«ԵՍ ԵՄ ԶԻՆՎՈՐԸ» բարեգործական ծրագրի 2-րդ փուլի ընթացքում նվերներ կփոխանցվեն Մարտակերտի, Ասկերանի և «Եղնիկներ» զորամասերի զինվորներին (տեսանյութ)


«ԵՍ ԵՄ ԶԻՆՎՈՐԸ» բարեգործական ծրագրի 2-րդ փուլի ընթացքում նվերներ կփոխանցվեն Մարտակերտի, Ասկերանի և «Եղնիկներ» զորամասերի զինվորներին (տեսանյութ)

  • 23-10-2017 16:38:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Բարեգործություն



 
Նոյեմբերի երկրորդ կեսից մեկնարկելու է «ԵՍ ԵՄ ԶԻՆՎՈՐԸ» բարեգործական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում Ասկերանի, Մարտակերտի զորամասեր և «Եղնիկներ» կհասցվեն զիվորների համար առաջին անհրաժեշտության պարագաններ և խրախուսական պատվոգրեր: 
 
Ինչպես հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բարեգործական ծրագրի նախաձեռնող, «ԱՅ ԲԻ ՍԻ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Արմենուհի Թունյանը, «ԵՍ ԵՄ ԶԻՆՎՈՐԸ» բարեգործական ծրագրի նպատակն է նյութական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել հայ զինվորին: 
 
Ըստ նրա՝ ծրագրի առաջին փուլն իրականացվել է սեպտեմբերի 5-ին, երբ տոնվել է Մատաղիսի 22-ամյակը: 
 
«Քանի որ հանրությանը խոստացել էինք լինել զինվորի կողքին, ուստի սպտեմբերին մեկնարկեցինք մեր ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում առաջին անհրաժեշտության պարագաններ ու խրախուսական պատվոգրեր նվիրեցինք Մատաղիսի, Հադրութի, Ջաբրաիլի, Արալեռի զորամասերի զիվորներին»,- նշեց Ա. Թունյանը՝ հավելելով, որ իրենց համար ամենակարևորը հայ զինվորի դեմքին ժպիտ տեսնելն է: 
 
Նրա խոսքերով՝ զինվորների համար նվերներ գնելու նպատակով հաճախ են դրամահավքներ կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում: 
 
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ տարբեր միջոցներով աջակցում են նաև զոհված կամ վիրավոր ազատամարտիկների անապահով ընտանիքների անդամներին: Մասնավորապես, «ԱՅ ԲԻ ՍԻ» ռազմահայրենասիրական ՀԿ-ին այդ հարցում օգնում է «Արմինո» հագուստի և կոշիկների խանութներից ցանցը: 
 
«ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական  հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռոլան Ազիզյանն իր հերթին նշեց, որ վերոնշյալ ծրագրի իրականացման գործում մեծ է այն բոլոր նվիրատուների դերը, ովքեր կամ գումար են փոխանցում, կամ հագուստ: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն