Ո՞ւր է սելիտրայի համար գյուղացիներից հավաքած գումարը. Պատասխանն ակնկալվում է ստանալ Վահե Հակոբյան մարզպետից


Ո՞ւր է սելիտրայի համար գյուղացիներից հավաքած գումարը. Պատասխանն ակնկալվում է ստանալ Վահե Հակոբյան մարզպետից

  • 09-04-2018 16:52:38   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների բուռն օրեր են: 
 
Դաշտավարության ոլորտում իրականացվող առավել կարեւոր միջոցառումներից է ազոտական պարարտանյութով աշնանացան մշակաբույսերի սնուցումը:
 
Եվ այդ նպատակով Սյունիքում տարեկան օգտագործվում է մոտ երկու հազար տոննա ազոտական պարարտանյութ:
 
Ճշմարտությունը պահանջում է ասել, որ հողագործության համար կարեւոր այդ հարցը վերջին տասը տարում մարզում լուծվել է պետական մակարդակով, ավելի ստույգ՝ մարզպետարանի, գյուղնախարարության ակտիվ դերակատարությամբ, նաեւ շուկայականից ցածր գների ապահովմամբ:
 
Ընթացիկ տարում, սակայն, ազոտական պարարտանյութի ներկրման եւ գյուղական տնտեսություններին տրամադրելու հարցում ամեն ինչ չէ, որ կազմակերպվում է ըստ պատշաճի:
 
Նախ՝ ամիսներ առաջ մարզպետարանի նախաձեռնությամբ դրամահավաք կատարվեց՝ 34 տոկոս պարունակությամբ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար. խոսքն ավելի քան 100 մլն դրամի մասին է: Սկզբում մեկ պարկի գինը (մեկ պարկը 50 կգ է) հայտարարվեց վեց հազար դրամ, հետո երկու անգամ պահանջվեց լրացուցիչ գումար:
 
Գնի փոփոխությունը՝ մի կողմ, որովհետեւ նման դեպքերում սովորաբար պատճառ է բերվում պարսիկների կամ վրացիների քմահաճ վերաբերմունքը կամ բեռնափոխադրման սխեմայի փոփոխությունը (ավանդաբար պարարտանյութը ներկրվել է Պարսկաստանից կամ Վրաստանից):
 
Բայց… Անցել է երկու-երեք ամիս, իսկ պարարտանյութը չկա ու չկա:
 
Նման իրավիճակների համար նույնպես կա մշակված պատճառաբանություն՝ իբր պարսիկները կամ վրացիները քմահաճ են պայմանավորվածությունների հարցում եւս (այլ բան է, թե որքանո՞վ է այս դիտարկումը հիմնավոր ու հավաստի):
 
Տեսնելով, որ պարարտանյութը չկա, գյուղացին ուզում է հետ վերցնել տված գումարը, բայց չի կարողանում: Եվ այդպես՝ մեկ ամիս շարունակ…
 
Լավ, պարարտանյութը չկա, բա ո՞ւր է գյուղացիներից հավաքած փողը: 
 
Ամեն ինչ, սակայն, դրանով չի ավարտվում. մարզպետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հավաքած գումարով մոտ 1400 տոննա պարարտանյութ է ներկրվել Սյունիք, սակայն դրանից հազար տոննան մարզպետը հատկացրել է մեկ այլ տարածքի (մարզից դուրս)՝ իր հովանավորներից մեկի խաթրն առնելու, լավ տղա խաղալու համար:
 
Շարունակությունն ավելի արտառոց է. հիմա էլ ազդող նյութի ավելի մեծ պարունակությամբ (46 տոկոս) ազոտական պարարտանյութ (կարբամիտ) է ներկրվում մարզ՝ ավելի բարձր գնով: Սակայն ամիսներ առաջ տված գումարով, պարզվում է, գյուղացին չի կարող օգտվել այդ պարարտանյութից: Դրանից օգտվելու համար, դեռ նախկին գումարը չստացած, նոր գումար պետք է հայթայթի:
 
Ստեղծված իրավիճակում բազմաթիվ ողջամիտ հարցեր են ծագում:
 
Մարզի հարավային գոտում արդեն իսկ անցնում է սնուցման ժամկետը (մի քանի օր հետո հնարավոր չի լինելու այդ նպատակով դաշտ մտնել), ո՞վ է պատասխան տալու բերքի հնարավոր կորստի համար:
 
Իսկապե՞ս մարզ է ներկրվել 1400 տոննա ազոտական պարարտանյութ:
 
Իսկապե՞ս դրանից հազար տոննան տեղափոխվել է մարզից դուրս:
 
Ո՞վ է պարարտանյութ ներկրող կազմակերպությունը. երկու անուն է շրջանառվում՝ Քաջարանի համայնքապետին պատկանող ինչ-որ ՍՊԸ եւ Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամ. ո՞ր մեկն է դրանցից սելիտրա ներկրողը:
 
Արդյո՞ք մրցույթով են որոշվել ներկրողները (եթե մրցույթով է եղել, ապա ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ մրցույթի նյութերին):
 
Որտե՞ղ է գյուղացիներից հավաքած գումարը, արդյո՞ք դա այլ նպատակով շրջանառության մեջ է դրվել (ինչպես շատերն են մեզ հավատացնում), թե՞ հենց դրանով է ձեռք բերվել նշված 1400 տոննա պարարտանյութը:
 
Ե՞րբ եւ ո՞ւմից գյուղացիները կարող են ստանալ իրենց գումարը:
 
Ո՞վ պետք է պատասխան տա գյուղացիներին խաբելու, մարդկանց նորանոր խնդիրների մեջ ներքաշելու համար:
 
Սիսիանի տարածաշրջանի գյուղացիների բարձրացրած այդ հարցերի պատասխանն ակնկալում ենք ստանալ բացառապես Վահե Հակոբյան մարզպետից:
 
Պարարտանյութի շուրջ ծավալված ամոթալի այս խաղը, ցավոք, Սյունիքի հոշոտվող մարմնի վրա առաջացած վերքերն ավելի է խորացնում: 
 
Երիցս վերահաստատվում է դեռեւս ամիսներ առաջ մեզանում ձեւավորված կարծիքն առ այն, որ ցանկացած գործ, որին շատ թե քիչ առնչություն է ունենում Վահե Հակոբյանը՝ անպայման ստի եւ խաբեության տարրեր է պարունակում, ինչը պետք է անընդհատ հիշել եւ նկատի ունենալ:
 
Բայց այդ ամենը հազարապատիկ անգամ ավելի անբարո է դառնում, երբ խաղի մեջ ենք ներքաշում բյուրավոր հոգսերի տակ կքած գյուղացուն:
 
Ինչո՞վ  է մեղավոր սյունեցին, որ իր մարզպետն ամեն ինչ կորցրել է, բացի ախորժակից, բացի հարստանալու մոլուցքից եւ անվերջ խարդավանքներ հյուսելու մոլագարությունից:
 
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն