Կշարունակվեն մինչև Երրորդ համաշխարհային պատերազմ կամ աշխարհի վերջ
26-02-2018 21:25:29 | ԱՄՆ | Քաղաքական
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «Коммерсантъ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է, որ պատժամիջոցները, որոնք Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ, կմնան հավերժ:
Քանի որ այս արևի տակ հավերժ ոչինչ չկա, Արեգակն ինքն էլ, որպես աստղ, հավերժ չէ, ապա պարզ է, որ Դմիտրի Ռոգոզինը նկատի է ունեցել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների շարունակվելը մինչև Երրորդ համաշխարհային պատերազմ կամ աշխարհի վերջ: Պարզապես ՌԴ փոխվարչապետը չէր կարող այսպես արտահայտվել, քանի որ դա կարող էր տեղիք տալ տագնապի ու միգուցե դատապարտվածության զգացման ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանից դուրս:
«Պատժամիջոցները մեր հին և երդվյալ թշնամու արձագանքն են մեր ամրապնդմանը,- «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Ռոգոզինը:- Դրանք դարձյալ կհանվեն, երբ մենք կրկին թուլանանք»:
Սա նշանակում է` Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ իր հին և երդվյալ թշնամին Միացյալ Նահանգներն է` Մեծ Բրիտանիայի ու մյուս դաշնակիցների հետ միասին, և որ պատժամիջոցները կհանվեն կամ կարող են հանվել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ոչ միայն ձեռ կքաշի Սիրիայից և Դոնբասում ապրող ռուսներին պաշտպանելուց, այլև կրկին թուլանալով, կհայտնվի Արևմուտքի հանդեպ այն ծնկաչոք վիճակում, որում գտնվում էր շատ ռուսների կողմից հարբեցող և ազգի դավաճան համարվող Ելցինի նախագահության տարիներին:
ՌԴ փոխվարչապետի հավաստմամբ, Ռուսաստանի համար Արևմուտքի պատժամիջոցները շանս են` ազգային բնավորության լավագույն գծերը ցուցաբերելու:
Պատասխանելով այն հարցին, թե պատժամիջոցներն արդյոք չե՞ն խոչընդոտում բանակի վերազինմանը, Ռոգոզինն ասել է որ դժվարություններ կան, բայց նաև համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
«Ստեղծվել է, օրինակ, ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի հակապատժամիջոցային շտաբ, որի հիմնական խնդիրն է թույլ չտալ ժամկետների խախտումներ ներքին և արտաքին պատվիրատուներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների գործում»,- տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետը:
Այլևս անժխտելի իրողություն է, որ Սիրիայի և այդ երկրի դաշնակիցների (Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլա»-ի) դեմ ահաբեկիչների և Բաշար ալ Ասադի վարչակարգի հակառակորդների միջոցով, նրանց զենք-զինամթերք, հետախուզական տեղեկատվություն տրամադրելով և այլ կերպ օգնելով, խորքային առումով պատերազմում են հենց ԱՄՆ-ը և Իսրայելը: Օրերս ԱՄՆ-ի համար այս առումով մի խայտառակ, իր գայլային մռութին քաշած գառան դիմակը պատռող, երկդիմի քաղաքականությունը մերկացնող մի սկանդալ է պայթել: Ահաբեկիչներին գումար է պետք եղել, և նրանք գումարը ԱՄՆ-ից խնդրելու փոխարեն (հավանաբար մինչ այդ զզվացնելու աստիճան շատ են խնդրել ու ստացել), այդ գումարը ձեռք բերելու համար իրենց պատկանող կայքերում վաճառքի են հանել ԱՄՆ-ի առաքած զենքերը` թքելով այն բանի վրա, որ դրանով բացահայտում ու խայտառակում են իրենց աջակցին:
Ընդգծենք, որ Սիրիա առաքված և համացանցում վաճառքի հանված այդ զենքերի մասին հայտնել են ոչ թե ռուսական լրատվամիջոցները, այլ հենց ամերիկյան CNN լրատվական գործակալությունը: Ճիշտ է, վերջինիս հաղորդման համաձայն, այդ զենքերը ոչ թե ահաբեկչական կազմակերպություններին, այլ Սիրիայի կառավարության դեմ պատերազմելու համար Սիրիայի «չափավորական ընդդիմադիրներին» ԱՄՆ-ի առաքած զենքերն են, որոնք հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Թե զենքով իրենց իսկ երկրի (ոչ միայն կառավարության…) դեմ պատերազմող ընդդիմադիրների չափավորականն այդ դեպքում ո՞ւր է մնում, թերևս միայն CNN-ին, Սպիտակ տանը և Պետդեպարտամենտին է հայտնի: Այնուհանդերձ, եթե CNN-ի հաղորդած այս տեղեկատվությունը նույնիսկ ճիշտ է, ինչը կասկածի տակ դնելու հիմքեր կան, դրանից վերոնշյալի առումով առանձնապես բան չի փոխվում:
Ըստ CNN-ի հրապարակած տեղեկատվության, վաճառքի հանված հրազենների համարները վկայում են, որ դրանք Հարավային Կարոլինայի FN ընկերության արտադրանք են, որը Պենտագոնը 2015թ. առաքել է սիրիացի «չափավորական ընդդիմադիրների» համար: Դեռ մի պահ համարենք, թե ԱՄՆ-ը դրանք Սիրիայի «չափավորական ընդդիմադիրներին» է ուղարկած եղել: Բայց չէ՞ որ կան նաև ԱՄՆ-ի կողմից հենց ահաբեկիչներին զենքեր ուղարկելու փաստեր: Մասնավորապես` այս տարվա հունվարին Սիրիայի անվտանգության ծառայությունները մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա շրջանում առգրավել են «Ալ-Նոսրայի ճակատ» ահաբեկչական խմբին պատկանող և ամերիկյան զենքով բեռնված բեռնատարը:
Սիրիական աղբյուրները, «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տեղեկացմամբ, հայտարարել են, որ այդ բեռնատարը Սիրիա էր մտել Հորդանանից:
Ավելի վաղ, 2017թ. սեպտեմբերին բալկանյան հետազոտական մի կենտրոն բացահայտել է, որ Միացյալ Նահանգները քայլեր է կատարում Սիրիայում ահաբեկիչներին սպառազինելու համար:
«Ալ-Ահդ» կայքի հրապարակման համաձայն, բալկանյան մամուլի հետազոտական ցանցը և կազմակերպված հանցագործությունների կենտրոնի փորձագետները բացահայտել են, որ Պենտագոնն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիայում ահաբեկիչների համար զենքեր գնելու համար:
Ըստ աղբյուրի, Բալկաններում և Եվրոպայի արևելքում զենքի գործարաններն անկարող են բավարարել զենքի մեծ պահանջարկը, դրանց պատրաստման համար տրվող պատվերները, ուստի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զենք-զինամթերքի պատրաստման համար դիմել է Ուկրաինային, Ղազախստանին ու Վրաստանին: Նշվել է նաև, որ Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի հատուկ օպերացիայի հրամանատարության և Նյու Ջերսիի նահանգում գիտական ու ռազմական հետազոտությունների հատուկ կառույցների միջոցով է զենքեր հայթայթում ահաբեկիչների համար:
Վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից 3 ամիս անց, 2017թ. հունվարին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը Սիրիայի հարավային Էլ-Թանաֆ բազայում պատրաստում է ահաբեկիչներին»: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը, «Ռուսիա Ալ-Յոմ» հեռուստակայանի տեղեկացմամբ, ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հովանավորել ահաբեկիչներին, և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մնացած զինյալներին տեղափոխել է Լիբիա:
Սիրիայում միջազգային իրավունքի խախտմամբ գտնվող օտարերկրյա ուժերի ներկայության առնչությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է. «Մոսկվան չի ընդունում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Սիրիայում»:
ԱՄՆ-ից բացի, Սիրիայում այդ երկրի ու նրա դաշնակիցների դեմ կռվող ահաբեկիչներին զինում է նաև Իսրայելը, և այդ իրողությունը, որքան էլ տարօրինակ է, խոստովանել է հենց սիոնիստական «Հաարեց» օրաթերթը:
Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայում վիրավորված ավելի քան 1400 ահաբեկիչներ բուժվել են Իսրայելի հիվանդանոցներում:
Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմը մշտապես աջակցել է Սիրիայի ահաբեկիչներին, վիրավորված ահաբեկիչները բուժվել են նույնիսկ օկուպացված Պաղեստինի հիվանդանոցներում:
Իսրայելի կողմից Սիրիայի դեմ շարունակվող օդային և հրթիռային հարձակումները, այդ երկրի պաշտպաններին ու խաղաղ բնակիչներին սպանելու, ռազմական ու քաղաքացիական կառույցներին վնաս տալու, Սիրիայի բնակչության շրջանում անպաշտպանության զգացում առաջացնելու, Բաշար ալ Ասադի վարչակարգը թուլացնելու ու տապալելու նպատակ հետապնդելուց բացի, ըստ էության, միաժամանակ ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցություն են:
Հիշենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտրեշի անցյալ տարվա հայտարարությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2017թ. հունիսին բացեիբաց ասել է՝ «Իսրայելը հովանավորում է Սիրիայում ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Նուսրա ճակատին»:
Ըստ ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման, Անտոնիո Գուտրեշն ասել է նաև. «Բռնագրաված Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զեկույցի համաձայն, սիոնիստական ռեժիմը զենք և այլ տեսակի օգնություններ է առաքում ահաբեկչական խմբերին Սիրիայում»:
Նույն հաղորդման համաձայն, Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն այդ պահի դրությամբ 16 դեպք են գրանցել Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին օգնություն հասցնելու վերաբերյալ:
Ավելի վաղ սիրական ուժերը նույնպես տեղեկացրել էին Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին բժշկական օգնության ու նույնիսկ զինամթերքի մատակարարման մասին: