Եթե հայերի ցեղասպանությունը դատապարտվեր, ապա 100 տարի անց եզդիների ցեղասպանություն չէր լինի(Տեսանյութ)


Եթե հայերի ցեղասպանությունը դատապարտվեր, ապա 100 տարի անց եզդիների ցեղասպանություն չէր լինի(Տեսանյութ)

  • 11-12-2017 14:57:45   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ցեղասպանական գործողությունները 2014 թվականից մինչ օրս շարունակվում են, և Իրաքի կենտրոնական կառավարությունն ու Քրդական ինքնավարությունը ոչ մի քայլ չեն կատարում եզդիների շարունակվող ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ 
 
Այս մասին  դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արևելագետ, «Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը` անդրադառնալով Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվան: 
 
Ըստ նրա, թեև գործող միջազգային կոնվենցիաներին, այդուհանդերձ, 21-րդ դարում դեռևս ցեղասպանությունները շարունակվում են, ավելին՝ նման պայմաններում անգամ մարդկանց վաճառք է տեղի ունենում: 
 
Ռ. Բաքոյանի խոսքերով՝ ներկայումս շուրջ 3500 եզդի կանայք, աղջիկներ և երեխաներ գտնվում են գերության մեջ: 
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն աստիճանաբար մաքրվել են Իրաքից, ուստի նրանք իրենց շուկաները տեղափոխել են Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ, որտեղ էլ իրականացնում են եզդիների վաճառքը»,- ընդգծեց բանախոսը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ Քրդական ինքնավարությունում գտնվող ցեղասպանությունից փրկված եզդիներն այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը, քանի որ երկու կողմերի՝ Իրաքի կենտրոնական կառավարության ու Քրդական ինքնավարության միջև բախումներն ավելի են սրվել։ 
 
«Շամս մարդասիրական» ՀԿ նախագահի համոզմամբ, եթե 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը դատապարտվեր և մեղավոր կողմը պատժվեր, ապա 100 տարի հետո ցեղասպանություններ չէին լինի: 
 
«Միջազգային ասպարեզում շատ եմ կարևորում հայերի դերակատարությունը, ուստի կոչ եմ անում մեր եղբայր հայերին միջազգային հարթակներն օգտագործել ի աջակցություն նաև եզդիների նկատմամբ շարունակվող ցեղասպանությունը կանխարգելելու գործընթացին»,- ընդգծեց Ռ. Բաքոյանը՝ շեշտելով, որ փոքր ազգերը պետք է ապավինեն միայն սեփական ուժին ու միասնականությանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play