Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները. Շահան Գանտահարյան


Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները. Շահան Գանտահարյան

  • 20-10-2017 17:19:11   | Լիբանան  |  Վերլուծություն

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:
 
Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ  «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական մաքրման չեն հանգում: Չի բացառվում, որ ի վերջո դա եւս տեղի կունենա, երբ տեղայնացված այս գործողությունների սահմանափակ համաձայնությունները հանգեն ընդհանուր մեծ համաձայնության:
Ռաքքայի ազատագրման ամիսներ տեւած գործողություններին ամենից շատ երեւաց Սիրիայի ժողովրդավարական ուժերի մասնակցությունը: Պարզ է եւ ընդհանուր համոզում, որ այս ուժերը իրենց խորքում հովանավորվել են ԱՄՆ-ի կողմից, որտեղից էլ ստանում են թե՛ ֆինանսական եւ թե՛ զինվորական օժանդակություն: Սիրիայի ժողովրդավարական ուժերի հիմնական բաղկացուցիչ հանդիսացող քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատները կարեւոր դերակատարություն են ունեցել Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում: Ուրեմն, իր խորքում Վաշինգտոնի օժանդակությունը դեպի քրդական զինյալ ուժեր տեղի է ունենում միջնորդավորված ձեւով:
Մյուս կողմից, կառավարական ուժերը, որոնք չմասնակցելով Ռաքքայի ազատագրությանը ստանձնում են Ռաքքայի զինվորական վերահսկողությունը, բնականաբար հովանավորվում են Մոսկվայի կողմից, առաջին հերթին: Գործողությունը իրականանում է Վաշինգտոնի հովանավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից, իսկ ազատագրված տարածքների վերահսկողությունը ստանձնում են Մոսկվայի հովանավորությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերը: Քրդական ուժերը, որոնք մասնակից են այս երկկողմանի գործողություններին, ունեն հստակ դերակատարություն ահաբեկչազերծման ընդհանուր պատերազմում: Մոսկվա-Վաշինգտոն լուռ համաձայնությունը դրսեւորվում է այս կերպ։
Էլ ավելի է շեշտվում ԻՊ-ի ամբողջ վախազդու համակարգի գոյատևումը այն ուժերի կողմից, որոնք այսօր որոշել են գեթ այս փուլին նվազեցնել նրա ազդեցիկության գործոնը: ԻՊ-ի մայրաքաղաքը երկար ժամանակ չի դիմանում ոչ թե այս կամ այն գերտերության վճռորոշ հարվածներին, այլ նրանց կողմից միջնորդավորված ձեւով գետնի վրա կատարվող հարձակումներին:
Ոչ երկար դիմադրությունից հետո փուլ եկող` աշխարհը սարսափեցրած, նաւթային հանքերի տիրացած, ժամանակակից զինատեսակներ ձեռք բերած, տարբեր տարածքների վրա ցեղային զտումներ իրականացրած ԻՊ-ի մայրաքաղաքի պատկերը հետագա իրադրությունների վրա կարող է որոշ լույս սփռել:
Աշխարհագրական նոր սահմանագծումներով եւ ժողովրդագրական տեղաբաշխումներով հատկանշվող տարածքների համապատկերը ավելի է հստականում, երբ Դեր Զորի քաղաքամեջն ու անապատի խորքերը՝ դեպի իրաքյան եւ սիրիական սահմաններ գնացող շրջանները եւս ազատագրվեն ահաբեկիչ տարրերից:
Լարվածության մեղմացման գոտիներ հասկացությունը, որը անմիջականորեն իբրեւ գլխավոր խաղացողներ ունի Իրանը, Թուրքիան եւ ՌԴ-ն, հետզհետե պիտի տարածվի ամբողջ Սիրիայի եւ Իրաքի վրա: Բնականաբար նաեւ ներառելով Վաշինգտոնը:
Նման համաձայնություններից հետո ավելի պարզ է դառնում, թե ինչպես են ազատագրվում, դիմափոխվում եւ նոր վերահսկողություններ ստանում այդ տարածքները, որոնք ըստ ձեւի լարվածության մեղմացման, ըստ էության սակայն ազդեցության գոտիներ են` առնչված գերտերությունների համար:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն