Ինձ համար հերոսներն անցյալ ու ներկա չեն լինում. գրող Աննա Կոստանյանը պատրաստ է շտկել «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքում տեղ գտած վրիպակները (տեսանյութ)
08-12-2017 17:23:38 | Հայաստան | Հասարակություն
«ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» հուշակոթող գրքի հեղինակ Աննա Կոստանյանը պատրաստ է շտկել գրքում տեղ գտած վրիպակները:
Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անձամբ գրողը՝ անդրադառնալով որոշ ծնողների դժգոհություններին:
Ըստ նրա՝ 1000 տպաքանակով հրատարակված վերոնշյալ գիրքն ի սկզբանե նվիրված է եղել 2014 թվականի հուլիս-օգոստոսին Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհված 7 հայորդիներին, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով գրքի հրատարակությունն այնքան է ուշանում, որ 2016 թվականին տեղի է ունենում ապրիլյան պատերազմը:
«Սա իմ երրորդ գիրքն է, որը հրատարակվել է բացառապես իմ ուժերով և ոչ մի հիմնադրամ կամ պետական կառույց ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Դա է պատճառը, որ գրքի հրատարակությունը ձգվեց 3 տարի, արդյունքում գիրքը վերջնական տպագրության հանձնելուց առաջ որոշեցի նաև գրքում կարճ ինքնակենսագրական տվյալներով և մեկական լուսանկարներով անդրադարձ կատարել նաև ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին»,- նշեց Ա. Կոստանյանը՝ հավելելով, որ գրքի հիմնական հերոսների մասին տեղեկատվությունն անձամբ է գտել՝ այցելելով նրանց ընտանիքներ, իսկ ահա ապրիլյան պատերազմի հերոսների մասին կենսագրական տվայլներն ամբողջացրել է տարբեր լրատվական կայքերում տեղ գտած նյութերից:
Գրողի խոսքերով՝ «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գիրքը գրելիս՝ նպատակ է ունեցել նաև խթան հանդիսանալ իր գրչակից ընկերների համար, որպեսզի վերջիններս նույնպես փորձեն պատերազմում զոհված հայորդիների մասին գիրք գրել:
«Սիրելի ծնողնե՛ր, ինձ համար հերոսներն անցյալ ու ներկա չեն լինում, բոլոր հերոսները, ովքեր զոհվում են խաղաղ պայմաններում, նրանք արդեն իսկ բարձրագույն արժեք ունեն բոլորիս համար: Ես մեկն եմ այն գրողներից, ով փորձել է գրչով անմահացնել մեր հերոսներին թեկուզ փոքրիկ լուսանկարով, իսկ այն պարգևների ու կոչումների մասին, որոնք ձեր որդիներին տրվել են ամիսներ անց, ես չէի կարող գրքում զետեղել, քանի որ գիրքն արդեն պատրաստ էր հրատարակության»,- փաստեց Ա. Կոստանյանը՝ շեշտելով, որ ինքն այդքանն է կարողացել անել հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների համար:
Իր հերթին 2015 թվականի մարտին զոհված Էդուարդ Հայրապետյանի տատիկը՝ Կայծա Հայրապետյանն ընդգծեց, որ դժգոհող ծնողները պետք է իրենց շնորհակալությունը հայտնեն գրքի հեղինակին, իսկ դժգոհություններով դիմեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Աննային անձամբ չեմ ճանաչել, բայց այնքան շնորհակալ եմ, որ թեկուզ մեկ նախադասությամբ ու լուսանկարով իմ թոռանն էլ է անդրադարձել: Սա պարտադրանք չէ, որ նա կատարել է, այլ մարդկային ցանկություն, որի համար պետք է միայն շնորհակալ լինել»,- նշեց նա:
Ա. Կոստանյանի վստահեցմամբ՝ չնայած դժգոհություններին, ինքը չի հիասթափվելու, քանի որ «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի 145 հերոսները նաև իր համար են իրենց կյանքը զոհաբերել:
Նշենք, որ 1000 օրինակով տպագրված գրքերից 145-ը նվիրվել է հերոսների ընտանիքներին, իսկ մնացածը հանվել է վաճառքի: