Երևանում կայացավ ստամբուլաբնակ գրող Ժուլէթ Պետրոսյանի՝ «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)


Երևանում կայացավ ստամբուլաբնակ գրող Ժուլէթ Պետրոսյանի՝ «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

  • 05-04-2018 19:00:56   | Հայաստան  |  Գրական էջ



 
Երևանում կայացավ ստամբուլաբնակ, սփյուռքահայ գրող Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ անդրանիկ ժողովածուի և վեբ կայքի (jpetrosyan.com) շնորհանդեսը:
 
Ինչպես գրքի տպագրությունը, այնպես էլ վեբ կայքի պատրաստումն իրականացվել է «Նոյյան Տապան» հրատարակչության կողմից: 
Թեև գրքի հեղինակը Հայաստանում չէր, այնուամենայնիվ, նրա հետ կապ հաստատվեց տեսակապի միջոցով, որի ընթացքում շնորհանդեսին ներկա գրողները, մտավորականներն ու արվեստագետները կարողացան անձամբ հարցեր հղել գրողին: 
 
Բանաստեղծ Վարուժան Խաստուրը, ներկայացնելով Ժուլէթ Պետրոսյանի անդրանիկ գիրքը, նկատեց. «Վերջին շրջանում բազում գրքեր են ձեռքովս անցել. Շատերը, մեծամասամբ կանայք, ովքեր գնացել են Հայաստանից, որոշել են գիրք ունենալ, ուզում են մտնել գրական աշխարհ: Մի տեսակ թերահավատ էի, սակայն երբ կարդացի անակնկալ բացվեց ինձ համար, որովհետև այնտեղ տեսա ճշմարիտ գրականություն»: 
 
Նրա գնահատմամբ, թեև Ժուլէթ Պետրոսյանի ստեղծած գրականությունն ինչ-որ առումներով դեռևս հղկման կարիք ունի, այդուհանդերձ, այն վճիտ է ու հոգեհարազատ: 
 
Վ. Խաստուրի խոսքերով՝ «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ»-ն ընթերցելիս արևմտահայ գրականության շունչն է զգացել: 
«Իր բանաստեղծական աշխարհով Ժ. Պետրոսյանը կանգնած է Աստծո առջև մեն-մենակ և կարծես երկխոսում է նրա հետ, որը տիեզերական ներդաշնակության է հասնում: Ժուլէթի ստեղծագործությունների մեջ ինձ շատ հուզեց հուզականությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղինակը գրում է սպիտակ բանաստեղծության մոտիվներով: 
 
Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի կարծիքով՝ «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ գիրքն ապացուցել է մի կարևոր ճշմարտություն առա այն, որ գրականությունը սկսվում է բանաստեղծական անհատությունից: 
 
«Այսօր կան գրողներ, ովքեր տարվա մեջ 4-5 գիրք են հրատարակում, բայց այդպես էլ գրող չեն դառնում: Գրականությունն ու արվեստը սկսվում է անհատականությունից՝ վառ անհատականություն, ինքնատիպ մտածողություն, բոլորից տարբերվող, միայն մեկ անհատականություն, բայց որն ընդհանրացնում է ամբողջ մի ժողովուրդ, նույնիսկ մարդկություն: Ես ահա այս անհատականությունը տեսա և հիացումն ունեմ Ժուլէթ Պետրոսյան անձի հանդեպ»,- ընդգծեց Ա. Ափինյանը՝ շեշտելով, որ սփյուռքահայ գրողի ստեղծած գրականությունն իր իսկ անձի նման պարզ է ու անկեղծ: 
 
Նա նաև տեղեկացրեց, որ Համահայկական գրողների միությում վերոնշյալ գրքին ծանոթ են, ավելին՝ որոշել են խորհդի նիստում քննարկման դնել Ժուլէթ Պետրոսյանի՝ Համահայկական գրողների միության անդամ դառնալու հարցը: 
 
«Նոյյան տապան» հրատարակչության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանն էլ փաստեց, որ Ժ. Պետրոսյանը ոչ թե գրում, այլ ուրվագծում է զգացմունքներն ու մտքերը: 
 
«Առաջինը Ժուլէթին ես կարդացի ձեռագիր տեսքով, նրա մասին ոչինչ չգիտեի, բացի անունից: Ես սկսեցի կարդալ և տեսա, որ իմաստուն մտքեր կան, իմ զրուցակիցն ինձ թվաց տարեց կին, մինչև որ չստացա շապիկի այս նկարը. Փաստորեն իմաստությունը և տաղանդը տարիք չեն հարցնում: Ժուլէ՛թ, քո ամեն մի բառը, քո ամեն մի միտքը իսկապես անսպասելի վերջաբան է ունենում, ուրվագծային պոեզիա է սա»,- դիմելով գրողին՝ ընդգծեց Գ. Առաքելյանը: 
 
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Ժ. Պետրոսյանը նշեց. «Ես խոնարհվում եմ մեր հայ գրականության Մեծերի առաջ: Ես գիտեմ, որ մենք շատ մեծ պարտք ունենք նրանց առաջ: Ուզում եմ իմ սերը, իմ պարտքը տալ որպես ընթերցող, որպես հայ մարդ իմ գրով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ Մեծերին, որոնց արյունը համոզված եմ՝ իմ երակներով հոսում է: Այն, որ չկարողացա ես նրանց հպվել, նրանց հետ շփվել, իմ բանաստեղծությամբ իմ Մեծերի հետ փառք Աստծո դիալոգի մեջ մտա: Ես ինձ համարում եմ իմ Չարենցի Նավզիկեն»: 
 
Ժուլէթ Պետրոսյանը ծնվել է 1969թ․Էջմիածնում։
1986 թ․ Էջմիածնում ավարտում է միջնակարգ դպրոցը։ Իր առաջին գրական նախափորձերը՝ բանաստեղծություններ, կատարում է դպրոցական վաղ տարիներից։ Երիտասարդ տարիներին մասնակցում է թատերական խմբակների։ 1992թ․ Հայաստանում ստեղծված ծանր պայմանների հետեւանքով դադարում է ստեղծագործել։
2003թ․ կյանքի բերումով մեկնում է Հունաստան, այնուհետեւ տեղափոխվում է Ստամբուլ։
Երկար լռությունից հետո կարոտի կանչը ստիպում է Ժուլէթին նորից ձեռքը վերցնել գրիչը։ Ներշընչված լինելով պոլսահայ գրականությամբ եւ լինելով Հ․ Պարոնյանի, Դ․Վարուժանի եւ Մ․Մեծարենցի մեծ երկրպագուն՝ երազում է դառնալ նրանց հետեւորդը։
2004 թվականից ժամանակ առ ժամանակ Ժուլէթ Պետրոսյանի որոշ արձակ ստեղծագործություններ, գրական վերլուծություններ եւ հրապարակախոսություններ տպագրվել են Ստամբուլի հայկական մամուլում։
2018 թ․ «Նոյյան տապան» հրատարակչությունը լույս է ընծայել Ժուլէթ Պետրոսյանի  ստեղծագործությունների  անդրանիկ ժողովածուն՝ «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ։
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գրական էջ