Փառահեղ համերգ Վիեննայի Մյուզիքվերեյնում. ամփոփվեց Սերգեյ Սմբատյանի եվրոպական համերգային շրջագայությունը


Փառահեղ համերգ Վիեննայի Մյուզիքվերեյնում. ամփոփվեց Սերգեյ Սմբատյանի եվրոպական համերգային շրջագայությունը

  • 02-06-2018 16:47:25   | Ավստրիա  |  Մշակույթ

Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։ 
Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում՝ Մյուզիքվերեյնում, բարձրաճաշակ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց երաժիշտների ելույթը՝ վայելելով նաեւ նրանց մատուցած բազմաթիվ բիսերը։ Մալթայի ֆիլհարմոնիկի հետ հանդես եկան դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Ներկայացվեցին Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի, ինչպես նաեւ Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ 
 
«Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, երաժշտության ինքնատիպ ընկալմամբ։ Ես առավել քան երջանիկ եմ ղեկավարել եվրոպական համերգային այս շրջագայությունը, որը մեկնարկեց Վալետայից, շարունակվեց Գերմանիայի տարբեր բեմերում եւ եզրափակվեց Ավստրիայում։ Մենք ներկայացրինք հատուկ ծրագիր, որը շատ կարեւոր էր ինձ համար։ Կատարեցինք մալթյան երաժշտություն, որը ժամանակակից կոմպոզիտորների տեսլականի մեկնաբանությունն է, եւ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Մեծ հաճույք էր նաեւ նվագել մենակատարների հետ, լինել նրանց ու նվագախմբի հետ նույն բեմի վրա։ Այս համերգաշրջանի ընթացքում մենք ելույթ ունեցանք երաժիշտների համար ամենակարեւոր դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարոմնիայում, Վիեննայի Մյուզիքվերեյնում եւ այլն, ինչը մեծ հաջողություն է։ Եվ այս համերգասրահների հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակցվել Մալթայի ֆիլհարմոնիկի ֆանտաստիկ հնչողությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։
Մալթայի ֆիհարմոնիկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի համերգային շրջագայությունը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ 
Մյուզիքվերեյնի համերգն ուղիղ եթերում հեռարձակել է Medici.tv-ն՝ դասական երաժշտության լավագույն հարթակներից մեկը։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ