Թուրքմենստանի նախագահի 37-րդ գրքի շնորհանդեսը կայացավ Երևանում (տեսանյութ)
04-11-2017 19:40:30 | Հայաստան | Նոր գրքեր
«Թուրքմենստանը՝ Մետաքսի մեծ ճանապարհի սիրտ». Այսպես է անվանել իր 37-րդ գիրքը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Գրքի հիմնական գաղափարը միջազգային հարթակում չեզոք Թուրքմենստանի ակտիվ և կառուցողական դիրքի վերաամիաստավորումն է նրա անցած պատմական ճանապարհի ոսպնյակի միջոցով:
«Թուրքմենստանը՝ Մետաքսի մեծ ճանապարհի սիրտ» գրքի շնորհանդեսը կայացավ Երևանի պետական համալսարանում՝ մեր երկրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաների, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների մասնակցությամբ:
«Մինչ գրքի մասին խոսելը, պետք է նշեմ, որ Թուրքմենստանում բարի ավանդույթ է դարձել, երբ ամեն տարին ինչ-որ անունով է կոչվում: Շարունակելով ավանդույթը՝ 2018 թվականն անվանվել է «Թուրքմենստանը՝ Մետաքսի մեծ ճանապարհի սիրտ»: Նախագահ Բերդիմուհամեդովի համանուն գիրքն արտացոլում է մեր երկրի զարգացման ժամանակակից հայեցակարգը՝ հիմնված պատմական փորձի, բարեկամության, թուրքմեն ժողովրդի հոգևոր ժառանգության հարգման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ առաջընթացին ինտեգրվելու ձգտումների վրա»,- իր ելույթում նշեց ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:
Նրա խոսքերով՝ Արևելքի և Արևմուտքի միջև տնտեսական, դիվանագիտական, մշակութային և գիտական զարգացման գործում էական դերակատարում ունեցած մետաքսի մեծ ճանապարհի բազմակողմանի վերլուծությունը հիմնավորում է Թուրքմենստանի դերը ժամանակակից ինտեգրացիոն գործընթացներում՝ շնորհիվ զբաղեցրած աշխարհագրական նպաստավոր դիրքի:
Իր հերթին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նկատեց, որ ուսանողները՝ ծանոթանալով նշյալ գրքի բովանդակությանը, ոչ միայն կկարողանան հաղորդակից լինել Թուրքմենստանի նախագահի կողմից ներկայացվող գաղափարներին և կոնկրետ առաջարկներին, այլև նոր գիտելիքներ ձեռք կբերեն մետաքսի մեծ ճանապարհի կարևորագույն նշանակության մասին.
«Ուզում եմ առանձնահատուկ նշել թուրքմեն ժողովրդի և Թուրքմենստանի հետ ունեցած մեր բարեկամական հարաբերությունների մասին: Բոլորովին վերջերս պաշտոնական այցով մեր երկրում էր Թուրքմենստանի հարգարժան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք կարևոր պայմանագրեր, այդ թվում Հայաստանի և Թուրքմենստանի պետական համալսարանների միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ շփումների համար»,- նշեց Ա. Սիմոնյանը:
Պաշտոնյաները փաստեցին, որ խորը ավանդույթներ ունեցող հայ-թուրքմենական գիտական ու մշակութային կապերն այսօր շարունակում են զգալի առաջընթաց ապրել: