Լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհի անվտանգությունը. Ռուսաստանը ռազմական պատասխանով սպառնացել է սպառնացող ԱՄՆ-ին (տեսանյութ)
15-03-2018 19:21:20 | ԱՄՆ | Քաղաքական
ՌԴ Գլխավոր շտաբի պետը սպառնացել է ազդեցության պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հրթիռների, ինքնաթիռների և նավերի նկատմամբ` դրանցով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարվածի դեպքում:
Վերջին մի քանի օրում լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհի անվտանգությունը: Եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը ոչ թե միանգամից իրար տարածքների, այլ թեկուզ Սիրիայում միմյանց ինքնաթիռներին, նավերին, զինծառայողներին սկսեն հարվածել, ապա պատերազմի հրդեհը դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել ու թույլ չտալ, որ այն վերածվի միջուկայինի: Հրաբուխը, որը սկսում է ժայթքել, հնարավո՞ր է կանգնեցնել…
Միաժամանակ, չափազանց փոքր է հավանականությունը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում այն կսահմանափակվի նշված գերտերությունների շրջանակում: Դատելով ամենից, այդ պատերազմում կներգրավվեն նաև Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Լիբանանը և այլ պետություններ:
«Վաշինգտոն փոստ» թերթի տեղեկացմամբ, օրերս ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդականի մասնակցությամբ անցկացվել են լսումներ այն մասին, որ անհրաժեշտ է «Տոմահավկ» հրթիռներով հարվածել Դամասկոսին: Դոնալդ Թրամփը բլե՞ֆ է անում, թե, ինչն ավելի հավանական է, ցանկանում է խաղալ միջազգային ժանդարմի կամ միջազգային խուլիգանի դեր: Այս հարցի պատասխանը հայտնի կդառնա շատ մոտ ապագայում:
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում, ինչպես տեղեկացնում է «News.mail.ru»-ն, մարտի 13-ին պատմել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարվածելու ԱՄՆ պլանների մասին:
Զինյալներն Արևելյան Ղութայում պատրաստվում են սադրանքի` քիմիական զենքի կիրառմամբ, որն ԱՄՆ-ը հետո օգտագործելու է որպես պատրվակ Դամասկոսի կառավարական թաղամասերին հարվածելու համար: Այս մասին լրագրողներին մարտի 13-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Մեզ մոտ առկա է կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման բեմականացմանը զինյալների նախապատրաստվելու մասին հավաստի տեղեկատվություն: Այդ նպատակով Արևելյան Ղութայի մի քանի շրջաններում հավաքել են այլ շրջաններից դուրս բերված կանանց, երեխաների և ծերերի հոծ խմբեր, որոնք պետք է պատկերեն քիմիական միջադեպի զոհերին»,- ասել է գեներալը:
Նրա խոսքերով, այնտեղ են արդեն «Սպիտակ սաղավարտների» ակտիվիստները և տեսանկարահանող խմբերը` արբանյակային տեսասփռման սարքավորումների հետ միասին:
Նկատի ունենալով ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառմամբ նախապատրաստվող հարձակումը, Գերասիմովն ընդգծել է. «Դա հաստատվում է ահաբեկիչներից ազատագրված Աֆթրիս բնակավայրում քիմիական զենքի արտադրման լաբորատորիայի հայտնաբերմամբ»:
Գեներալի խոսքերով, սադրանքից հետո ԱՄՆ-ը ծրագրում է Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ և ներկայացնել սիրական կառավարության և «նրան սատարող ռուսական ղեկավարության» մեղքով խաղաղ բնակչության զանգվածային սպանության «ապացույցներ»:
Գերասիմովն ընդգծել է, որ Վաշինգտոնը, որպես պատասխան միջոց, ծրագրել է Դամասկոսի կառավարական թաղամասերին հասցնել հրթիռա-ռմբային հարված: Գլխավոր շտաբի ղեկավարը հիշեցրել է, որ այժմ Դամասկոսում են գտնվում ռուսական ռազմական խորհրդատուներ, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ և ռազմական ոստիկաններ:
Նույն օրը` մարտի 13-ին, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսին ԱՄՆ-ի հրթիռա-ռմբային հարվածին պատասխան միջոցներ կձեռնարկեն: Գեներալ Գերասիմովի խոսքերով, ամերիկյան զինված ուժերը պլանավորվում են հարվածել Դամասկոսում գտնվող կառավարական հիմնարկներին:
«Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կձեռնարկեն ազդեցության պատասխան միջոցներ ինչպես հրթիռների, այնպես էլ կրողների նկատմամբ, որոնք դրանք կկիրառեն»,- հայտարարել է բանակի գեներալը:
Դժվար չէ հասկանալ, որ հրթիռների կրողներ և արձակողներ են ինքնաթիռները, նավերը և սուզանավերը, իսկ ռմբային հարված կարող են հասցնել ինքնաթիռները: Հետևաբար Ռուսաստանն իր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման, այսինքն` Դամասկոսի կառավարական թաղամասերին, հաստատություններին, Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկներին կամ օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածի դեպքում հայտարարում է ոչ միայն ամերիկյան հրթիռների նկատմամբ ազդեցության պատասխան միջոցներ ձեռնարկելու, այլ կերպ ասած, դրանք չեզոքացնելու մասին (ինչը, չնայած հակահրթիռների և (կամ) ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմանը, հրթիռների միաժամանակ մեծ քանակությամբ արձակման դեպքում կարող է ամբողջությամբ չհաջողվել), այլև ուղղակիորեն զգուշացնում ու սպառնում է հրթիռներ արձակելու, ռումբեր նետելու դեպքում, դրանք կրողների նկատմամբ ազդեցության պատասխան միջոցներ ձեռնարկել, այսինքն` խոցել դրանք:
«Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկներում և օբյեկտներում գտնվում են ռուսական ռազմական խորհրդատուներ, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ և ռազմական ոստիկանության զինծառայողներ»,- վերստին պարզաբանել է Գլխավոր շտաբի պետը:
Վալերի Գերասիմովը ասել է նաև, որ ռուսական զինվորականների տեղեկատվության համաձայն, Սիրիայում զինյալները պլանավորում են քիմիական հարձակում բեմականացնել: Հենց այս միջադեպի պատասխանն էլ պետք է պետք է դառնա ամերիկյան հարվածը: Անցած շաբաթ Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ ալ Միքդադը նույնպես հաղորդել էր Արևելյան Ղութայում քիմիական հարձակման բեմականացմանը զինյալների նախապատրաստվելու մասին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ լայն հանրության, բնականաբար, նաև միջազգային հանրության համար հրապարակված, Սպիտակ տանը, ՆԱՏՕ-ին և Եվրոպային հասանելի դարձված տեսանյութի վերջում համառոտ խոսվում է խորհրդակցության ընթացքում Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարի կողմից «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռով նորագույն համալիրի փորձարկման հերթական փուլի վերաբերյալ ներկայացրած զեկույցի մասին: Նշվել է, որ հրթիռը պատրաստվել է արձակման: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է արդեն, միանգամից մոտ տասնյակի չափ միջուկային հզոր մարտագլխիկներ աշխարհի ցանկացած կետ ճշգրտորեն հասցնելու ունակ «Սարմատ» հրթիռը, ինչպես նաև հրթիռից անջատվելուց հետո դրա մարտագլխիկներն ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նորագույն ու նույնիսկ հեռանկարային, այսինքն` նախագծման փուլում գտնվող, դեռ չստեղծված բոլոր համակարգերի կողմից անխոցելի են: