Վաղը կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին (տեսանյութ)


Վաղը կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին (տեսանյութ)

  • 06-04-2018 23:08:40   | Հայաստան  |  Հասարակություն



 
Աշխարհի 28 պետությունների ազգային հավաքականները ներկայացնող ավելի քան 700 առաջատար մարզիկներ արդեն իսկ ժամանել են մայրաքաղաք Երևան, մասնակցելու ապրիլի 7-ին և 8-ին կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը:  
 
Ինչպես առաջնությունից առաջ «Արարատ» հյուրանոցում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նշեց Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, մրցաշարն անցկացվելու է երեխաների, պատանիների և մեծահասակների միջև: 
 
«Եվրոպայի առաջնությունը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Մեզ աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Ազգային օլիմպիական կոմիտեն»,- նշեց նա: 
 
Ա. Հակոբյանի փոխանցմամբ՝ Հայաստանում Կիոկուշին կարատեի եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար արտասահմանից հատուկ մասնագետներ են հրավիրվել, որոնք 360 աստիճան տեսախցիկների օգնությամբ օնլայն հեռարձակում են ապահովելու աշխարհի բոլոր մարզասերների համար: 
 
Նրա խոսքերով՝ «Միկա» մարզահամալիրում տեղադրվելու են հեռուսատցույցներ, որոնցից յուրաքանչյուրը կցուցադրի ամեն մի երկրի մարզիկին մրցելույթին պատրաստվելիս և դրանից հետո, ինչը հնարավորություն կտա հանդիսատեսին ավելի հեշտ ընկալել մրցաշարի ընթացքը: 
 
Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են նաև միջազգային որակավորում ունեցող 50 մրցավարներ, ովքեր ապահովելու են մրցաշարի օբյեկտիվությունը:  
 
Ռուսաստանի դաշնության կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Տանյուշկինի կարծիքով՝ Հայաստանը շատ լավ պատրաստված մարզիկներ ունի, որոնց հետ արժե մրցել նմանատիպ առաջնությունների շրջանակներում: 
 
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է մեր միջազգային կազմակերպությանը: Կարծում եմ՝ առաջնությունը շատ հետաքրքիր կանցնի, քանի որ այստեղ են ժամանել ուժեղ մարզիկներ, որոնց մրցելույթներին հետևելը հաճելի կլինի»,- ընդգծեց նա: 
 
Նշենք, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը, ավելին՝ նույնը հորդորել է Թուրքիային: Ի տարբերություն այս երկրների ազգային հավաքականների՝ Թուրքիայից իր մասնակցությունը հաստատել է մեկ թիմը, որն այսօր ժամանելու է Երևան: 
 
 
 
 
 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play