Աշխարհում նախորդ տարի տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտների արդյունքում զոհվել և վիրավորվել է ավելի քան 8 հազար երեխա
06-10-2017 13:35:59 | | Միջազգային
Ավելի քան 8 հազար երեխա է զոհվել և տուժել ամբողջ աշխարհում 2016 թվականի ընթացքում տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտների արդյունքում: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` «Երեխաները և ռազմական կոնֆլիկտները» խորագրով տարեկան զեկույցում:
Նշվում է, որ միայն Աֆղանստանում նախորդ տարվա ընթացքում զոհվել և վիրավորվել է շուրջ 3,5 հազար երեխա, ինչը համարվում է ռեկորդային բարձր ցուցանիշ այդ երկրի համար:
Զեկույցում նաև ասվում է, որ Սիրիայում և Սոմալիում ռազմական կոնֆլիկտների ընթացքում զոհված և վիրավորված երեխաների թիվը 2015 թվականի համեմատությամբ ավելացել է երկու անգամ:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2016 թվականի ընթացքում Սիրիայում զոհվել և վիրավորվել է գրեթե 2 հազար երեխա, իսկ Սոմալիում` 1,3 հազար:
Եվս 1,3 հազար երեխա տուժել և վիրավորվել է Եմենում: Ընդ որում, զեկույցի համաձայն` շուրջ 700 երեխայի զոհվելու և վիրավորվելու պատասխանատվությունն ընկնում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վրա: