Հարութ Սասունյան․ Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է


Հարութ Սասունյան․ Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է

  • 06-04-2018 17:17:53   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Թուրք փորձառու լրագրող Սեդաթ Էրգինը գրել էր «Հուրիեթ» թերթում, որ «Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մարդու իրավունքների խախտումների առաջամարտիկն է»: Եվրոպական դատարանը դատական գործերի վերաբերյալ որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած պետությունները խախտում են նրա դրույթները:
 
Թեև Թուրքիան միացել է Եվրադատարանին վերջինիս հիմնադրումից 27 տարի անց՝ 1986 թվականին, սակայն այնտեղ ավելի շատ խախտումներ են եղել, քան մյուս բոլոր անդամ երկրներում 1959-2016 թթ. ընկած ժամանակահատվածում:
 
Եվրադատարանը Թուրքիայի վերաբերյալ ընդհանուր առմամբ կայացրել է 3270 դատավճիռ, որոնցից 2889-ում հայտնաբերվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Դատարանը հայտնաբերել է, որ Թուրքիան միայն 73 դեպքում որևէ խախտում չի կատարել: Մնացած դեպքերում հայցերը լուծվել են այլ կերպ: Քանի որ գործերի մեծ մասում գրանցվել է ավելի քան մեկ խախտում, ուստի Թուրքիայի խախտումների ընդհանուր թիվը կազմել է 4514:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի տարեկան զեկույցում նշված է՝
 
- Առավել մեծ թվով թուրքական խախտումները (832) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:
- Երկրորդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (707 խախտում) «ազատության և անվտանգության իրավունքն է»: Այս վերջին տեսակը նշանակում է, որ «Թուրքիայի քաղաքացիները հաճախ ձերբակալվում են ապօրինի մեթոդներով, և այդ ձերբակալությունները կարող են հեշտությամբ վերածվել դատավճիռների»՝ ըստ Էրգինի:
- Խախտումների 3-րդ  առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (653) «սեփականության պահպանության իրավունքն» է, ինչը նշանակում է, որ շատ թուրք քաղաքացիներ զրկված են սեփականության իրավունքից:
- 4-րդ  առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (586) «վարույթների տևողության» խախտումն է:
- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ տեղում է՝ 412 խախտմամբ:
- «Անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը» 6-րդ տեղում է`314 խախտմամբ:
- 7-րդ տեղում է «արդյունավետ պաշտպանության իրավունքը» (268 խախտում):
- «Արտահայտման ազատությունը» 8-րդ տեղում է (265 խախտում):
- 9-րդ տեղում «կյանքի իրավունքի՝ կյանքից զրկելու» 133 խախտումներն են:
- 10-րդ տեղում «անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի»  խախտումներն են (100 խախտում):
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ 2002-2016 թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եղել է 122 դատական հայց, որոնցից 118-ում հայտնաբերվել են  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, որոնք շատ ավելի քիչ են, քան Թուրքիայինը, քանի որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին միացել է ավելի ուշ՝ 2002 թվականին: Մնացած չորս դեպքերը լուծվել են այլ կերպ: Քանի որ որոշ դեպքերում եղել են մեկից ավելի խախտումներ, ապա Ադրբեջանն ունեցել է ընդամենը 224 խախտում:
 
- Առավել մեծ թվով խախտումները (44) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:
- Երկրորդ  առավել մեծ թվով խախտումը (34)՝ «ազատության և անվտանգության իրավունքի»:
- 3-րդ առավել մեծ թվով խախտումը (30)՝ «սեփականության պահպանության»:
- 4-րդ առավել մեծ թվով խախտումը (21)՝ «ազատ ընտրությունների իրավունքի»:
- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ առավել մեծ թվով խախտումն էր (17):
 
Մյուս կողմից, Հայաստանը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացել է Ադրբեջանի հետ միաժամանակ (2002 թ.), ավելի քիչ խախտումներ է ունեցել: 2002-ից մինչև 2016 թվականը ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի եղել է 75 դատավճիռ, որոնցից 68-ում եղել են խախտումներ: Մնացած 7 դեպքերը լուծվել են այլ կերպ: Քանի որ որոշ դեպքերում եղել են մեկից ավելի խախտումներ, Հայաստանը  ունեցել է ընդամենը 119 խախտում:
 
- Առավել մեծ թվով խախտումները (32) եղել են «արդար դատաքննության իրավունքի» ոլորտում:
- Երկրորդ առավել մեծ թվով խախտումները (27)՝ «ազատության եւ անվտանգության իրավունքի»:
- 3-րդ առավելագույն խախտումները (16)՝ «սեփականության պահպանման»: 
 
Հարևան Վրաստանը մի փոքր ավելի քիչ խախտումներ է ունեցել, քան Հայաստանը: Այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացել է 1999-ին: ՄԻԵԴ-ը 1999-2016 թթ. 68 դատական հայց է ներկայացրել Վրաստանի դեմ, որոնցից 52-ում խախտումներ են եղել: Մնացած 16 դեպքերը կարգավորվել են այլ կերպ: Քանի որ դեպքերից մի քանիսում եղել են մեկից ավելի խախտումներ, ապա Վրաստանն ունեցել է ընդամենը 99 խախտում:
 
- Առավել մեծ թվով խախտումները (20) եղել են «ազատության և անվտանգության իրավունքի» համար:
- 2-րդ  առավել մեծ թվով խախտումները (17)՝ «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի» համար:
- 3-րդ առավել մեծ թվով խախտումը (յուրաքանչյուրը 12 հատ) կապված է «արդյունավետ քննության բացակայություն» և «արդար դատաքննության իրավունքի» հետ:
 
Բացի վերոնշյալ խախտումներից, Թուրքիան և Ադրբեջանը ՄԻԵԴ-ի հետ շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն: 2016 թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիան որոշել է կասեցնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Սակայն Կոնվենցիայի որոշ հատվածներ չեն կարող կասեցվել, ինչպիսիք են կյանքի իրավունքը և խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը:
 
Ադրբեջանը ևս մեկ լուրջ խնդիր ունի ՄԻԵԴ-ի հետ, որը վճռել է, որ հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը պետք է ազատ արձակվի բանտից: 2014 թվականից Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և Խորհրդարանական վեհաժողովը մի շարք որոշումներ են կայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել Մամեդովին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախաձեռնել է դատական գործի աննախադեպ վերանայում՝ ՄԻԵԴ-ի որոշմանը Ադրբեջանի անհամաձայնության պատճառով: Ադրբեջանի կողմից որոշման հետագա չկատարումը կարող է հանգեցնել նրա վտարմանը Եվրոպայի Խորհրդից...
 
Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն