Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը պատմության մեջ կմնան «Դեպի ակունքը լույսի» վերտառությամբ գրքի տեսքով. Ֆոտոշարք
12-04-2018 17:29:04 | Հայաստան | Գրական էջ
«Դեպի ակունքը լույսի» վերտառությամբ նոր լույս տեսած գրքում ամփոփված են Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը: Ժողովածուն հրատարակվել է Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ:
Ինչպես Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը կայացել է նախորդ տարի Ծաղկաձորում:
Ըստ նրա՝ նշյալ համաժողովի շրջանակներում միայն գրական հարցեր չեն քննարկվել, այլ մասնակից գրողները՝ շուրջ 45 հոգի, շոշափել են Սփյուռք-Հայաստան, հասարակական-քաղաքական, կրթական-մշակութային և այլ թեմաներ:
«Սփյուռքից ժամանած մեր գրողներն իրենց կյանքով ապացուցում են, որ հայ գրողը միայն գրող չէ. Նա մանկավարժ է, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչ է, վերջապես մարդ է, որին նայելով՝ սփյուռքահայը պետք է հիշի իր մեծ գրական արժանավորներին»,- ընդգծեց Է. Միլիտոնյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ համաժողովի անցկացման օրերին սփյուռքահայ գրողների հանդիպումներ են կազմակերպվել գրական մամուլի խմբագիրների հետ, որից հետո նրանք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Սփյուռքի նախարարությունում:
ՀԳՄ նախագահի խոսքերով՝ վերոնշյալ հանդիպումների շրջանակներում ուրվագծել են նաև հետագա համագործակցության տարբերակները, մասնավորապես, գրողների առաջարկությամբ այս տարի հուլիսին սփյուռքահայ երիտասարդները կայցելեն Հայաստան հերթական համաժողովի աշխատանքներին պատրաստվելու և մասնակցելու համար:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գնահատմամբ՝ Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովները խրախուսիչ բնույթ են կրում, նաև ամրապնդում են ինչպես գրական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերը:
Նրա վստահեցմամբ՝ Ռուսաստանի հայերի միությունը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել համաժողովների անցկացման հարցում:
«Կարծում եմ, սփյուռքահայ մեր գրողները կարևոր դեր են կատարում հայապահպանության հարցում, և այս միջոցառումը վաղուց դարձել է ժողովրդի սիրելի միջոցառումներից մեկը, որը պետք է տարածել»,- նկատեց Վ. Աղայանը: