Նաիրա Փիրումյանի մեկ տերեւի առասպելը


Նաիրա Փիրումյանի մեկ տերեւի առասպելը

  • 17-11-2017 18:46:47   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
 
Առաջին հայացքից պարզ եւ անգամՙ պատմություն թվացող պատմվածքները բացվում են դեպի հոգու խորքերը տանող նեղ արահետով, սակայն այդ արահետը հասնում է խոր ակոսներով լայնահուն ճանապարհների, որոնք դարձյալ հեռուներ ունեն: Այսպիսին է իմ տպավորությունը Նաիրա Փիրումյանի «Տերեւը» պատմվածքների ժողովածուին ծանոթանալուց հետո:
 
Փոքր արձակն ունի բազում գաղտնիքներ: Այդ տարածքը նվաճելու համար գրողից մեծ ջանք է պահանջվում: Եվ այստեղ դա երեւում է: Հեղինակը փորձել է հնարավորինս մոտենալ ընթերցողին: Ժողողածուի մեջ մտնող վեց պատմվածքներն առանձնանում են իրարից, տարբերվում, թեեւ ունեն ներքին բազմաթիվ նմանություններ: Ոչ միշտ է պահպանված կառուցվածքի տրամաբանությունը, սակայն պատմողի նպատակասլացությունը հաճախ փրկում է այն: Դիտվածը, ուսումնասիրվածը, զգացածը փոխանցվում է ընթերցողին մանրամասնություններով, որոնք ավելի են ուժգնացնում ասելիքը: Փոխանցումն այս դեպքում դառնում է լավագույն միջոցըՙ ապրումը, ցավը, կսկիծը հաղորդելու. ոչ թե լալու, կարեկցանք եւ գութ աղերսելու, այլ դրանք որպես կյանքի ռիթմ եւ գույն հայտնաբերելու: Պատմողի տեսակն է ամենահետաքրքրականն այստեղ, եւ ժողովածուի նորույթը պիտի գտնենք ա՛յս կերպարում: Նա հետեւում է իրադարձություններին, հերոսների ճակատագրերին, անկեղծանում է, եզրահանգումներ անում. «Երգը հոսում է, դուրս հորդում քո ներսիցՙ խաղաղացնելով սիրտդ ու հոգիդ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը լի են ուրախ հիշողություններով, որոնք գալիս են հեռվիցՙ դեռ արեւածագից: Տխրություն չկար առավոտյան, իսկ եթե կար, ապա այն չես էլ նկատել: Ուրիշներիՙ օդում կրակած ծուռ միտքը, վատ վարմունքը թեթեւ խաղ ես համարել ու մոռացության գրկում թողել, քանզի նրանք հոգուդ խորքեր այդպես էլ չհասան»:
 
Սա մի փոքրիկ հատված է «Օրը» պատմվածքից, որտեղ օրը պատկերված է որպես ամբողջ մի կյանքՙ արեւածագից մայրամուտ: Խոհափիլիսոփայական ընդհանրացումներով եւ արձակի ինքնատիպ հյուսվածքովՙ այն տալիս է օրվա բոլոր մասերի տրամադրությունը, հայտնաբերում օրը վայելելու, այն զգալու, սքանչանալու եւ գնահատելու հնարավորություններ:
 
Կերպարներ եւ բնավորություններ ներկայացնելը Փիրումյանի ժողովածուի հենակետերից է: Կերպարները շեշտված բնավորություններ ունեն, որոնց նախատիպերը, ենթադրվում է, լավ ուսումնասիրված են: Դրանք գուցե նույնանում են պատմողին, բայց եւ հեռանումՙ դառնալով սոսկ պատումի հյուսվածքի միավորներ: Այս դեպքում պատմվածքների հաջողվածությունը պիտի փնտրենք հերոսների հոգեբանությունը ճշմարտորեն վրձնելու մեջ: Պատերազմ, ֆիզիկական եւ հոգեւոր ցավեր, կորուստ, անցյալի վերհուշ, կենցաղ, նվիրում, հատկապես վերջինն ամենահարազատն է արձակագրին:
 
Գրական ստեղծագործության մեջ միշտ երեւում է հեղինակը, նրա եւ հասարակության միջեւ կապը, միջավայրը, ժամանակը, հատկապեսՙ կենսագրությունը: Զգալ ցավը եւ սոսկ վերարտադրել այն, նշանակում է հեռանալ գրականությունից, սակայն ցավը կերպավորելը, նրան որպես ընթացք ներկայացնելը շատերն են փորձել: Հայ արձակում լավագույն օրինակ է Աղասի Այվազյանի «Պորտը վրան» պատմվածքը, որի հերոսուհի Մարթայիՙ երեխա լույս աշխարհ բերելու ցավը ստեղծում է այն միջավայրը, որի շուրջ զարգանում է պատումի հյուսվածքը: Ճիշտ այդպես նաեւ «Տերեւը» ժողովածուի «30 սանտիմետրը»: Քսանամյա աղջկա կյանքի պատմությունը, կյանքի հանդեպ ունեցած այդօրինակ նվիրումը կոգեւորի շատերին: Խորհրդանշական է պատմվածքի բնաբաններից մեկը, որը վերցված է Օսքար Ուայլդից. «Տառապանքն ամենից նուրբ զգացումն է, որ կա աշխարհի երեսին: Խոնարհվում եմ նրա առաջ»:
 
Անցյալ դարի 50-ականներին ծնվեց Ֆրանսուազ Սագանի «Բարեւ, թախիծ» վիպակը, որը ցնցեց ֆրանսիացի ընթերցողին: Գրողը միանգամից ճանաչվեց իր երկրում, իսկ հետոՙ ամբողջ աշխարհում: Տասնութամյա աղջկա սիրո, կյանքի պատմությունը հետաքրքրեց շատերին: Վիպակում թեւում է թախծի թեման: Հերոսուհին անհարմարություն է զգում այդպիսի միջավայրում: Եվ թախիծըՙ որպես կերպար, առաջնորդում է վիպակի հյուսվածքին:
 
Նաիրա Փիրումյանի հերոսուհու ցավը բազմաշերտ է: Ցավի ֆիզիոլոգիան այստեղ գնահատվում է ամբողջապես: Դա սկսվում է հենց առաջին բառից եւ շարժել տալիս ծավալվող իրադարձությունների ընթացքը: Պատմողը ականատեսն է. ինքն է զգում, ճանաչում, բացապարզում: Հատկապես այս պատմվածքը կարդալուց հետո ընթերցողն իր համար չափազանց կարեւոր եզրահանգումներ կանիՙ կյանքը գնահատելու եւ այն պահպանելու համար: Հոգեւոր եւ ֆիզիկական ցավի ետեւում կյանքի շեմին մոտեցող աղջնակը հերոսաբար է տանում «ցավ-նվերը», որի միջոցով էլ նա բացահայտում է ոչ միայն իրեն, այլեւՙ մինչ այդ անծանոթ շատ երեւույթներ. «Ժամանակը կանգ առավ, ես կորցրի նրա զգացողությունը: Անէացա թե՛ ժամանակի, թե՛ տարածության մեջ: Ոչ թե ապրում ես այդ ընթացքում, այլ ընդամենը շոշափում ես կյանքը: Խեղդվողի պես թափահարում ես ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից... Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն ոտքդ, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն: Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի: Ցավոք, սուր չկար...»:
 
Փիրումյանը գրականություն է բերում իր հերոսինՙ ցավի եւ երջանկության սահմաններում բնակվողին, առաջինի դեպքումՙ երբ պիտի կրի այն, մյուսի դեպքումՙ երբ այն վաղուց իր մեջ է: Այսպիսի հակադրությունների տարածքում է հյուսվում պատմվածքը, որի պատմողը մանրամասնում է դեպքերի ընթացքը, հետեւում հոգու ձայներին մինչեւ վերջ, թափանցում իրականության գրեթե բոլոր շերտերը: Այս ոչ դյուրին եւ համարձակ աշխատանքը մեծ համբերություն է պահանջում. «Հենակների օգնությամբ սկսեցի կամաց-կամաց քայլել: Գնում էի նույնիսկ հարեւան սենյակներՙ սուրճի ու զրույցի: Իրական սուրճի համը ես այս պատերի ներսում զգացի: Հետագայում ինչ ձեւով էլ պատրաստվեր սուրճը, կուրգանյան սուրճը մնաց անկրկնելի: Ինչո՞ւ: Երեւի հաճույքի այդ պահերը, երբ մեղմացած է ցավդ (իհարկե դեղով) եւ դու նստած ես քեզ նմանների հետ ու խոսում ես թեկուզ ամենաանշան բաներիցՙ ի՞նչ գույն ես սիրում, նոր եկած հիվանդն ըստ քեզ ինչպիսի՞նն է, չի՞ խանգարի գիշերներն իր ճիչերով, քեզ տալիս են լիարժեքության ու գեղեցիկ ապրելու բոլորովին նոր լիցքեր եւ, իհարկե, սուրճի համն էլ ուրիշ է դառնում»: «30 սանտիմետր»-ը հոգու պատմություն է: Շրջապատը, մյուս մարդկանց, միջավայրը պատկերելը սոսկ խլացնում են հերոսի ցավը, նրան ժամանակավորապես կտրում իրական ցավի որոգայթներից:
 
Ժողովածուում տեղ են գտել ոչ միայն ժամանակակից կյանքն արտացոլող պատմվածքներ, այլեւ ոչ հեռու անցյալի պատմական մի շարք իրադարձություններ, որոնք իրենց խոր կնիքն են դրել մարդկային ամենատարբեր ճակատագրերի վրա: Կինը հինգ տասնամյակ սպասել է ամուսնուն, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհայտ կորած է համարվել («Վերջին ժպիտը»): Նա գորովանքով է հիշում Նիկոլի հետ ապրած տարիները, սպասում նրա վերադարձին: Այդ դրամատիկ «վերադարձը» հենց պատմվածքի ամենահաջողված հատվածն է: Կյանքը խամրում եւ անգունանում է կնոջ համար: Այդ տարիքում էլ նա սրտում պահել էր սիրո կրակը, որը հանգչում է այն պահից սկսած, երբ հասկանում է, որ «եթե հինգ տարի իր հետ է ապրել, ապա քառասուն տարիՙ օտար հողում ա՛յն կնոջ հետ», ուրեմնՙ կգնա նորից այն երկիրը եւ այն կնոջ մոտ: Արեւհատի վերջինՙ մահվան ժպիտում անգամ սպասում կա. «Կհանդիպենք երկնքումը, մեր փայ Աստծու քըշտին ու էլ չենք հեռանա իրարից»: Գրիգոր Զոհրապի հերոսուհին էլ «Այրին» պատմվածքում սպասում էր պանդուխտ ամուսնու վերադարձին: Կարեւոր չեն պատճառները, բայց սպասումըՙ որպես ժամանակի եւ հոգու ամբողջություն, երկու պատմվածքներում էլ կարեւորվում ու կերպավորվում է: Պատմական անցյալից բխող հուշերի վրա հիմնված «Ցավի գույնը» պատմվածքը օտար ափերում հայրենի Բիթլիսից գաղթած արեւմտահայերի իրականությունից վերցրած պատառիկ է: Վերհուշության, ճակատագրի հարվածի տակ, թեկուզ բարեկեցիկ կենցաղով երկրում, միեւնույն է, երբեք չի մոռացվում հայրենի երկիրը. կարոտը մշտարթուն հետապնդում է պատմվածքի հերոսներին:
 
Գրքի հեղինակը հավանաբար երկար է մտածել խորագրի մասին եւ ճիշտ հետեւության հանգել: Որովհետեւ խարիսխն այստեղ «Տերեւը պատմվածքն է: Խորհրդապաշտական եւ իրատեսական գույներովՙ այն խորհելու առիթ է տալիս կյանքի հավերժության ու ակնթարթի, մեծ եւ առաջին հայացքից աննշան թվացող երեւույթների շուրջ: Խոկումներով, մակընթացություններով եւ տեղատվություններովՙ հեղինակը ստեղծում է ընդամենը մեկ տերեւի «առասպելը»: Թվում էՙ ամեն ինչ գիտենք թափվող աշնանային տերեւների, գույների եւ ուշ աշնան տրամադրության մասին, բայց պատմողը նոր բան ունի ասելու աշնան անտառում մենակյաց կանաչ տերեւի մասին: Ստեղծվում է տարածության եւ ժամանակի հետաքրքրական խտացում: Խորհրդանշական տերեւի կյանքն աղերսներ ունի միայնության եւ օտարացման հետ: Երամից հեռու, չհասկացված, թեկուզ երիտասարդՙ տվայտում է կանաչ տերեւը: Ստեղծվում է հոգեբանական պատկերայնության աշխարհ. գունային, զգայական, դեպի ավարտը շտապող պատումի յուրահատուկ հյուսվածք. «Ոչ ոք այգում չէր երեւում: Միայն ծառերն էինՙ մերկ ու գորշ, կանաչ տերեւըՙ կպած ճյուղից: Մերկ ծառի ճյուղին կպած միակ տերեւը, կանաչ տերեւը հանկարծ սկսեց մեղմիկ երգել: Նա երգո՞ւմ է, զարմացան ներքեւինները»: Փաստորեն, կարելի է լքվել, միայնակ մնալ, բայցՙ երգել: Պատմվածքը հագեցած է արձակի ռիթմի հնարավորություններով: Moderato տեմպի բոլոր ելեւէջները կան այստեղ, հանդարտ ընթացող պատումի ընթացքը խզվում է աղեկտուր տագնապիցՙ հեռվից սպասվող ձայնից, որն ամբողջանում է արդեն պատմվածքի ավարտում պատկերված ցավի հետ: Բայց ֆանտասմագորիկ է հատկապես պատմվածքի ավարտը: Կանաչ տերեւը չի խառնվում ցածում արդեն հողին խառնված տերեւների հոգեվարքին: Նա ապրել է ուզում: Եվ շուտով գտնում է իր նման թեւավորների եւ նոր երամ կազմում նրանց հետՙ չմոռանալով իր անցյալը, ընկերներին: Ազատությունըՙ որպես գլխավոր մետաֆոր, տիրական է այստեղ: Ընդհանրապես, ժողովածուն, ամբողջությամբ, կրում է իր մեջ ազատության գաղափարներ:
 
Վերջերս լույս տեսած Նաիրա Փիրումյանի «Տերեւը» ժողովածուն ապրված ցավի, տառապանքի ու տխրության խտանյութ ունի, բայց նաեւՙ լավատեսության նվագներ: Ժողովածուում ընգրկված պատմվածքներն, անշուշտ, կհետաքրքրեն ընթերցողին պատումիՙ միայն իրեն բնորոշ անհավանական աշխուժությամբ եւ փայլով:
 
Անի ՓԱՇԱՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր