Կհաջողվի՞ կանխել տարածաշրջանում մեծ պատերազմը, որի ետևում Իսրայելի ականջներն են երևում
28-09-2017 14:55:34 | Իրաք | Քաղաքական
Իրաքի կառավարությունը Քուրդստանի տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմնին (երկուշաբթի օրվա հանրաքվեի արդյունքներով երկրի հյուսիսում անջատված, անկախություն հռչակած Քուրդստանի ղեկավարությանը) վերջնաժամկետ է տվել երկրի հյուսիսային սահմաններն ու օդանավակայանները կենտրոնական կառավարությանը հանձնելու համար:
Դրանից հետո տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիը նիստ է գումարել և որոշել է վերջնաժամկետի ավարտից առաջ Իրաքի կառավարության հետ բանակցություններ վարել: Վերջնաժամկետի ավարտին շատ քիչ է մնացել, որից հետո, եթե իրենց անկախությունը հռչակած քրդերի ղեկավարները չկատարեն Իրաքի կենտրոնական կառավարության վերոնշյալ պահանջը, կարող են ծավալվել ռազմական գործողություններ` մեծ պատերազմի վերաճելու հեռանկարով:
Ըստ իրանական ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Քուրդստանի տեղական ինքնակառավարման մարմնի նիստում քննարկվել են Իրաքի կենտրոնական կառավարության և խորհրդարանի որոշումները, որից հետո նիստի մասնակիցները ձայների մեծամասնությամբ որոշում են ընդունել վերջնաժամկետի ավարտից առաջ բանակցել Իրաքի կենտրոնական կառավարության հետ: Այս պահին դեռ տեղեկություններ չունենք` Իրաքի կառավարությունն ընդունե՞լ է բանակցելու առաջարկը, թե ոչ:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին սեպտեմբերի 26-ին Քուրդստանի տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմնին 72 ժամ վերջնաժամկետ է տվել` սահմանային անցակետերը և օդանավակայանները Իրաքի կենտրոնական կառավարությանը հանձնելու համար: Վարչապետից բացի, վճռական է եղել նաև Իրաքի խորհրդարանը, որը երեկվա նիստում կառավարությանը թույլատրել է Քուրդստանում Իրաքի քաղաքական իշխանության հաստատման համար կիրառել բոլոր տարբերակները, այդ թվում նաև` ռազմականը:
Թեև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Քուրդստանի տարածքում անկախության հանրաքվեի անցկացումը տարածաշրջանն ու Իրաքն ապակայունացնող քայլ է համարել, Իսրայելի սիոնիստական վարչակարգը, ըստ իրանյան աղբյուրների, ընդառաջել է քրդերի անջատողական հիշյալ շարժումը, անցկացված հանրաքվեն էլ ամերիկյան-սիոնիստական նախագիծ է` նոր Միջին Արևելք ստեղծելու ուղղությամբ:
«Չենք ցանկանում, որ անկախությունը տանի դեպի պատերազմ,- ասել է Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին:- Ուզում ենք Բաղդադի հետ երկխոսության միջոցով լուծում գտնել: Մենք տարածաշրջանային կայունությունն ապահովող գործոն ենք դառնալու»:
Քրդերը, համենայն դեպս, շարքային քաղաքացիները, բնականաբար, պատերազմ չեն ուզում, դա նրանց շահերից չի բխում ու չի մտնում նրանց նպատակների ու ծրագրերի մեջ, բայց հանրաքվեի արդյունքում հռչակած անկախությունից փաստացի չհրաժարվելու, առաջին փուլում Իրաքի հյուսիսում գտնվող սահմանային անցակետերն ու օդանավակայանները Իրաքի կենտրոնական կառավարությանը չհանձնելու և վերջինիս կողմից իրենց նկատմամբ ռազմական գործողություններից հետո դժվար թե զենքով զենքին պատասխանելուց բացի, ունենան որևէ այլընտրանք: