Մեկնարկել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը
25-10-2017 16:26:39 | Հայաստան | Սպորտ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը:
Այսօր կայացել են խաղերի ծրագրով անցկացվող ինքնաձիգի քանդում-հավաքում, նռնակի նետում և 1000 մետր վազք մրցաձևերի մրցումները, վաղը՝ հոկտեմբերի 26-ին, մասնակիցները կմրցեն ձգումներ՝ պտտաձողի վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք՝ (4x50 մետր) և հրաձգության՝ օդամղիչ հրացանով, վարժություններում:
Տեղեկացնենք, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են 2017 թվականի սեպտեմբեր ամսին՝ ներդպրոցական փուլով, որից հետո տեղի են ունեցել 2-րդ՝ տարածաշրջանային և 3-րդ՝ մարզային փուլերը: Ընդհանուր թվով միջոցառմանը մասնակցել է շուրջ 30000 զորակոչային և նախազորակոչային տարիքի դպրոցական՝ Երևան քաղաքից և ՀՀ մարզերից:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփումը, հաղթող և մրցանակակիր թիմերի պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: