Մեծավանի համայնքապետը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելով յուրացումներ կատարելու մեջ


Մեծավանի համայնքապետը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելով յուրացումներ կատարելու մեջ

  • 03-06-2018 08:53:12   | Հայաստան  |  
Մայիսի 31-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզել են, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013թ. հունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձևակերպել Երևանի մի բնակչուհու, 2017թ. հունվարից, որպես դռնապահ, Մեծավան գյուղից մի տղամարդու, իսկ 2014թ. դեկտեմբերից համայնքապետարանում իբրև հնոցապահ, դարձյալ Մեծավանից մի կնոջ, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձի գումարները, ընդհանուր` մոտ 6.712.000 դրամ, յուրացվել է: Բացի այդ, Վարդանյանը, նույն եղանակով, սոցիալական օգնության ցուցակներում, որպես անապահով ընտանիքների անդամներ է ձևակերպել Մեծավան գյուղից ութ բնակչի, սակայն նրանք իրականում չեն ստացել օգնության ընդհանուր՝ 280.000 դրամը, որը նույնպես յուրացվել է: Նյութերի նապատրաստման ընթացքում պարզվել է, նաև, որ  Վարդանյանը 2017 թվականի հուլիսից սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ցուցակում Մեծավան գյուղից բնակչիների է ընդգրկել ու յուրացրել նրանց հատկացվելիք գումարները: 
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին, տվել բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:
 
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: