Արևանա՜լ, երկինքոտվե՜լ. ա՛յն, ինչ այնքան պակասում է մեզ (տեսանյութ)
06-05-2018 19:59:16 | Հայաստան | Գրական էջ
Ի՞նչ է սա` հեղինակի` բանաստեղծուհի Ժուլէթ Պետրոսյանի արևանալու և երկինքոտվելու ցանկությունը կամ ձգտո՞ւմը, որը նա արտահայտել է վերջերս հայրենիքում լույս ընծայած իր արձակ բանաստեղծությունների, աֆորիզմների «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» անդրանիկ ժողովածուում: Իր արևացած, երկինքոտված վիճակի արձանագրո՞ւմն է բանաստեղծությունների մի ամբողջ բույլով… Թե՞ ինքը երկրում լինելով, բայց իր հոգում ունենալով արևի և երկնքի համբույրը, այդ վերերկրյա արքայության համն առած, ցանկանում է, որ արևանան և երկինքոտվեն բոլոր նրանք, ովքեր կարդում են իր բանաստեղծությունները, աֆորիզմները, և այդպիսով բարձրանան վե՜ր, վե՜ր…
Այս հարցերի պատասխանը թող յուրաքանչյուր հետաքրքրված ընթերցող ինքնուրույն գտնի` կարդալով Ժուլէթ Պետրոսյանի հիշյալ ստեղծագործությունների ժողովածուն, բայց երևի քչերը վիճեն, որ արևանալու և երկինքոտվելու կարողությունը բոլորին չի տրված, ավելի ճիշտ, քչերին է տրված այդ շնորհը, ինչպես բանաստեղծ լինելու շնորհն է տրված քչերին, սոսկ ընտրյալներին:
Այսօր շատերն են գրում չափածո թե արձակ: Շա՜տ են շատացել նրանք, ովքեր հանրությանը ներկայանում են իբրև բանաստեղծ, գրող, հեշտ են տպագրում իրենց ստեղծագործությունները (խորհրդային տարիների պես դժվար բան չէ դա), ինքնագոհանում դրանով, բայց նրանց գրեթե բոլորի ստեղծագործությունները եթե կարդացվում էլ են, մոռացվում են շատ արագ, և ոչ միայն ինքնատիպ չլինելու հետևանքով, այլև այն պատճառով, որ չեն դառնում սեփականը, սեփական հոգու չասված խոսքը, տխրության հեծեծանքը և ուրախության ճիչը, կարոտի օվկիանը և երկինքը սիրո ու հույսի: Դրանք հոգում հույզ կամ 9-րդ ալիք չեն առաջացնում, չեն դրդում տխրել, ուրախանալ, զգալ աննյութական արժեքի պարգևած հաճույքը, խորհել, մտորել, փիլիսոփայել, փորձել հեղինակի հետ, նրա երևակայության թռիչքով հասնել երկնքին, աստղերին… Այլ են Ժուլէթի բանաստեղծությունները, թե ինչպիսի՞ն, թող յուրաքանչյուր ընթերցող ինքն իր հետևությունները կատարի և գնահատի` գործ ունի սոսկ շնորհալի՞, թե նաև տաղանդավոր ստեղծագործողի հետ: Եվ ժամանակը կլինի դատավոր…
Ով է Ժուլէթ Պետրոսյանը
Հակիրճ` հեղինակի մասին: «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» ժողովածուից տեղեկանում ենք, որ Ժուլէթ Պետրոսյանը ծնվել է 1969թ․,Էջմիածնում։ 1986 թ․ Էջմիածնում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Իր առաջին գրական նախափորձերը՝ բանաստեղծություններ, կատարել է դպրոցական վաղ տարիներից։ Երիտասարդ տարիներին մասնակցել է թատերական խմբակների։ 1992թ․ Հայաստանում ստեղծված ծանր պայմանների հետևանքով դադարել է ստեղծագործել։
2003թ․ կյանքի բերումով մեկնել է Հունաստան, այնուհետև տեղափոխվել Ստամբուլ։ Երկար լռությունից հետո կարոտի կանչը ստիպել է Ժուլէթին նորից ձեռքը վերցնել գրիչը։ Ներշնչված լինելով պոլսահայ գրականությամբ և լինելով Հ.Պարոնյանի, Դ․Վարուժանի և Մ․Մեծարենցի մեծ երկրպագուն, երազում է դառնալ նրանց հետևորդը։
2004 թվականից, ժամանակ առ ժամանակ, Ժուլէթ Պետրոսյանի որոշ արձակ ստեղծագործություններ, գրական վերլուծություններ և հրապարակախոսություններ տպագրվել են Ստամբուլի հայկական մամուլում։
«Նոյյան տապան» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն՝ «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» վերտառությամբ (Երևան, 2018թ.)։ Սա առաջին փորձն է մեկտեղելու Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունները՝ արձակ բանաստեղծություններ, աֆորիզմներ, գրական վերլուծություններ:
«Օրը շշնջա, որ քսանչորսը միֆ է, մենք հավերժությունն ենք, որ կանք։ Երազներս իրենց որբ չզգան…»
«Դիպուկ բնորոշումներ եւ համեմատություններ, փիլիսոփայական եզրահանգումներ, սուր աֆորիզմներ. այսպիսին է Ժուլէթ Պետրոսյանի գրական ձեռագիրը, որի ստեղծած պատկերները եւ հույզերը մղում են ընթերցողներին խորասուզվել իրենց իսկ հոգու խորքերը, փնտրելու և գտնելու հուզող հարցերի պատասխանները»,- գրված է ժողովածուի նախաբանում:
«Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» ժողովածուի խմբագիրը` «Նոյյան Տապան» հրատարակչության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը, որպես բնաբան ընտրելով Ժուլէթ Պետրոսյանի տողերից մեկը` «Թե իմանայիք` ինչ ճամփաներով եմ անցել մինչ հասնեմ ձեզ», հրատարակչի կողմից գրել է.
«Զարմանալի զգացողություն է առաջանում Ժուլէթ Պետրոսյանի գողտրիկ այս ժողովածուն ընթերցելուց․ առաջին հայացքից թվում է, որ այստեղ ամփոփված են հեղինակի առանձին մտքերը, հույզերը, մինչդեռ էջ առ էջ սկսում ես գիտակցել, որ սա մեկ ամբողջություն է՝ մեկ Մատյան, եւ ինչպես մարդու կյանքն է կազմված իր ապրած օրերի փազլից, այնպես էլ այստեղ՝ փազլի պես, հավաքված են արարված այս աշխարհի կանոնները, ապրելու արվեստի բացահայտումները, մարդուն մտատանջող հարցականները։
«Աստծո հետ ժամադրավայր է բանաստեղծությունը»,- ասում է հեղինակը եւ տանում ընթերցողին իր հետեւից՝ կանգնելու Աստծո առջեւ՝ աղոթելու, զրուցելու, հարցնելու եւ պատասխաններին սպասելու։
Դիպուկ բնորոշումներ, խորքային համեմատություններ, փիլիսոփայական եզրահանգումներ՝ յուրաքանչյուր տողում, սույն Մատյանի յուրաքանչյուր բանաստեղծություն-փազլում, որն իր արձագանքն է գտնում ընթերցողի հոգում, առաջացնելով համաձայնելու, վիճելու, իրենն առաջարկելու մղումը։ Եվ հենց այստեղ, այս էջերում է կայանում ընթերցողի եւ հեղինակի հոգիների հանդիպումը՝ չէ՞ որ հենց ինքն է ասում՝ «բանաստեղծությունը հոգու հասցեն է»։
Գրականության մեջ հայտնի աֆորիզմների ժանրին Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործական գրիչը նոր երանգ է հաղորդում, նոր հանդերձանք տալիս. լակոնիկ, մեկտող սուր աֆորիզմների հետ մեկտեղ իր յուրաքանչյուր միտք-պատկեր արձակ բանաստեղծության առանցքում հեղինակը նոր աֆորիզմ է հյուսում, որը ծաղկի թերթիկների պես՝ ոչ հանկարծ, բացվում է. «Վաղուց մոխիր եմ։ Ծխով չես վախեցնի ինձ», «Անխուսափելի է ճյուղերի սուսերամարտը, թե սաղարթը քամու հետ սիրաբանե», «Անսեր մարդուց մահն էլ կխուսափի։ Իսկ փոքրոգիները կկարծեն՝ չարը հարատև է». սրանք հատվածներ են Ժուլէթ Պետրոսյանի բանաստեղծություններից, եւ սրանցից յուրաքանչյուրը մի նոր աֆորիզմ է։
Ահա այսպիսին է Ժուլէթ Պետրոսյանի խոսքը, որը ծնվում է իր եւ ճերմակ թղթի մտերմությունից՝ Աստծո հետ ժամադրավայրում, եւ Մարդու հանդեպ, ով նրա բնորոշմամբ՝ «Տիեզերք է քայլող», խորը եւ նուրբ հարգանքից․ «Հաղթանակս ուրիշի պարտության հաշվին չլինի՜»։ Եվ կարծես ինքն իրեն է ասում. «Բնությունն ու մարդը Աստծո երազանքի պտուղներն են։ Մնացյալն ավելորդություն է… »»:
«Հայրենիք եմ ուզում մոլորակի պես կլոր ու բարի, ուր էլ գնամ՝ ոտքերս նորից հոն բերեն… Շոյենք նայողի հայացքը ու խաբվածների արցունքներից ծով արարենք։ Օրը շշնջա, որ քսանչորսը միֆ է, մենք հավերժությունն ենք, որ կանք։ Երազներս իրենց որբ չզգան․․․ Ապագայի հողը վարեմ, ամպերը սրբեն քրտնքիս կաթիլները․․․ Որքան էլ վեր սավառնենք, արմատները մեզանից հաշիվ են պահանջելու։ Պարտավոր ես հողին դրոշմելու անկշիռ ներկայությունդ։ Տիեզերքի ընթացքը անսխալ է, թեկուզ հեռվից սենտիմենտալ է երեւում… Հայրենիքս աշխարհի չափ անսահման լինի ու տեղափորվի ափերիս մեջ։ Նախապապս պորտալարս կապի արեւի շողով»,- գրել է Ժուլէթ Պետրոսյանը:
«Նոյյան Տապան»-ն այսուհետ շարունակաբար կհրապարակի Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունները` նպատակ ունենալով դրանք հանրայնացնել, դարձնել գրականասեր ողջ հանրության սեփականությունը` ընթերցողներին հնարավորություն տալով հաղորդվելու Ժուլէթ Պետրոսյանի արվեստի հետ:
Տեղեկացնենք նաև, որ Երևանում, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում վերջերս կայացավ Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների «Արևանա՜լ, երկինքոտվե՜լ» ժողովածուի և վեբ կայքի (jpetrosyan.com) շնորհանդեսը: