«Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» խորագրով գիրքն արդեն ընթերցողների սեղանին է (տեսագրոություն)
19-01-2018 19:14:45 | Հայաստան | Գրական էջ
Երևանում կայացավ «Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» խորագրով գրքի շնորհանդեսը: Հեղինակը հայ ժամանակակից գրող, ֆիզիկոս, դրամատուրգ Սերգեյ Ոսկանյանն է:
Վերջինիս գրքում ներկայացված են բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված պատմության առեղծվածներին և էզոթերիկային, ալիքային գենետիկայի ուսումնասիրություններին, մարդու էներգետիկային, պատմական որոշ փաստերին և մարդկության անցյալին ու ապագային:
«Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» գրքում հեղինակը ներկայացնում է նաև սեփական հետազոտությունների և հաշվարկների վրա հիմնված տեսակետները:
«Ես 1974-1975 թվականներից խորասուզվել եմ գախտնագիտության մեջ և ուսումնասիրել եմ բազմաթիվ ձեռագրեր: Գրքում ներրառված է նաև թարգմանությունների բաժին, որում ընդգրկվել են երեք հնագույն և էկզոտերիկ գրականության մեջ քիչ հայտնի ձեռագրեր, որոնք հայերեն թարգմանվել են առաջին անգամ»,- նշեց նա՝ «Զմրուխտյա ցուցատախտակներ» ձեռագիրը թարգմանելիս՝ օգտվել է ռուսերեն տարբերակից, քանի որ եգիպտերեն չգիտի։
Ս. Ոսկանյանի խոսքերով՝ թարգմանություններն ուղեկցվել են մեկնաբանություններով, քանի որ ռուսերեն տարբերակը պարզունակ է եղել և ինքը կարողացել է մեկնաբանել յուրաքանչյուր ցուցատախտակը ժամանակակից ալիքային ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի մակարդակից:
Նշենք, որ «Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» գիրքը Սերգեյ Ոսկանյանի եռահատորյակի լույս տեսած երկրորդ հատորն է:
Առաջին հատորն ամբողջովին ընդգրկում է հեղինակի գեղարվեստական ստեղծագործությունները` պիեսները, պոեմները և բանաստեղծությունները՝ «Քրմապետը», «Շշուկներ լռության մեջ», «Պատահական վթար», «Ձմեռային երազ» և այլն։
Վերոնշյալ ստեղծագործություններում ներկայացվում են ալիքային գենետիկայի վերաբերյալ հեղինակի՝ սեփական ուսումնասիրությունների արդյունքները, նրա տեսակետներն արվեստի տարբեր ճյուղերի մասին` մնջախաղից մինչև ճարտարապետություն և այլն: