«Բարեգործությունը եղել և մնում է մեր ընտանիքի կարևոր առաքելություններից մեկը». Նուբար Բոյաջյան
06-10-2017 14:55:19 | Հայաստան | Բարեգործություն
Միացյալ Նահանգներից ժամանած Բոյաջյանների ընտանիքը՝ Նուբար Բոյաջյանը, կինը` Հայկուշ Բոյաջյանը և նրանց դուստր Մերի Բոյաջյանը հոկտեմբերի 5-ին նախաձեռնել էին բարեգործական այց Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Նորք–Մարաշի 0-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված «ՄԱՆԿԱՆ ՏՈւՆ» ՊՈԱԿ:
Այցելությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը:
Տնօրեն Լիանա Կարապետյանը ողջունելով մանկան տուն այցելած հյուրերին եւ բարերարներին, իր եւ մանկատան սաների անունից շնորհակալություն հայտնեց Բոյաջյաններին, ապա ուղեկցեց մանկատան սաների մոտ, որտեղ բարերարները իրենց ձեռքով քաղցրավենիք բաժանեցին երեխաներին:
«Առաջին անգամ էինք լինում մանկատանը և փոքրիկների աչքերում անկեղծ ուրախություն նկատեցինք :Այս երեխաները մեր ջերմության կարիքն ունեն և յուրաքանչյուրիս ուշադրությունը կարող է երջանիկ ակնթարթներ պարգևել նրանց: Բարեգործությունը եղել և մնում է մեր ընտանիքի կարևոր առաքելություններից մեկը և նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական» -նշեց Նուբար Բոյաջյանը: