Ակնարկն ուղղված է Իրանի գլխավոր թշնամիներին` ԱՄՆ-ին և Իսրայելին` մեզ հանկարծ չշփոթեք Իրաքի, Լիբիայի և Սիրիայի հետ…
19-02-2018 01:31:48 | Իրան | Քաղաքական
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերը շատ շուտով համալրվելու են «Միդջեթ» սուզանավով և «Ջամարա» նոր ականակրով: Այս մասին տեղեկացրել է Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին:
Պարսից ծովի օվկիանոսագիտության 4-րդ կոնֆերանսում ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է. «Այս ամիս Իրանի հարավային ջրերում շահագործման է հանձնվելու ամբողջական տեղական արտադրության «Միդջեթ սուզանավը»:
«Սուզանավն իր տեսակի վերջին սերունդն է,- ասել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը:- Նոր սերնդի սուզանավերն Իրանի բանակի ծովուժի նավատորմին են միանալու 2018 թվականին»:
Ծովակալ Հոսեյն Խանզադիի տեղեկացմամբ, «Ջամարա» նոր ականակիրը 2018 թվականի մարտին միանալով Իրանի բանակին, կիրառվելու է հարավային նավատորմում:
Իր հերթին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երեկ մեկ այլ առիթով ընդգծել է երկրի պաշտպանական ուժի մեծացման անհրաժեշտությունը:
«Թշնամու ռազմավարությունը կենտրոնացած է շրջափակումների միջոցով Իրանի ժողովրդի դեմ դավեր նյութելու և նրան նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշումներ գործադրելու վրա»,- ասել է Ամիր Հաթամին:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հավաստմամբ, «Թշնամին փորձում է ամեն կերպ կենտրոնանալ պաշտպանական ոլորտի, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հզորության առանցքների վրա և թուլացնել ազգային ուժի բաղադրիչները»:
Իրանի Պաշտպանության նախարարն ընդգծել է. «Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ ամենայն զգոնությամբ կհաղթահարի բոլոր սադրանքները և հետևելով սրբազան պաշտպանության 8-ամյա փորձին, երբեք չի հրաժարվի իր պաշտպանական ուժից»:
Նշելով, որ թշնամին ԻԻՀ հրթիռային ուժի պատրվակով Իրանին փորձում է ստիպել զիջումների գնալ, գեներալն ասել է. «Իրանի ժողովուրդը հաղթահարելով բոլոր սադրանքները, թշնամություններն ու շրջափակումները, կարողացել է ձեռք բերել անհրաժեշտ պաշտպանական ուժ և այս հարցում երբեք համեմատելի չէ այլ երկրների հետ»:
Ակնարկն ուղղված է Իրանի գլխավոր թշնամիներին` ԱՄՆ-ին և Իսրայելին` մեզ հանկարծ չշփոթեք Իրաքի, Լիբիայի և Սիրիայի հետ…