Աստված աթոռից վեր է կացել հայերին ընդառաջ, համբուրել նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարել. պարսից մոլլայի տեսիլքը
07-04-2018 22:18:10 | Հայաստան | Նշանավոր հայեր
Ո՞ւր ենք ուզում գնալ, երբ մեր անցյալը չգիտենք, երբ մեր սրբերին, հոգևոր հայրերին գրեթե չենք ճանաչում, շատերին ընդհանրապես չենք ճանաչում, չգիտենք նրանց մասին, չենք հարգում նրանց հիշատակը, անծանոթ լինելով նաև նրանց ավանդածին, այդ անգնահատելի ժառանգությունից համապատասխան հետևություններ չենք կատարում: Այդպիսի ճանապարհը մեզ հաստատ տաճար չի տանելու:
«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուի հեղինակ Աշոտ Հունանյանն իր այդ շատ կարևոր ու գնահատելի աշխատությամբ մեզ փոխանցելով հայ ժողովրդի պատմության ընթացքում նրան տեսիլքներով ու մարգարեություններով շարունակ տրված հայտնությունները, փորձել է նաև մեր հասարակությանը ճանաչելի դարձնել իր սրբերին, հոգևոր հայրերին: Այդ հոգևոր մեծերից է նաև միջնադարի հայ համբավաշատ վանականներից ճգնակեցիկ ու հրաշագործ Հովհաննես Գառնեցի վարդապետը, որի մասին եթե հարցնենք մեր հայրենակիցներից պատահական անցորդներին, որքան էլ ցավալի է, նրանցից հազարից մեկն էլ կարող է չիմանալ, մինչդեռ… Ահա թե նրա մասին պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ Վարդան վարդապետի (Վարդան Արևելցու, Վարդան Մեծի) պատմածի վրա հիմնվելով, ինչ է գրել հայ միջնադարյան պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատության (Երևան 1982թ.) 250-253-րդ էջերում.
«Սա մի առաքինի մարդ էր, վարքով` զարմանալի, Աստծու պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող. պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի. անունը Հովհաննես էր, Գառնի քաղաքագյուղից, ուր գտնվում է Տրդատի հրաշալի սարավույթը, Այրիվանքի սուրբ միաբանությունից: Սա մանկության հասակից արհամարհեց կյանքի ամեն ինչքը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում, սիրում էր առանձին լինել եւ անդադար խոսել Աստծու հետ` իրեն տալով տեսակ-տեսակ ճգնությունների, պասերի, գետնատարած ու պառկած աղոթքների եւ անդադար տեղից տեղ շրջելով ու պատահածներին լուսավորելով:
Նրան տրվեց նաեւ բժշկության շնորհք, որովհետեւ ձեռքը դնելով ու աղոթելով բազմաթիվ ախտաժետների բժշկում էր: Նրանից խնդրում էին նաեւ իրենց անձերի պահպանման համար թուղթ` թալիսման, իսկ նա անմիջապես տալիս էր բոլոր խնդրողներին: Եվ այս անում էին ոչ միայն հավատացյալները, այլեւ բազմաթիվ անհավատները: Նա գրում էր Սուրբ Երրորդության անունը եւ աղոթքի խորհրդավոր խոսքեր ու տալիս էր նրանց: Իսկ նրանք հավատով առնում եւ կապում էին իրենց վրա»:
Ինչո՞ւ է Կիրակոս Գանձակեցին իր պատմագրքում Հովհաննես Գառնեցու մասին տեղեկությունները ներկայացրել Վարդան Մեծի պատմածի հիման վրա: Գանձակեցին նկատի ունենալով Հովհաննես Գառնեցուն, ինքն է տվել դրա բացատրությունը. «Սրա մասին շատերը շատ բաներ էին պատմում, բայց շատ ավելի պատմում էր մեր հարազատ ու սքանչելի Վարդան վարդապետը, որի խոսքերը արժանի են վստահության, արժանահավատ են, որովհետեւ նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Որովհետեւ մենք հեռավորության պատճառով նրան չտեսանք, նա իբրեւ մխիթարություն` մեզ նրա կյանքից որոշ բաներ պատմեց մասնավոր կերպով…»:
Շարունակելով ներկայացնել Վարդան Մեծի պատմածը, Կիրակոս Գանձակեցին գրել է.
«Սրա նման մի ուրիշ բան էլ պատմեց այն սուրբ մարդ Հովհաննեսը: «Ես, ասում է, Հորդանան գետի կողմերն էի. աղոթում էի Տիրոջ եւ սուրբ Հովհաննես Կարապետի մկրտության տեղում: Ինձ մոտ կրոնով մահմեդական երեք մարդիկ եկան եւ խնդրեցին, որ իրենց մկրտեմ: Ես հապաղում, թողնում էի ուրիշ օրվա եւ կամ մտածում էի` թող ուրիշներից մկրտություն ստանան, որովհետեւ տեսնում էի, որ նրանք վայրենաբարո մարդիկ են եւ կարծում էի ձեւանում են»:
Նրանցից տարեցը ինձ պատմեց եւ ասաց. «Մենք պարսից քաղաք Զանգիանից ենք, կրոնով մուղրի ենք: Շինեցինք մեծ ու գեղեցիկ մի աշտարակ եւ պատրաստեցինք բացման տոնահանդեսի համար ինչ անհրաժեշտ է: Ես ըստ արաբական կրոնի բարձրացա գմբեթի ծայրը անարժան ազանը տալու: Եվ ահա տեսա արեւելքի կողմից երկինքը պատռված եւ վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որոնք նրան օրհնում էին անպատմելի ձայնով: Նրան երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը` յուրաքանչյուրը իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երեւելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի առավել էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան, Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով եւ մյուս ազգերից ավելի մեծարեց:
Եվ մինչդեռ ես հիացած կանգնած էի զարմացումով ու ապշանքով, վերեւ, ինձ մոտ եկավ իմ այս ավագ որդին եւ ասաց. «Ինչո՞ւ ուշացար, ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Սա նույնպես նայեց արեւելք ու նույն տեսիլքը տեսավ եւ հիմարացած կանգնեց: Ապա երբ չափազանց ուշացանք, ամբոխը մեր ուշանալու վրա նեղսրտեց: Բարձրացավ եկավ իմ այս կրտսեր որդին եւ մեզ մեղադրում էր մեր ուշանալու համար: Բայց որովհետեւ սրա գալու ժամանակ տեսիլքը չքացել էր, սրան պատմեցինք ուշանալու պատճառը եւ տեսիլքի հանգամանքները: Եվ իսկույն կամեցանք այն բարձունքից Քրիստոսին ճշմարիտ Աստված, իսկ մեզ քրիստոնյաներ հայտարարել: Սա մեզ արգելեց եւ ասաց. «Եթե այդպես է, խելքով գործ բռնենք. եթե հիմա մենք Քրիստոսին քարոզենք, իսկույն տաճկաց այս ամբոխը մեզ կսպանի, եւ պատրվակ կբռնեն, թե ինչ-որ հանցանքի համար սպանեցինք, իսկ մեր մասին ո՞վ է իմանում: Այլ գնանք, մեր պատրաստած ճաշերը տանք նրանց, իսկ մենք գնանք Երուսաղեմ սուրբ քաղաքը եւ այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ ավազանի մկրտության միջոցով, մանավանդ այն քրիստոնյաների ձեռքով, որոնց մասին դուք ասում եք, թե նրանց մեծ ցնծությամբ ընդունեց Թագավորը, եւ ձեզ տեսիլքում նշան արվեց, թե այն հայոց ազգն էր, որ վիճակ ընկավ Թադեոսին, Բարդուղիմեոսին եւ սուրբ Գրիգորին»:
Մենք անսալով սրա խոսքերին, իջանք նրանց մոտ` ոչ մեկին ոչինչ չպատմելով: Թողեցինք մեր ամբողջ շարժական ու անշարժ գույքերը, եկանք Երուսաղեմ եւ Աստծուն աղաչեցինք, որպեսզի մենք հանդիպենք այն ազգին, որ տեսիլքում փառավոր էր: Եվ Աստված քե՛զ ցույց տվեց մեզ, եւ նույն նշանը տեսանք քեզ վրա: Այժմ աղաչում ենք քեզ, տուր մեզ Քրիստոսի մկրտությունը եւ մեզ դարձրու քո Աստծուն կատարյալ ծառաներ»:
Ես տեսա նրանց հոժարությունը, եւ թե մանավանդ Տիրոջից է իմ կոչումը, նրանց մկրտեցի Հորդանան սուրբ գետում հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, եւ նրանց հաղորդեցի Աստվածորդու պատվական Մարմնով ու Արյունով: Մեզ ողջունեցին, քաղաքից դուրս եկան գնալու մեծ Հռոմ տեսնելու սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի գերեզմանները ի փառս Քրիստոսի»:
Հայերիս` առանձնաշնորհյալ և առանձնահատուկ ազգ լինելու մասին այս վկայությանը հաջորդում է մյուսը, որը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:
Իր ժողովածուի վերջում Աշոտ Հունանյանը ծանոթագրում է, որ Հովհաննես Գառնեցին` ճգնակեցիկ ու հրաշագործ, Գեղարդի վանքից է եղել, 1222 թվականից ճգնել է Թաթլո վանքում: Մկրտել է շատ մահմեդականների, որոնցից նշանավոր է պարսից Զենջան (Զանգիան) քաղաքի մոլլան` իր որդիներով:
«Հայաստանը քրիստոնյա դարձավ տեսիլքով, հայոց ճարտարապետությունն իր ուրույն ոճն ու առանձնահատկությունը ստացավ տեսիլքով, մեր գիր-գրականությունը ունեցանք տեսիլքով, մեր բոլոր դարերի նահատակներից շատերը սրբացան տեսիլքներով»,- գրել է Աշոտ Հունանյանն իր գրքում:
«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուում հեղինակն ի մի է բերել հայերի և Հայաստանի մասին այն բոլոր տեսիլքներն ու մարգարեությունները, որոնք կարողացել է հայթայթել տարբեր աղբյուրներից: Նկատի ունենալով սա, հեղինակը տվել է նաև տեսիլքի բացատրությունը:
Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում: