Օգոստոսի 28-ին Սեւանում կմեկնարկի «Երաժիշտները հանուն
խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը
12-08-2009 14:24:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 28-ին Սեւանում
կմեկնարկի «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային երաժշտական
առաջին փառատոնը, որին կմասնակցեն ռոք եւ բլյուզ ժանրերում
ստեղծագործող երգիչներ եւ խմբեր Հայաստանից, Վրաստանից եւ
Անգլիայից` այդ թվում «Ռե մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս»,
«Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Ամրիտա»
խմբերը: Փառատոնի կազմակերպիչը «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերությունն է,
իսկ հովանավորներն ու աջակիցները ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ
կապի, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները:
Ինչպես օգոստոսի 12-ի ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի
նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման
վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նմանատիպ միջոցառումների
օգնությամբ է պետք խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:
Նա հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա ավանդական:
Երգիչ Ֆորշը նշեց, որ փառատոնի նպատակն է ակտիվացնել հայ
երաժիշտների համագործակցությունը միջազգային երաժշտական
կազմակերպությունների եւ խմբերի հետ, Հայաստանը միջազգային
հանրությանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ժամանակակից
ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակութային ավանդույթներով
ներկայացնելը: