Եթե հրապարակվել է դատական վճիռ, դա դեռ չի նշանակում, որ բացահայտվել է ամբողջ սպանությունը. Ռուզաննա Ադանալյան (տեսանյութ)
23-03-2018 18:14:10 | Հայաստան | Իրավունք
Արդեն գրեթե չորս տարի է, ինչ Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, պայքարում է արդարադատության հասնելու և կատարված սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով միակ ամբաստանյալին՝ Արթուր Մարտիրոսյանին, դատապարտել է 11 տարվա ազատազրկման, մինչդեռ որդեկորույս մայրը շարունակում է պնդել, որ Արտյոմ Ադանալյանին սպանել է ոչ թե մեկ անձ, այլ՝ այդ թվում ոստիկաններից բաղկացած մի ողջ հանցավոր խումբ:
Ինչպես մարտի 23-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց Ռ. Ադանալյանը, մարտի 12-ին ՀՀ Գլխավոր դատախազության կողմից (դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն է ընդունել Ռուզաննա Ադանալյանին) իր և իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ընդունելությունը շինծու և արհեսատական բնույթ է կրել՝ հերթական անգամ պարտակելով կատարված սպանության հանգամանքները:
«Ես գտնում եմ, որ Գլխավոր դատախազը պետք է միանշանակ ընդունի ինձ, և եթե հրապարակվել է դատական վճիռ, դա դեռ չի նշանակում, որ բացահայտվել է ամբողջ սպանությունը: Այո՛, ներկա պահին ամբաստանյալի համար դատախազը պահանջեց 12 տարի, իսկ դատավորն իջեցրեց 11 տարի: Իհարկե, խմբով է կատարվել որդուս սպանությունը, իհարկե, փոխշահավետ իրավիճակներ են առաջացել, որպեսզի ամբաստանյալը չկրի խմբի կազմում հատկացված պատժաչափը»,- ընդգծեց Ռ. Ադանալյանը՝ շեշտելով, որ դատախազությունը բացառապես կողմնակալ է, իսկ կոնկրետ դատախազ Արթուր Դավթյանը պարտակում է Րաֆֆի Ասլանյանի և Գևորգ Կոստանյանի կատարած հանցավոր գործողությունները:
Նրա պնդմամբ՝ իր որդու սպանության գործը սկզբից մինչև վերջ հանցավոր գործողություններով է ծավալված, քանի որ անգամ վկաների ցուցմունքները հակասական են, իսկ համապատասխան ապացույցներ և փաստաթղթեր չեն հետազոտվել:
Ռ. Ադանալյանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր այն պնդումները, որ ոստիկանությունն է կազմակերպել Արտյոմ Ադանալյանի սպանությունը, իսկ պատվիրատուն՝ Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետ Լուսինե Գինոսյանն է:
Տեղեկացնենք նաև, որ լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո որդեկորույս մայրն իր բողոքի ձայնը լսելի դարձնելու նպատակով շարժվեց Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ պատռեց և դեն նետեց ՀՀԿ-ի իր անդամատոմսը:
«Երկրի նախագահը պարտավոր է իմանալ, որ իր կողմից նշանակված ոստիկանության պետերը ոստիկանության աշխատակիցների հետ միասին իրականացնում են սպանության պատվերներ: Եկել եմ նաև հայտնեմ, որ մեծ շուքով ստացել եմ ՀՀԿ անդամատոմսը, իմ բաժին ներդրումն եմ ունեցել նախագահի ընտրություններում, սակայն այսօր ես հրաժարվում եմ այս տոմսից և անամոթություն եմ համարում լինել այս կուսակցության անդամը, որովհետև որքան հասկացա ՀՀԿ-ական են բոլոր իրավապահ պաշտոնատար անձինք, ովքեր ներկա պահին հանցագործներ են, ուստի անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»,- հայտարարեց նա:
Ռուզաննա Ադալարյանին ուղեկցում էին իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ ունենին «Դատարանը ՀՀԿ-ի գործիքն է», «Պահանջում ենք վերականգնել Ռուզաննա Ադանալյանի խախտված իրավունքները» այլ գրություններով պաստառներ: