Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատումն արդեն սկսված է, Աստված մի արասցե, որ այն վերածվի պատերազմի
08-02-2018 21:38:28 | ԱՄՆ | Հասարակություն
Ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցման շատ հիվանդագին գործընթացով: «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի դահլիճում վերջերս կազմակերպված համաժողովում (այդ մասին տես` http://nt.am/am/news/249702/ ) հանդես գալով «Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը. սպառնալիքներ արդի հայ հասարակության համար» վերտառությամբ զեկուցմամբ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը ներկայացրեց բազմաթիվ փաստեր, իրողություններ, որոնք վկայում են վերոնշյալ գործընթացի ոչ միայն շատ հիվանդագին, այլև վտանգավոր լինելու մասին:
Պարոն Սաֆարյանը նախ անդրադարձավ այն իրողությանը, որ Արևմտյան աշխարհը և նրա առաջնորդ ԱՄՆ-ը հսկայական ջանքեր են գործադրում ժամանակակից աշխարհակարգում իրենց տիրապետող դիրքը պահպանելու համար և ձգտում են թույլ չտալ աշխարհաքաղաքական մրցակիցների (հակառակորդների), առաջին հերթին, Ռուսաստանի և Չինաստանի զարգացումն ու ուժեղացումը:
«ԱՄՆ քաղաքական ղեկավարության ռազմավարության մեջ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իրանն ու ԿԺԴՀ նշված են իբրև հակառակորդներ «ագրեսիվ մղումներով», և խնդիր է դրված ցանկացած միջոցներով զսպել նրանց ակտիվությունը,- ասաց Արամ Սաֆարյանը:- Մասնավորապես` ժամանակակից Ռուսաստանի ողջ շրջապատը` Բալթիկայի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս, այսօր հանդես է գալիս իբրև անկայունության գլոբալ կորագիծ, որը լեփ-լեցուն է տարբեր տրամաչափի հակամարտություններով և առճակատումներով, որոնք սպառնում են ինչպես առանձին տարածաշրջաններին, այնպես էլ միջազգային հանրությանն ամբողջությամբ:
Արևմուտքի քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ 2018 թվականը կնշանավորվի մեծ Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում, Հարավ-Արևելյան Ասիայում և Արևմտյան քաղաքակրթության և Ուղղափառ քաղաքակրթության (ըստ Ս. Հանթինգթոնի) շփման ամբողջ գծով լարվածության հետագա աճով: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, ՀԱՊԿ կազմակերպչական ձևավորումն ու ակտիվությունը արևմտյան ստրատեգների կողմից ընկալվում են իբրև Ռուսաստանի փորձ` վերականգնելու նախկին Խորհրդային Միությունը և դրսևորվելու որպես գլոբալ այլընտրանք ժամանակակից արևմտյան աշխարհին»:
Ժամանակակից հյուսիսային եվրասիական տարածքի (որպիսին է հետխորհրդային տարածքի մեծ մասը, որը ցանկանում է ինտեգրվել և զարգանալ ընդհանուր տարածության մեջ) տեսաբաններն ու հետազոտողները, քաղաքական վերլուծաբանի հավաստմամբ, վերջին երկու տարում հիմնավորապես ապացուցել են, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը հանդիսանում է հինգ ետխորհրդային երկրների հիմնավորված և լավ մտածված ձգտումը` զարգացնելու իրենց տնտեսությունն ընդհանուր ինտեգրացիոն տարածքում, ակնկալել օգուտներ և շահեր ինտեգրացիոն գործընթացի ներուժի կենսագործումից:
Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երրորդ ալիքի երկու ծանր տարիներից հետո 2017 թ., ըստ բանախոսի, նշանավորվեց ակնառու դրական գործընթացներով ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսություններում, ինչը ստիպեց խոսել այդ տնտեսությունների` կայուն աճի մայրուղի ոտք դնելու մասին:
«Սա,- շարունակեց Արամ Սաֆարյանը,- չարացնում է Արևմուտքի ստրատեգներին, որոնք չեն հրաժարվում ամեն գնով թուլացնել Ռուսաստանը, զրկել նրան մերձավորագույն դաշնակիցներից և ազդեցության ոլորտներից, մեկուսացնել միջազգային գործընթացներից, ստիպել նրա քաղաքական ղեկավարությանը` հրաժարվելու բազմակենտրոն աշխարհում սեփական կենտրոն կերտելուց և դարձնել նրան վերահսկելի Արևմուտքի կողմից:
Միանգամայն ակնհայտ է, որ Արևմուտքում հակառուսական ալիքի համար վերջին առիթը դարձան ուկրաինական իրադարձությունները: Ռուսաստանն ընկալեց դրանք իբրև սպառնալիք սեփական քաղաքակրթությանը, իր հասարակության և պետության խորքային շահերին, և իրականացրեց կանխարգելող պաշտպանական միջոցներ` թույլ չտալու համար սեփական քաղաքակրթական հիմքերի թուլացում և քայքայում: Այն հիմքերի, որոնք ներկայացնում են նրա աշխարհաքաղաքական տեղը ժամանակակից աշխարհում: Արևմուտքը, որը տարիներ շարունակ իրականացնում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականություն, և վաղուց է դուրս եկել սեփական քաղաքակրթական տարածքի սահմաններից, ջանքեր է գործադրում իր հետագա ընդլայնման համար և ընկալում Ռուսաստանի ակտիվությունը որպես «ագրեսիա», դարձնելով նրա դեմ պայքարը իր քաղաքականության առաջնահերթություն: Այսպիսով, ուկրաինական իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես և վերաբերմունքը սիրիական իրադարձությունների նկատմամբ` բնորոշում է տարբեր երկրների վերաբերմունքը Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատմանը, ինչպես նաև վերաբերմունքը կողմերի դիրքորոշումների հանդեպ, ինչպես քաղաքական, քաղաքացիական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից»:
2018թ., ըստ քաղաքական վերլուծաբանի, դոմինանտ կդառնա ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայքարը` Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում թույլ չտալու, Ռուսաստանի դաշնակիցներին նրանից հեռացնելու, եվրասիական տարածքում ինտեգրացիան և միավորման ջանքերը արգելափակելու համար: Եվ չնայած շատ արևմտյան վերլուծաբաններ համակարծիք են, որ Թրամփի վարչակազմի ժամանակ նեոլիբերալ գաղափարների գերակայությունը կնահանջի, բոլորովին պարզ չէ, թե այդ դեպքում ինչպե՞ս են շարունակելու իրենց գործողությունները եվրասիական նորարարությունների և ինտեգրման գործընթացների դեմ Լեհաստանը, Շվեդիան, Գերմանիան և Հոլանդիան: Կամ էլ հարց` Մեծ Բրիտանիան, առանց ԱՄՆ աջակցության, արդյոք կշարունակի՞ առաջ մղել ետխորհրդային տարածքի համար անընդունելի, լիբերտարիան, չափազանց կասկածելի բնույթի բարեփոխումներ, հիմնվելով միայն սեփական տեսլականի և ներուժի վրա:
«Նախկին Խորհդային Միության անկումից հետո տպավորություն ստեղծվեց, որ «սառը պատերազմում» նրա պարտությունով աշխարհը դադարեց գտնվել գլոբալ առճակատման վիճակում, իսկ նոր Ռուսաստանը և նրա դաշնակիցները շատ արագ կինտեգրվեն մեծ Արևմուտքի համակարգ,- ասաց Արամ Սաֆարյանը:- Սակայն երբ 2000-ական թվականներին պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենալու, իսկ ետխորհրդային տարածքը ժամանակակից Արևմուտքի կողմից դիտարկվում է լոկ իբրև տարածք հարուստ բնական պաշարներով և որոշակի շրջանակներում պիտանի մարդկային ներուժով, Ռուսաստանը հանդես եկավ նախաձեռնությամբ` դառնալու բազմակենտրոն աշխարհի ինքնուրույն բևեռ, ինքնաբավ ազդեցության և ձգողականության կենտրոն իր ավանդական դաշնակիցների համար: Արդյոք առճակատման ժամանակակից իրողությունները կկրկնե՞ն «սառը պատերազմի» դարաշրջանը, թե՞ դրանք կընդունեն ինչ-որ այլ ձև, ավելի շատ ակադեմիական հարց է: Ակնհայտ է, որ քաղաքական իրողությունների տեսանկյունից հենց այդ առճակատումն է մեծապես բնորոշելու մեծամասամբ Ռուսաստանի վերաբերմունքը իրեն շրջապատող աշխարհին, իր դաշնակիցների և գործընկերների հանդեպ, իր ազդեցության ավանդական ոլորտներին»:
Հիշյալ ՀԿ-ի ղեկավարի հավաստմամբ, միանգամայն ակնհայտ է նաև, որ դա շատ զգայուն հարց է ռուսական քաղաքականության համար, և հենց այդ պատճառով էլ համախմբում է ռուսաստանյան հասարակության ճնշող մեծամասնությանն իր քաղաքական ղեկավարության շուրջ, ստիպելով գեներացնել արտաքին ներխուժումներից ռուսաստանյան պետության, ռուսաստանյան հասարակության արդիական արժեքների, ռուսաստանյան քաղաքակրթության պաշտպանության համար նոր գաղափարներ և մոտեցումներ:
«Այստեղ,- շարունակեց Արամ Սաֆարյանը,- քիչ նոր բան կա, եթե ուսումնասիրենք վերջին երկու հարյուր տարիների պատմությունը: Նոր է միայն այն, որ ռուսաստանյան-եվրասիական քաղաքակրթության պաշտպանության ապահովման ձևերը ձևակերպում են նոր տերմիններ, մեծամասամբ նոր հասկացությունների ապարատ, նոր կատեգորիաներ` գաղափարախոսության կառուցման համար, որոնք բնորոշ են մեր օրերին»:
ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ բանախոսի, բազմաթիվ ետխորհրդային քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել գաղափարախոսությունների ավարտի դարաշրջանի մասին: Վերջին քսանամյակի պատմությունը ցույց տվեց, թե որքան սխալ էին նրանք: 2000-ականների սկզբին արևմտյան հետազոտողները նշում էին, որ ետխորհրդային տարածքը հանդիսանում է աշխարհում ամենաապագաղափարականացվածը և դա ուղղակի զարմացնում է: Այդ համապատկերում արևմտյան երկրները կենսագործելով իրենց ռազմավարական մշակումները, ավելի ու ավելի խորն էին ներթափանցում ետխորհրդային հասարակությունների մեջ` ավանդական դեմոկրատական գաղափարներից հետո տարածելով արդեն ավելի վիճելի, իսկ մեծամասամբ նաև անընդունելի լիբերտարիան արժեքներ` շատ կոնկրետ նպատակներով:
«Հարկ է մանրամասն կանգ առնել այդ նպատակների վրա,- ասաց քաղաքական վերլուծաբանը:- Ետխորհրդային երկրներին սկզբում թվում էր, թե արևմտյան դիտորդները, քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները և ոչ կառավարական կազմակերպությունները աշխատանք են տանելու` նորանկախ պետություններն իրենց մոտեցնելու և արևմտյան արժեքների մեծ համակարգ ընդգրկելու համար: Սակայն պարզվեց, որ իմաստ չունի սպասել Եվրոպական միություն Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի արագ ընդունմանը (եթե երբևէ տեղի է ունենալու), ինչ-որ մի ընդհանուր տարածքի ձևավորմանը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ` ընդհանուր քաղաքական արժեքներով, ընդհանուր տնտեսությամբ և նման քաղաքացիական հասարակություններով: Արևմուտքը շատ հստակ նշագրեց, որ միավորման փոխարեն լավ կլինի մտածենք ենթարկվելու մասին, քաղաքական մշակույթների մերձեցման փոխարեն, արևմտյան ռազմավարություններին կուրորեն ենթարկվելու: Դա հասկանում են բոլոր ետխորհրդային հասարակություններում և ձգտելով խուսափել բացահայտ առճակատումից և թշնամանքի հրահրումից, հնարավորություններ են փնտրում` նոր պայմաններին հարմարվելու և այդքան անհրաժեշտ ինտեգրման գործընթացի զարգացման համար շրջապատող անբարյացակամության դժվարին պայմաններում:
Հասկանու՞մ ենք արդյոք մենք մեր ժամանակակից հայկական հասարակության մեջ, որ արևմտյան երկրների ճնշումը` մեր հասարակության բարոյականությանն ու ավանդական արժեքներին արմատապես հակասող օրենքների ընդունման նպատակով, ուղղված են ոչ թե մեր հասարակության ներուժի ուժեղացմանը, այլ թուլացմանը, ամբողջությամբ վերցրած` ցանկացած արտաքին բացասական ազդեցության դեմ ազգային և քաղաքացիական դիմադրությունն արմատախիլ անելուն:
Հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ հասարակությունը, որը զրկված է որևէ մեծ նպատակներ հետապնդելուց և լավագույն ապագայի իրական հույսերից, դատապարտված է խարխափելու օտար արժեքների և անհասկանալի բարոյականության խավարում: Արդյոք դրա՞ն էին ձգտում վերջին քսան տարիների քաղաքական բարենորոգիչները, որոնք խոսքով հաստատում էին անկախությունը, ազգային ինքնիշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները որպես բացարձակ արժեք: Նայե՛ք, խնդրեմ, արևմտյան երկրների և կառույցների աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին. արհամարհանք դեպի Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյան ավանդույթները, հայ-ռուսական բարեկամության ավանդույթները, մտածողության մեջ վերջին 200-300 տարվա ընթացքում ձևավորված արժեքները, արհամարհանք այն ամենի հանդեպ, ինչն իր մեջ պարունակում է «քաղաքակրթություն» հասկացությունը»:
Արամ Սաֆարյանի հավաստմամբ, համոզված կարելի է ասել, որ շատ ակտիվ, շատ մանրամասն մտածված և շատ հետևողական գծի իրականացման շնորհիվ, արևմտամետ հասարակական կազմակերպություններին, արևմտամետ քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին և ինտելեկտուալներին հաջողվել է գաղափարախոսությունների և արժեքների պայքարի գիծը տանել` հայկական հասարակության մեջ ճեղք առաջացնելով, այն բաժանելով երկու մասի, որոնք իրար հավասար չեն: Մի կողմում հայ հասարակության ճնշող մեծամասնությունն է: Այն դեմ է լիբերտարիան բարեփոխումներին և Արևմուտքի գործողություններին, որոնք ուղղված են ավանդական արժեքների քանդմանը: Սակայն, հասարակության այդ մասը որևէ կերպ կազմակերպված չէ, շատ թույլ է ներկայացված երկրի քաղաքական և հասարակական դաշտերում և գտնվում է լատենտ իրավիճակում, փնտրելով առաջնորդներ և ակտիվիստներ, որոնք պատրաստ կլինեն ազնվորեն և հետևողականորեն պաշտպանելու այդ ավանդական արժեքները:
«Մյուս մասը,- շարունակեց քաղաքական վերլուծաբանը,- մի քանի հազար արևմտյան հասարակական ակտիվիստներն են, այն քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, որոնք անվերապահորեն լծվել են կենսագործելու արևմտյան լիբերտարիան արժեքները, որոնք հասարակությանը տրամադրում են` ընդունել այդ նույն արժեքները, և որոնք հեռու են պահում Հայաստանի իշխանություններին` արևմտյան ճնշումներին չենթարկվելու քայլերից: Այդ մեծ խմբավորումը (որն այլ կերպ չես էլ անվանի) ամբողջովին բաղկացած է միայն առաջնորդներից և ակտիվիստներից, նրանք չունեն ոչ քաղաքական, ոչ ոգեղեն, ոչ նյութական շահագրգռություն` պահպանելու և ամրապնդելու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, եվրասիական տարածքի երկրների հետ համագործակցությունն ու գործընկերությունը: Նրանց համար հայ-ռուսական դաշինքի մասին խոսակցությունները հանդիսանում են հոգսաշատ թեմա և «անխուսափելի չարիք», անհետաքրքիր, բայց առայժմ պարտադիր երևույթ:
Սերունդը, որը դաստիարակվել է խորհրդային հասարակությունում, խորհրդային ավանդույթների պայմաններում, անշեղորեն ծերանում է, չնայած առայժմ մեր հասարակության դեմքն է: Երիտասարդ սերունդը դաստիարակվում է պրագմատիզմի, օգուտի և շահի գաղափարների վրա և իր վրա կրում է վերջին երկու տասնամյակների կրթական և դաստիարակչական համակարգերի լավի ու վատի բոլոր կնիքները: Մեր երիտասարդությունը քիչ բան գիտի այն մասին, ինչ մենք անվանում ենք ժամանակակից եվրասիական քաղաքակրթություն»:
Մեր երիտասարդությունը, ըստ Արամ Սաֆարյանի, կուզենար ավելի շատ բան իմանալ Հյուսիսային Եվրասիայի քաղաքակրթության մաս կազմող ժողովուրդների համակեցության և փոխգործակցության իրական պատմության և դրական ավանդույթների մասին: Եթե մենք ամենալուրջ ուշադրությունը չդարձնենք մեր երեխաներին, պատանիներին և երիտասարդությանը` ավագների համար ընդունելի ավանդույթների ոգով, և նրանց չմերձեցնենք մեր արժեքներին, ապա, քաղաքական վերլուծաբանի հավաստմամբ, հաջորդ սերունդը, որը կբնորոշի մեր երկրի վաղվա քաղաքականությունը, բարոյականությունը և հասարակական դիմագիծը, կլինի անօգնական և, մեծ հավանականությամբ, կկրկնի այն սխալները, որոնք անցյալում մեր ժողովրդի համար ողբերգական հետևանքներ են ունեցել: