«Յանդեքս»-ի քարտեզների խմբագրման ծառայությունն արդեն հասանելի է նաև հայերենով
02-11-2017 14:31:57 | Հայաստան | Հասարակություն
Այսուհետև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է «Յանդեքս» ընկերության թիմի հետ միասին ստեղծել քաղաքների և գյուղերի ճշգրիտ քարտեզները հայերեն լեզվով: Այս մասին ընկերության ներկայացուցիչներն ուրախությամբ տեղեկացրեցին Յանդեքս. Քարտեզների խմբագրող ծառայության պաշտոնական գործարկման ժամանակ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին:
«Յանդեքս»-ի քարտեզները խմբագրելու համար առանձնակի գիտելիքներ չեն պահանջվում, բավարար է օգտվել արբանյակային նկարներից և նշել տասնյակ տեսակի օբյեկտներ՝ ճանապարհներ և զբոսայգիներ, շենքեր և մուտքեր, խանութներ, լուսացույցեր և ճանապարհային տեսախցիկներ, իսկ բիզնես-սեփականատերերը կարող են ավելացնել իրենց ընկերությունների հասցեները կամ դրանց աշխատանքային ժամերը:
Քաղաքացիների կողմից քարտեզի խմբագրված տվյալները «Յանդեքս»-ի թիմի կողմից համապատասխան ստուգում անցնելուց հետո հաստատվում են և հասանելի դառնում հազարավոր մարդկանց:
Թարմացված տվյալները կհայտնվեն ոչ միայն Յանդեքս. Քարտեզների վրա, այլև որոնման դաշտում, Յանդեքս.Տաքսի և Նավիգատոր հավելվածներում:
Ընկերության ներկայացուցիչների համոզմամբ՝ սա նշանակում է, որ օգտվողներն ավելի հեշտությամբ կարող են գտնել իրենց անհրաժեշտ հասցեն կամ նորաբաց սրճարանը, պլանավորել ուղևորությունը կամ տաքսի կանչել ուղիղ շենքի մուտքի մոտ:
«Ռուսաստանում Յանդեքս. Քարտեզների խմբագրող ծառայությունն աշխատում է արդեն մի քանի տարի: Այդ ընթացքում ձևավորվել է մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար քարտեզագրությունը ոչ միայն քարտեզների թարմացման միջոց է, այլ նաև հոբբի: Մենք քարտեզների ստեղծման մեծ հետաքրքրություն ենք նկատում նաև Հայաստանի բնակիչների կողմից, այդ իսկ պատճառով նրանց համար տեղայնացրել ենք այս ծառայությունը»,- նշեց «Յանդեքս»-ի գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը՝ հավելելով, որ Հայաստանի շուրջ 1002 բնակավայրերը նշված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նրա փոխանցմամբ՝ ծառայության ռուսալեզու տարբերակի միջոցով օգտատերերն արդեն լրացումներ են կատարել Գյումրու, Արենիի, Գորիսի և այլ քաղաքների ու գյուղերի քարտեզներում, ինչպես նաև հստակեցրել են Երևանի սխեման:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քարտեզի վրա կատարվել են ավելի քան 400 հազար ճշգրտում:
Ն. Կալաշնիկովի խոսքերով՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով զբաղեցնում է 4-րդ տեղը:
Առավել հաճախ հայերը նշել են ճանապարհները, շենքերը և հասցեները: Բացի այդ, քարտեզներում նշված են ավելի քան 300 արագաչափերի ու տեսախցիկների գտնվելու վայրերը, որոնք կարող են կանխել վարորդների կողմից խախտումների կատարումը:
«Հայկական քաղաքների քարտեզները Յանդեքս. Քարտեզների վրա հայտնվել են 2015 թվականին: Դրանք թույլ են տալիս հասցեներ և կազմակերպություններ փնտրել հայերենով, ինչպես նաև կազմել երթուղիներ մեքենաների համար: 2016 թվականին ծառայությունը համալրվեց Երևանի համայնապատկերներով, որոնց վրա կարելի է տեսնել քաղաքի բոլոր հիմնական փողոցները և տեսարժան վայրերը»,- ընդգծեց «Յանդեքս»-ի ներկայացուցիչը:
Իր հերթին Յանդեքս. Քարտեզների խմբագրության ծառայության օգտագործող և մոդերատոր Տիգրան Պետրոսյանը նշեց, որ նախորդ տարի է միացել քարտեզների խմբագրման աշխատանքներին և արդեն հասցրել է կատարել շուրջ 57 հազար ճշգրտում:
«Մյուս խմբագիրների հետ միասին քարտեզագրել ենք Հայաստանի բոլոր բնակավայրերը և ճանապարհների մի մասը: Մասնակցել եմ նաև Արենի գյուղի քարտեզի կոլեկտիվ խմբագրմանը, ինչը հաջողվել է իրականացնել մի քանի ժամանում»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց թիմին և կատարել քարտեզների խմբագրում: