Գիտնականները 2018 թվականին կանխատեսում են մինչև 20 կործանարար երկրաշարժ
22-11-2017 16:01:26 | | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գիտնականները կանխատեսում են, որ հաջորդ տարի կործանարար երկրաշարժերի թիվը կարող է կրկնապատկվել Երկիր մոլորակի` իր առանցքի շուրջ պտույտի արագության նվազման պատճառով:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Մոնտանայի համալսարանի և Բոուլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականները։
Փորձագետները ուսումնասիրելով 20-րդ դարում տեղի ունեցած կործանիչ երկրաշարժերը՝ պարզել են, որ առավելագույն սեյսմիկ արագության շրջանները համընկել են Երկիր մոլորակի՝ սեփական առանցքի շուրջ կատարած պտույտի արագության փոփոխման շրջանների հետ։ Ավելին՝ երկրաշարժերի հաճախականության աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Երկիր մոլորակը դանդաղեցրել է իր պտույտը։
Կանխատեսման հեղինակ Ռոջեր Բիլհեմի հավաստմամբ՝ այս տարի եղել է ընդհամենը 6 ուժգին երկրաշարժ, բայց արդեն 2018 թվականին, երբ կդանդաղի Երկիր մոլորակի պտույտը, կարելի է սպասել մինչև 20 կործանարար երկրաշարժ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականները դեռևս հաստատ չեն կարող ասել այս փոխազդեցության պատճառը, սակայն ըստ նրանց՝ Երկիր մոլորակի պտույտի դանդաղումը կարող է ազդել միջուկի վրա, որն էլ իր հերթին կնպաստի սեյսմիկ ակտիվության առաջացմանը։