Ընթերցասեր հասարակությանն է ներկայացվել Արեգ Գրիգի «Սղագրեր» գիրքը
02-12-2017 18:31:42 | Հայաստան | Նոր գրքեր
Ժամանակին ինքնաճանաչման փորձեր կատարած լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգն ընթերցասեր հասարակությանն է ներկայացնում բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, որը կրում է «Սղագրեր» խորագիրը:
Երկու բաժնից՝ «Սղագրեր ապաշխարության» և «Սղագրեր սիրո» բաղկացած գիրքն ընդգրկում է հեղինակի 1996-2017 թվականներին գրված ստեղծագործությունները:
500 օրինակով հրատարակված «Սղագրեր» գրքի առանցքային հերոսը մարդն է՝ իր հոգևոր արժեքներով, մեղքերով ու ապաշխարությամբ, խոստովանական անմեկնելի հակադարձումներով, որոնք հեղվում են վերահայտ սիրո քրիստոնեական պատգամում, հոգևոր և աշխարհիկ օրենքների բախմամբ՝ ըննդեմ ամենաթողության:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Արեգ Գրիգը, մասնավորապես, նշել է.
«Երկար տարիներ ցանկանում էի գիրք ունենալ, սակայն ինքնաքննադատությունը, հիասթափությունն ու ինքնահամոզումը բերում էին այն մտքին, որ դա իմ առաքելությունը չէ: Սա իմ առաջին գիքն է, որտեղ ամփոփված են ստեղծագործական կյանքի մոտ 21 տարվա աշխատանքները»:
Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչել են նաև Արեգ Գրիգի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերն Աննա Մայիլյանի կատարմամբ:
Նշենք, որ երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամին: