարար կապերը նոր մակարդակի հասցնելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն