Երևանում լույս է տեսել «Կռապաշտները» գիրքը. Ինչպես հեղինակն է ասում, այն ոչ թե իշխանավորների, այլ ողջ ժողովրդի մասին է (տեսանյութ)


Երևանում լույս է տեսել «Կռապաշտները» գիրքը. Ինչպես հեղինակն է ասում, այն ոչ թե իշխանավորների, այլ ողջ ժողովրդի մասին է (տեսանյութ)

  • 26-03-2018 18:27:16   | Հայաստան  |  Գրական էջ



 
««Կռապաշտները» գիրքը ոչ թե իշխանավորների, այլ մեր բոլորի մասին է»,- ասում է գրքի հեղինակ, լրագրող, «Հրազդան» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մնացական Հարությունյանը: 
 
Վերջինս Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը՝ նկատեց. 
 
«Ես գրող չեմ, բայց գիրք եմ գրել. Մեկ գիրք գրելով գրող չեն դառնա, դա էլ գիտեմ: Հաճախ այսպես է, մենք չգիտենք, ինչու անպայման երկրի նախագահի նկարները բոլոր պաշտոնյաները պետք է փակցնեն իրենց գլխավերևում: Կամ այսպիսի մի պատմություն. մի անգամ ընկերոջս՝ գրող-հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի հետ գրադարան էինք գնացել: Ռուբենը հարցրեց այնտեղ, թե Անդրանիկի ծննդյան 150-ամյակին ընդառաջ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպելու, պատասխանեցին՝ ոչ մի:
Երկու օր հետո հեռուստացույցով տեսնում է, որ ԱԺ նախագահը հատուկ ընդգծելով ոտնկայս բառը, ոչ թե հոտնկայս, ասում է. «Այսօր Սամվել Շահմուրադյանի ծննդյան օրն է, եկեք ոտնկայս հարգենք նրա հիշատակը»: Դահլիճից հուշում են, որ Անդրանիկի ծննդյան օրն էլ է: Նախագահը թեքվում է Հերմինե Նաղդալյանի կողմը, հարցնում է. Անդրանիկն ո՞վ է, քո օգնական Անդրանի՞կը»: Այս պատմվածքը չտպվեց ոչ մի տեղ և դարձավ այս գիրքը»: 
 
«Կռապաշտները» գրքի շնորհանդեսին ներկա էին գրող-հրապարակախոսներ, լրագրող-հրատարակիչներ, ովքեր իրենց տեսանկյունից ներկայացրեցին գիրքը և նրա հեղինակին:
 
«Գրքում արծարծվող կռապաշտությունն ու կռապաշտները ոչ մի կապ չունեն այն զտարյուն կռապաշտության հետ, որը ժամանակին նվիրում էր, հավատ էր և որպես այդպիսին նստած էր մարդկանց ենթագիտակցության մեջ: Այստեղ կռապաշտները մամոնապաշտողներն են, պատեհապաշտները, երեսպաշտները, անգրագետ պաշտոնյաները, Աստծո անունից անաստվածություն գործողները, որոնց պակասն այսօր չի զգացվում»,- իր ելույթում նշեց ՀՀ հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը: 
 
Ըստ նրա՝ գրքում ներկայացված պատումները հիմնականում իրական հիմք ունեն, իսկ առանձին մեկնաբանություններ վկայում են հոգեբանության ոլորտում հեղինակի գիտական հակումների մասին: 
 
Լրագրող-հրատարակիչ Ավթանդիլ Գրիգորյանի կարծիքով՝  «Կռապաշտները» գրքում Մնացական Հարությունյանն անդրադարձել է հավիտենական արժեքներին:  
 
««Կռապաշտները» գիրքը պետք է բաժանվի դպրոցներին՝ որպես դպրոցական գրականությանը կից, հավելյալ գրականություն, քանի որ այն սովորական գիրք չէ, այլ մի ամբողջ շտեմարան»,- նման ցանկություն հայտնեց Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս Էմմա Տանանյանը: 
 
Միջոցառման մասնակիցները Մ. Հարությունյանին ջերմորեն ողջունելուց բացի, նաև պարտադրեցին նոր գրքեր գրել:  
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գրական էջ