Թուրքիայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում ոչնչացվել է Քրդական բանվորական կուսակցության 22 անդամ
02-11-2017 16:35:28 | Թուրքիա | Միջազգային
Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առնվազն 22 անդամ է ոչնչացվել թուրքական բանակի կողմից այսօր տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհվածների մասին, այդ թվում երկու թուրք զինծառայողի մահվան մասին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Շեմդինլի շրջանում՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու:
Վերոնշյալ շրջանում ՔԲԿ զինյալների որոնման գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ վերջիններս հարևան Իրաքից ներթափանցել են Հաքքյար նահանգ:
ՔԲԿ-ն 1984 թվականից զինված պայքար է մղում Թուրքիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններին անկախություն տալու համար:
Այս ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ:
2015 թվականի հուլիսից, երբ հակամարտությունը սկսվեց, սպանվել է մի քանի հազար թուրք զինվորական և կազմակերպության հարյուրավոր զինյալներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը կարող է հասնել 500-ից 1000 մարդ: