ԱՄՆ-ը պետք է իր զորքերը դուրս բերի Եփրատի արևելյան ափի տարածքից, կամ Իրանը կստիպի դա անել. Իրանի առաջնորդի խորհրդական
01-02-2018 15:39:43 | Իրան | Քաղաքական
ԱՄՆ-ը պետք է իր զորքերը դուրս բերի Եփրատի արևելյան ափի տարածքից, կամ Իրանը կստիպի դա անել:
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ւրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի խորհրդական Ալի Աքբար Վելայատին՝ հանդես գալով միջազգային համաժողովում:
«Վաշինգտոնը չի կարողանա բաժանել Սիրիան: ԱՄՆ-ը երկու տարբերակ ունի. Կամ նա դուրս կբերի իր զորքերը Եփրատի արևելյան ափից, կամ մենք կստիպենք նրան դա անել»,- նշել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տունը փորձում է բաժանել Մերձավոր Արևելքի երկրները, որպեսզի վերջնական և ամբողջական վերահսկողություն սահմանի դրանց վրա:
Ալի Աքբար Վելայատիի խոսքերով՝ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Վաշինգտոնի նշյալ ծրագրի արդյունքն են:
Նա նաև հիշեցրել, որ Իրանն իր զորքերը Սիրիա և Իրաք է մտցրել այդ երկու երկրների ղեկավարների խնդրանքով:
Նշվում է, որ հունվարի 21-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը Սիրիայում կպահպանի ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման, այլև «Իրանի թշնամական ազդեցությունը զսպելու համար»: