Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիան ամբողջ Միջին Արևելքն է հրկիզելու, գուցե նաև՝ ողջ աշխարհը…


Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիան ամբողջ Միջին Արևելքն է հրկիզելու, գուցե նաև՝ ողջ աշխարհը…

  • 25-02-2018 00:45:14   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Զոհի ու դահիճի տեղերը «շփոթելու» հայերիս ծանոթ ձեռագիր է…
ԱՄՆ-ը Սիրիայում հեռուն գնացող նպատակներ ունի, և նկատի ունենալով ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունները, պատրաստվում է Սիրիայում շատ վտանգավոր գործողությունների: Իրադարձությունների զարգացումը դրանից հետո ո՞ւր կտանի աշխարհը…
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանն ահաբեկիչներից մաքրագործելու Սիրիայի բանակի ծրագիրը տապալելու նպատակով, ամերիկացի զինվորականները փորձում են ԻԼԻՊ ահաբեկիչներին տեղափոխել Արևելյան Ղութա: Այս իրողությունը խոստովանել են հենց իրենք՝ Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները:
Արևելյան Ղութան ահաբեկիչների, ծայրահեղականների և Սիրայի նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդների հիմնական պատվարներից մեկը լինելով, դրանցից Դամասկոսի կենտրոնական մասին ամենամոտ գտնվողն է:
ԻՍՆԱ գործակալությունը հղում կատարելով «Ռիա Նովոստի» գործակալությանը, հաղորդել է. «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ահմեդ Խազեմը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ԻԼԻՊ-ի և թաքֆիրական խմբերի ահաբեկիչներին փոխադրել Ալ-Թանեֆ, ապա Արևելյան Ղութա, որպեսզի խափանի տարածաշրջանը մաքրագործելու՝ Սիրիայի բանակի նախագիծը»:
Լիբանանի «Ալմայադին» հեռուստաընկերությունն անդրադարձել է Դամասկոսի արվարձանային Արևելյան Ղութայի իրավիճակի մասին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի լրատվամիջոցների աղմկահարույց հաղորդումներին, նշելով, որ ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո Սիրիայում ԱՄՆ-ի նպատակներն ամփոփվում են Եփրատի արևելյան ափերում մնալու, պատերազմը շարունակելու և այդ երկրի մասնատմանն ուղղված ծրագրերի մեջ:
Հիշենք, որ Հալեպի «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 20-ին Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում Թահրիր և Ումաուիին հրապարակների ու շրջակա թաղամասերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 20 քաղաքացի: 
Բացի այդ, ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ահաբեկիչները հրթիռակոծել են նաև Դամասկոսի Ապպասիին շրջանը, վիրավորվել է 9 քաղաքացի: Ճարամանայի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ հրթիռային հարվածի հետևանքով խոշոր վնասներ են կրել շրջանի ցանքերն ու գյուղացիների հողագործական մեքենաները:
Պատասխանելով վերոնշյալ ահաբեկչությանը, սիրիական բանակը հարվածել է ահաբեկիչների հրթիռարձակման կենտրոններին:
Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի արտգործնախարարը կրկնելով Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում տիրող իրավիճակի մասին սադրիչ նպատակ հետապնդող ԱՄՆ-ի անհիմն հայտարարությունները և այս կերպ սատարելով ՆԱՏՕ-ի անդամ իրենց դաշնակցին, Եվրամիությանը կոչ են արել դեմ կանգնել Իրանին և Ռուսաստանին:
Մասնավորապես` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «Associated Press» լրատվական գործակալության տեղեկացմամբ, փետրվարի 22-ին ԵՄ-ին կոչ է արել մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի և Իրանի վրա՝ Սիրիայում, մասնավորապես՝ Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում  իրադարձությունների ընթացքը փոխելու նպատակով:
Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է. «Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանի վրա Սիրիայի կառավարության իրականացրած հարձակումը, որ հանգեցրեց հարյուրավոր մարդկանց զոհվելուն, ցույց է տալիս, որ Բաշար Ասադն իր երկրի ժողովրդի թշնամին է: Նա պետք է հեռանա իշխանությունից»:
Սիրիայի բանակի գործողությունները, որոնք Սիրիայում հրադադարը երաշխավորող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի կողմից 2017 թվականի մայիսի 4-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի շրջանակում կատարվել են Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկիչների և Ասադի վարչակարգի դեմ զենքով կռվող ընդդիմադիրների ներկայությանը վերջ դնելու նպատակով, տեղիք են տվել վերջիններիս արևմտյան աջակիցների՝ ԱՄՆ-ի ու նրա գլխավորությամբ Սիրիայում ահաբեկիչների դեմ իբր թե պայքարող ռազմական կոալիցիայի անդամ պետությունների խիստ անհանգստությանը:
Միացյալ Նահանգները չբավարարվելով Սիրիայում Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենք օգտագործելու անհիմն, շինծու մեղադրանքներ հորինելով, փորձելով ավելի պատճառաբանված ներկայացնել Սիրիայի նկատմամբ իր կողմից նախապատրաստվող ռազմական ագրեսիան, հիմա էլ Սիրիայի կառավարությանը մեղադրում է Արևելյան Ղութա արվարձանին ավիահարված հասցնելու, 100-ից ավելի մարդկանց սպանելու մեջ՝ բացարձակապես անտեսելով, որ Սիրիայի բանակը հարկադրված է եղել պատասխան քայլ կատարել՝ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական մասերի ուղղությամբ Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանից ահաբեկիչների հասցրած հարվածներին վերջ տալու նպատակով: Զոհի ու դահիճի տեղերը «շփոթելու» հայերիս ծանոթ ձեռագիր է, իր քարոզչական խոսափողներով այդպես էր վարվում Խորհրդային Միությունն իր գոյության վերջին շրջանում՝ շուռ տված ներկայացնելով Ադրբեջանի և հայկական կողմի միջև սկիզբ առած հակամարտությունը:
Շատ լավ հասկանալով Արևելյան Ղութայի առնչությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նպատակը (Սիրիայի նկատմամբ ագրեսիա, Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալում), ռուսական կողմը փետրվարի 21-ին առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Արևելյան Ղութայի հարցով: Նշված առաջարկությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան:
Սիրայի իշխանությունները Միացյալ Նահանգների ղեկավարությանը դեռ 5 տարի առաջ են զգուշացրել, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիան ամբողջ Միջին Արևելքն է հրկիզելու: Հավելենք՝ գուցե նաև՝ ողջ աշխարհը…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական