Քշիշտոֆ Պենդերեցկի. «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»


Քշիշտոֆ Պենդերեցկի. «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»

  • 19-02-2018 11:22:31   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնն ամփոփվեց ամենաբարձր նոտայով. փառահեղ երաժշտություն, հայ երաժիշտների կատարողական մեծ վարպետություն, նվագախումբ բեմում, նվագախումբ օթյակում… Փետրվարի 17-ին Հայաստանում առաջին անգամ ներկայացվում էր Պենդերեցկու Յութերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։ 
 
Սիմֆոնիան ստեղծվել է Երուսաղեմի 3000-ամյա հոբելյանի առթիվ` Երուսաղեմի քաղաքապետի պատվերով։ Այն գրված է 5 վոկալիստների, ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Յոթ մասից բաղկացած ստեղծագործության հիմքում Հին կտակարանի տեքստերն են։ Սիմֆոնիայի գաղափարական բովանդակությամբ կոմպոզիտորը ցանկացել է ընդգծել, որ Երուսաղեմի դարպասները գիշերուզօր բաց են յուրաքանչյուրի համար, և նրա երազանքն է, որպեսզի սրբազան այս հողում թագավորի խաղաղությունը։ 
«Երուսաղեմի յոթ դարպասները» ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։ 
«Երուսաղեմի յոթ դարպասները» սիմֆոնիան հնչել է աշխարհի ամենահեղինակավոր դիրիժորների ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այս համերգը և հատկապես` մաեստրո Պենդերեցկու ներկայությամբ։ «Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանում կարող ենք կատարել նման ստեղծագործություն, իրականացնել նման նախագիծ։ Սա կարևոր նշաձող է մեզ համար։ Մաեստրո Պենդերեցկուն շատ բան է կապում հայ երաժիշտների հետ։ Բայց պրոֆեսիոնալ դաշտում ամենակարևորը որակական չափանիշներին համապատասխանելն է։ Մաեստրոն Հայաստանում տեսնում է որակյալ երաժիշտների ամբիցիաներ՝ բարդագույն գործերը ներկայացնելու ցանկություն։ Եվ այն կապը, որ կա Պենդերեցկու, հայ երաժիշտների, իմ ու իմ կոլեգաների միջև, պետք է կարողանանք պահպանել ու զարգացնել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Քշիշտոֆ Պենդերեցկին, ամփոփելով իր հոբելյանին նվիրված փառատոնը, նշեց, որ երջանիկ է լինել Հայաստանում։ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր։ Բոլոր համերգները լավագույնս էին ներկայացված։ Ինձ համար միշտ մեծագույն հաճույք է գալ Հայաստան. հիանալի մթնոլորտ է տիրում այստեղ»,- ասաց Պենդերեցկին։ 
Մաեստրոն խոսեց նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանի վարպետության մասին. «Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին։ Տարեցտարի նա ավելի ու ավելի է կատարելագործվում։ Սերգեյն այժմ մեծ դիրիժոր է. իր սերնդի լավագույններից մեկն է։ Ես շատ ուրախ եմ, որ նրա ղեկավարությամբ կհնչի Յոթերորդ սիմֆոնիան, որն ինձ համար լավագույններից է»։
Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցկացվում էր Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։
Պենդերեցկու արվեստը դժվար է տեղավորել որևէ կաղապարի մեջ։ Նա գրում է ամենատարբեր ժանրերում՝ սիմֆոնիաներ, օպերաներ, օրատորիաներ, կամերային երաժշտություն… Պենդերեցկին հետաքրքրվում է ամեն ինչով, ինչ շրջապատում է իրեն։ Նա չի սահմանափակվում միայն կոմպոզիտորի և դիրիժորի մասնագիտությամբ։ Այն, ինչ հետաքրքիր է, ինչ տեսնում է շրջապատում, մաեստրոն արտացոլում է երաժշտության մեջ։ Երբ երաժշտական գործիքների կամ մարդկային ձայնի արտահայտչամիջոցները նրան չեն բավարարում, նոր գործիքներ է ստեղծում։ Դրանցից մեկը, որ կոչվում է տուբաֆոն, ստեղծվել է «Երուսաղեմի յոթ դարպասները» սիմֆոնիայի համար, և հայ վարպետների կողմից պատրաստված տուբաֆոնը փետրվարի 17-ին Հայաստանում հնչեց առաջին անգամ։ 
Նրբաճաշակ, բարձրակարգ արվեստը սիրող ու գնահատող մեր հանդիսատեսը չորս օր վայելեց Պենդերեցկու երաժշտությունն ու աշխարհը, շփվեց լեգենդ դարձած մաեստրոյի հետ։ 
«Շատ շնորհակալ եմ հայ հանդիսատեսին։ Ֆանտաստիկ հանդիսատես ունեք։ Բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։ Եվ ունկնդիրների արձագանքն իմ երաժշտությանն այնքան գեղեցիկ էր»,- փառատոնի փակման օրն ասաց Պենդերեցկին՝ իր երախտագիտությունը հայտնելով իր երաժշտության հայ երկրպագուներին։ Իսկ ունկնդիրներն իրենց հարգանքը, սերն ու գնահատանքը մեծ երաժշտին արտահայտում էին հոտնկայս, անվերջանալի ծափահարություններով ու մաեստրոյի հետ հաջորդ հանդիպման սպասումով։ 
Հիշեցնենք, որ Պենդերեցկու փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ