Ճըվճվ Արոյի որդուն նախապես հաղորդվածից ավելի երկարատև ազատազրկում է սպառնում


Ճըվճվ Արոյի որդուն նախապես հաղորդվածից ավելի երկարատև ազատազրկում է սպառնում

  • 11-01-2018 23:16:20   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018թ. հունվարի 11-ին մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Սարգիս Վարդանյանին։
«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության մեջ:
Դեպքից ժամեր հետո քրեական գործը 244-րդ հոդվածից բացի, հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասով, որով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Քրեական գործը հարուցվել էր 242-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ ավտովթարի հետևանքով այդ պահին մահացած էր միայն «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 29-ամյա Արեգ Դավթյանը, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի ուղևորը՝ ՃՈ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը, դեռ ողջ էր: Քր. օր.-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվում միայն այն դեպքում, երբ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Ինչպես արդեն հայտնի է, հետագայում, հունվարի 9-ի երեկոյան Խաչիկ Գասպարյանը հիվանդանոցում մահացել է, և երկու զոհի առկայության պայմաններում Սարգիս Վարդանյանին մեղադրանքը, բնականաբար, պետք է առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի ոչ թե 2-րդ, այլ 3-րդ մասով, որով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում ոչ թե առավելագույնը 5 տարի ժամկետով, այլ 4-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Արդեն տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալների համաձայն, հունվարի 8-ին, ժամը 04:40-ի սահմաններում Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը, և ուղևորը՝ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։ Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play