Ով էր ձայն հանել, թե ինչու եք Աղդամից այն կողմ անցել


Ով էր ձայն հանել, թե ինչու եք Աղդամից այն կողմ անցել

  • 26-03-2018 14:55:36   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
 
 
 
-Պարոն Շիրինյան, այս օրերին ընդդիմությունը ջանքեր է գործադրում համախմբվելու և Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ու հնարավոր վարչապետացումը կանխելու ուղղությամբ։ Որքանո՞վ նման ռադիկալ տրամադրություններ ունեցող ընդդիմությունը կարող է հաջողել։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
 
 
-Հայաստանում միտինգային պայքարի ձևը ավանդական է, թե որքանով է դա հաջողություն գրանցել, յուրաքանչյուրը գիտի։ Հաջողության նախապայմանը, ինձ թվում է, տեղական կառույցներ ունենալու մեջ է, այնպես, ինչպես Դաշնակցությունն ունի։ Այդ պայմաններում մոբիլիզացիոն հնարավորությունները շատ մեծ են։ Իսկ այս դեպքում ավելի շատ կամավորական խանդավառ սկզբունքի վրա է, քան կառույցների։ Իմ ունեցած տեղեկություններով, այդ կուսակցությունները չունեն այդ կառույցները, դրա համար էլ իշխանությունը ժամանակին Դաշնակցությանը քաշեց, տարավ իր կողմը։
 
Եթե չկան թաղային կառույցները, կուսակցական կազմակերպությունները, ձեռնարկություններ էլ չկան, իսկ մասնավոր գործատուի մոտ աշխատող մարդիկ դժվար կգան հանրահավաքների մասնակցելու։ Ուրեմն դա պետք է փոխարինվի բողոքի ալիք առաջացնողների բարոյական կերպարով ու տաղանդով։ Ես հիմա կդժվարանամ ասել, թե ինչպես կստացվի, բայց ես միշտ կողմ եմ իշխանության վրա ճնշում գործադրելուն, որովհետև Հայաստանում ինստիտուցիոնալ, պետական կառույց չի առաջանում, որ ինքն իրեն ստիպեր աշխատել։ Հետևաբար, այդ ճնշումը պետք է լինի։ Ես հաջողություն եմ մաղթում այդ ուժերին, բայց այդ հարցադրումները կան։ Եթե լինեին այդ տեղական կուսակցական կառույցները, ապա իսկապես, ժողովրդի դժգոհությունն իշխանություններից շատ մեծ է։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ իշխանության քարոզչամիջոցները ընդդիմության ու նրա առաջնորդների վերաբերյալ տարբեր բաներ են տարածելու։ Հիմա նրանք դա պետք է նկատի ունենան, նաև այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը դարձել է հոգնած։
 
 
-Մենք տեսնում ենք, որ նույն օրակարգով տարբեր ուժեր են դուրս գալիս փողոց, Նիկոլ Փաշինյանն է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն է, որոնք տարբեր օրերի հանրահավաքներ են հրավիրում։
 
-Ես հենց դա եմ ասում, որ եթե չունեն տեղական կառույցներ, համախմբում էլ չլինի, էլ ի՞նչ հաջողություն կարող են գրանցել։
 
-Ընդհանրապես որքան է հավանականությունը, որ մեկշաբաթյա հանրահավաքների ալիքը կարող է իրավիճակ փոխել՝ հաշվի առնելով, որ շատ կարճ ժամանակ է մնացել մինչև վարչապետի ընտրություններ։
 
 
-Պետք է նաև նկատի ունենալ, որ իշխանությունները 1990-ական թվականների նման բաց շենքերում չեն գործում, պատերի ու բարիկադների հետևում են։ Բարիկադներ կառաջանան նաև ոստիկանության միջոցներով։ Ինչքա՞ն հզորություն պետք է ունենան, որ այդ պարագայում իրավիճակ փոխեն։ Պետք է ընդդիմությունը կարողանա ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև ամեն մի մարզկենտրոնում մոբիլիզացիա ապահովել։ Ազգային ժողովի շենքը, նախագահի նստավայրը ցանկապատների հետևում են, կառավարության մոտ էլ ոչ ոք չի գնում քաղաքական բողոքի ակցիայի, այլ միայն սոցիալական խնդիրներ բարձրացնելու։ Այսինքն՝ այն հիմնական կետերը, որոնք իշխանության համար պատասխանատու են, մնում են անձեռնմխելի։ Մեր պետության և ժողովրդի դժբախտությունն այն է, որ չկան անկախ արհմիություններ։
 
 
Մեզ արհմիություններ են պետք, հատկապես, որ մեր կուսակցությունները չնչին բացառություններով կուտ գնացած կազմակերպություններ են։ Եթե լինեին անկախ արհմիություններ, նրանք այս հարցերը կլուծեին։ Մնում է միայն հանրահավաքը, որով շատ քիչ բան կարելի է անել։ Այդուհանդերձ, հանրահավաքն էլ պայքարի ձև է, որը ցույց կտա ժողովրդի տրամադրությունը, քաղաքական պայքարի վճռականությունը, որտեղ մարդիկ կրթվում, դաստիարակվում են, այդ թվում ընդդիմության ղեկավարները։
 
-Ձեր կարծիքով ինչո՞ւ մինչև հիմա ընդդիմությանը չի հաջողվում հաջողության հասնել, փոփոխություններ առաջ բերել երկրում։
 
-Պատճառները տարբեր են։ Հիմա ընդդիմադիրները արմատական դիրքերում են կանգնած, ապագաղութացում են ուզում, նորմալ զարգացող անկախ Հայաստան են ուզում, որը կարող է դաշնակիցներ ընտրել, հարաբերվել, լինել դինամիկ զարգացող և այլն։ Այսինքն՝ ընդդիմության խնդիրներն էլ տարբեր են։ Ինչու է իշխանությունն ամենաանբարյացակամը տրամադրված այդ խմբի նկատմամբ, որովհետև գիտի խնդրի մեխը։ Նույնիսկ Ռուսաստանից նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք կա, ինչը հրապարակեց Սեֆիլյանը։ Ես հավատում եմ, որ դա ճիշտ է, որովհետև ՀԱՊԿ կոչված տարածքը ինչ-որ պահի Ռուսաստանի վերահսկողությունից դուրս է գալու, և Հայաստանը կարող է դառնալ իսկական ինքնուրույն պետություն։ Այստեղ պետք է նկատի ունենալ նաև երկու գործոն. նախ Եվրոպայի քայլը Հայաստանի նկատմամբ ապրիլյան պատերազմից հետո, երբ, ըստ էության, ողջունեց պատերազմում հայ ժողովրդի դիմադրությունը, երկրորդ՝ բարձր մակարդակով ԱՄՆ-ում Բակո Սահակյանի ընդունելությունը։ Սա նշանակում է, որ ամերիկացիները չեն դիտում բացառապես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե այդպես է, ապա մեր ընդդիմությունը հաջողություն կունենա, եթե ոչ այսօր, ապա վաղը, որքան էլ ռուսական սապոգը իր մարդկանցով քայլեր անի։ Ես չեմ կարող պնդել, որ ամերիկացիներն արդեն որոշում ունեն, բայց Բակո Սահակյանի ընդունելությունը նախադեպ է, նրանք աջակցում ու օգնում են մեզ։ Ըստ էության, Ամերիկան Արևելյան Հայաստանում ձևավորված հայկական պետականություններին թիկունք է կանգնում, և հարցն այն է, թե որքան առաջ կգնա։ Եթե գնաց, մենք կազատագրվենք ու կունենանք մեր անկախ պետականությունը։
 
-Վերջերս Մամեդյարովը հայտարարել էր, որ  ակտիվ բանակցություններ կսկսեն ընտրություններից հետո։ Իսկապե՞ս կարելի է ակնկալել նման ակտիվ քննարկումներ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ապրիլից հետո, երբ թե Ադրբեջանում, թե Հայաստանում ընտրություններն ավարտված կլինեն։
 
 
-Ես կարծում եմ՝ չպետք է ակտիվացնել բանակցությունները, ընդհանրապես թուրքական նախաձեռնություններին չպետք է ընդառաջ գնալ։ Ճնշումը մեծ է իրենց վրա։ Մյուս կողմից, ես Ադրբեջանի անկեղծությանը չեմ հավատում, մենք չպետք է ամեն անգամ վազենք, երբ մեզ հա են ասում։ Նրանք պետք է ներողություն խնդրեն, հայտարարեն, որ իրենց Ալիև կոչվածը սխալ հայտարարություններ է արել։ Եթե նա հայտարարում է, որ Երևանը պետք է գրավեն, դրանից հետո ինչի՞ շուրջ բանակցեն, որ Երևանը չգրավե՞ն։ Հայկական կողմը պետք է իր ազգային շահերը ձևակերպի և գործի դրանցով, ոչ թե իրավիճակային, անկանխատեսելի քաղաքականություն վարի, այն էլ պայմանավորված հակառակորդի գործողություններին հակադարձելու սկզբունքով։ Դա աղետալի սկզբունք է, որովհետև ստացվում է, որ թելադրողն Ադրբեջանն է, ինչը խայտառակություն է, Հայաստանը պտտվում է նրա թելադրած օրակարգի շուրջը։ Մենք պետք է չբանակցենք, պետք է շարժվենք Քուռ-Արաքս խառնարան։ Մինչև հիմա ով է ձայն հանել, թե ինչու եք Աղդամից այն կողմ անցել, չհաշված թուրքերի և ռուսների դժգոհությունը։ Այս հարցը պետք է լուծել, իսկ սա նշանակում է, որ պետությունը պետք է արմատական արդիականացման ենթարկվի։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ