«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան կինոփառատոնի նոր՝ «Կորիզ», մրցութային ծրագրով կցուցադրվեն կարճամետրաժ 25 ֆիլմեր


«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան կինոփառատոնի նոր՝ «Կորիզ», մրցութային ծրագրով կցուցադրվեն կարճամետրաժ 25 ֆիլմեր

  • 24-06-2011 17:48:12   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան կինոփառատոնի մրցութային ծրագրերը համալրվել են եւս մեկ` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» ծրագրով, որը նախաձեռնել են ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Գագիկ Ղազարէն, Լուսինե Սարգսյանը եւ սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը։ Հունիսի 24-ի ասուլիսում նրանք նշեցին, որ «Ոսկե ծիրան»-ը հնարավորություն է ընձեռել իրենց այս ծրագրի շրջանակներում իրականացնել իրենց մտահաղացումները, սահմանել ֆիլմերի ընտրության սկզբունքները, նաեւ` կատարել ֆիլմերի ընտրությունը: Վարդան Հակոբյանի խոսքերով, երիտասարդ կինոգործիչների մեծ մասը, լիամետրաժ ֆիլմեր նկարահանելու համար բավարար միջոցների բացակայության պատճառով, աշխատում են փոքր ֆորմատի մեջ, իսկ այդ ժապավենները ամեն փառատոն չէ, որ հնարավորություն է տալիս ներկայացնելու։ Իսկ «Կորիզը» այդ հնարավորությունը տալիս է: Գագիկ Ղազարեն, պարզաբանելով, թե ինչու են ընտրել հենց «Կորիզ» անվանումը, ասաց. «Որեւէ արվեստագետի կինոարտադրության մեջ ներքաշվելու եւ նրա առաջին դրսեւորումները, կարելի է ասել, նրա ստեղծագործության կորիզն են»։ Նա նաեւ նշեց, որ նոր մրցութային ծրագրին ներկայացված ֆիլմերը պետք է առավելագույնը 30 րոպե տեւողություն ունենան: Աստղիկ Սիմոնյանի խոսքերով, «Կորիզ» ծրագրին ներկայացվել էին 135 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը` 18 երկրերից, այդ թվում 3 հայ ռեժիսորների ֆիլմերի հայտեր: Անդրադառնալով բավարար ֆինանսական միջոցներ չունենալու երիտասարդ հայ ռեժիսորների մշտական դժգոհություններին, նա նշեց. «Միայն ֆինանսը կարեւոր չէ. կարելի է ունենալ հետաքրքիր մտահաղացումներ եւ ֆիլմ նկարահանել ոչ մեծ ծախսերով: Մեր մրցանակն էլ գումար չի լինելու, այլ` հաջորդ ֆիլմը նկարելու ռեսուրսներ»: «Կորիզ» մրցութային ծրագրի ժյուրին նախագահելու է ֆրանսիացի հայտնի կինոպրոդյուսեր Թիերի Լոնուվելը: Ժյուրիի մյուս անդամներն են կինոգետ Օլգա Շերվուդը (Ռուսաստան) եւ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ին: «Կորիզ» մրցութային ծրագրի ֆիլմերի դիտումները տեղի կունենան Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play