Այս մասին տեղեկացրել են քրդական աղբյուրները: Քուրդ զինյալներին հաջողվել է Սիրիայի հյուսիսում կործանել Թուրքիայի բանակի ուղղաթիռը:
Հղում կատարելով Սիրիայի հյուսիսում քրդական աղբյուրներին, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ քուրդ աշխարհազորայինները մարտի 1-ին կործանել են Թուրքիայի սահմանի մոտակայքում և Աֆրինի մերձակայքում քրդական ուժերի դեմ գործող Թուրքիայի բանակի մի ուղղաթիռ:
Նույն հաղորդման համաձայն, քանի որ ուղղաթիռը կործանվել է հակամարտ կողմերի տարածքում, ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է մնում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հինգշաբթի կեսօրին Աֆրինի մերձակա գյուղերի դեմ Թուրքիայի բանակի ուղղաթիռների հրթիռային հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են Սիրիայի մի քանի քուրդ քաղաքացիներ: Բացի այդ, Թուրքիայի բանակայիններն ու Թուրքիայի աջակցությունն ունեցող, նրա կողմից քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ»-ի ուժերն Աֆրինի արևելքում նույն օրը մի քանի անգամ հարձակվել են Սիրիայի իշխանությունների մարդասիրական օժանդակությունը տեղափոխող ավտոշարասյան վրա: