Ուղևորների կյանքն օդում կախված է եղել մազից, նրանք հասկացել են` ցանկացած պահի կարող են կործանվել (տեսանյութ)
16-03-2018 19:23:15 | | Ականատեսի աչքերով
RJ-85 մարդատար ինքնաթիռը ս. թ. մարտի 1-ին Բատկեն- Բիշքեկ չվերթն իրականացնելիս, շարժիչի մասամբ ավերվելու պատճառով վթարային վայրէջք է կատարել Կիրգիզիայի մայրաքաղաքում:
Իլյումինատորից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է TEZ JET ավիաընկերության ինքնաթիռի տուրբոռեակտիվ 4 շարժիչներից մեկի փողորակը, որտեղից մեծ ճնշմամբ դուրս է գալիս օդի և վառելիքի այրումից առաջացած գազերի շիթը, օդում բառացիորեն թափահարվում:
Թեև ինքնաթիռը վնասված շարժիչի անջատումից հետո կարող էր թռիչքը շարունակել ու բարեհաջող վայրէջք կատարել մնացած երեք կամ, թեկուզ, երկու շարժիչով, սակայն իր տեղից մասամբ պոկված փողորակը ցանկացած պահի կարող էր պոկվել ու մեծ թափով հարվածել ինքնաթիռի թևին, պոչաթևին կամ այլ մասի, ինչը կարող էր ողբերգության պատճառ դառնալ: 96 ուղևորներից որևէ մեկը, բարեբախտաբար, չի տուժել, եթե, իհարկե, չհաշվենք նրանց ստացած հոգեբանական վնասվածքը:
Ուղևորներից մեկը նկարահանել է նաև, թե ինքնաթիռի ուղևորասրահում ինչ է տեղի ունենում վթարային վայրէջքին նախորդած կես ժամվա ընթացքում: Կադրերում լսվում է, թե ինչպես են ուղևորներն աղոթում: Տեսանելի է, թե տղամարդկանցից մեկն ինչպես է հրաժեշտ տալիս կյանքին և հեկեկալով արտասվում:
Վայրէջքից հետո հատուկ համազգեստով մարդիկ հոգեբանական օգնություն են ցուցաբերել սթրեսի մեջ գտնվող ուղևորներին: «Sputnik Кыргызстан»-ի տեղեկացմամբ, ավիապատահարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, պատահարը քննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: